News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ընտանեկան բռնության դեմ ուղղված օրենքի առկայությունը կարեւոր է, սակայն այն չի լուծի առկա խնդիրները, քանի դեռ հասարակության մենթալիտետում փոփոխություններ չեն եղել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, «Ընտանեկան բռնության կանխարգելման օրինագիծն ԱԺ-ում հնարավո՞ր են արդյոք նոր փոփոխություններ» թեմայով քննարկման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ «Ելք» դաշինքի խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը։

Նրա խոսքով, օրենքի ընձեռած հնարավորությունից կօգտվեն միայն այն կանայք, որոնք տարիներ շարունակ ենթարկվել են բռնության եւ վերջապես մի օր հույսը կորցնելով կթակեն օգնության դուռը, բայց շատ-շատերը երկար ժամանակ կշարունակեն լուռ համակերպվել եւ դիմանալ։

«Շատ բան պետք է փոխվի մշակութային մակարդակում, որ հնարավոր լինի այս տեսակ խնդիրներն արմատախիլ անել»,- նշեց պատգամավորը։

Իր հերթին իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը նշեց, որ ցավոք, օրենքի քննարկումների ժամանակ ավելի շատ խոսվում էր ավանդական ընտանիքը պաշտպանելու մասին, քան ընտանեկան բռնությունների դեմ պայքարի անհրաժեշտության: Նրա խոսքով, օրենքի ընդունմանը դեմ խոսողները մշտապես ասում են, որ գոյություն ունեն օրենքներ, քրեական օրենսգրքում դրույթներ կան, որոնք կարող են ինչ-որ կերպ օգնել բռնության ենթարկված անձանց կամ պատժել բռնություն գործադրողին. «Բայց ի վերջո մենք չենք ուզում որ հասնի այդ հանցագործությանը, այլ ուզում ենք կանխարգելել ընտանիքում ծեծը, սպանությունը: Օրենքի ուժով հնարավորության դեպքում պետք է ստեղծել իրավիճակ, որպեսզի չհասնի նմանատիպ բռնության»:

Զարուհի Հովհաննիսյանն ընդգծեց, որ դրական է, որ օրենքի նախագծով ոստիկանությանը տրամադրվում են պաշտպանական մեխանիզմները, որ մինչ այս չկար. «Նմանատիպ օրենքի ընդունումը նախատեսում է վերապատրաստում, որպեսզի մարդիկ հասկանան՝ ինչ է նշանակում ընտանեկան բռնություն, ինչպես վարվել նմանատիպ դեպքերի հետ եւ ինչպես կանխարգելել, որպեսզի չհասնի քրեական հանցագործության»:

Իր հերթին, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը նշեց, որ իրենց խմբակցությունում բուռն քննարկումներ են եղել օրինագծի քննարկման ժամանակ, քանի որ որոշ պատգամավորներ կտրականապես դեմ էին օրինագծին։

«Սա ոչ միայն պարտավորություն է  մեր միջազգային  գործընկերների հանդեպ, այլեւ այն, որ առհասարակ բռնությունը, ագրեսիան ավելանում է ամբողջ աշխարհում ու նաեւ մեր երկրում, եւ ես կողմ եմ, որ իրականում գործի օրենքը, ինչը, կարծում եմ՝ կարող է արդյունավետ լինել»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը:

Տպել
Ամենաշատ