News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ավստրալացի եւ Նիդեռլանդացի գիտնականները Ավստրալիայի արեւմտյան ափերից ոչ հեռու՝ Բիկոն կղզու մոտ, գտել են 5 հոգու եղբայրական գերեզման։ Աճյունները պատկանում են 400 տարի առաջ կղզու ափերի մոտ խորտակված նավի ուղեւորներին։ Այս մասին հաղորդում է Gazeta-ն։

1629 թվականին «Բատավիա» նավը, կորցնելով կառավարումը, խորտակվել էր Բիկոն կղզու մոտ՝ Ավսրալիայի արեւմտյան ափից 60 կմ հեռավորության վրա։ Նավի ուղեւորների մեծ մասը մնացել էր  կղզու վրա։ Սակայն արշավախմբի անդամներից առեւտրական Էրոնիմուս Կոռնելիսզոնը որոշել է կղզում հաստատել իր կանոնները։

Կոռնելիսզոնի հրամանով նրա կամակատարները սպանել են ոչ պակաս 110 տղամարդու, կանանց եւ երեխաների: Ողջ մնացած զինվորներին նա հարեւան կղզի է ուղարկել խմելու ջուր որոնելու՝ այն հաշվարկով, որ նրանք չեն կարողանա վերադառնալ եւ կզոհվեն: Սակայն զինվորները ջուր ու սնունդ են գտել, կարողացել են զենք պատրաստել եւ ամրություններ կառուցել:

Երբ կղզում, որտեղ մնացել էր Կոռնելիսզոնը, պաշարները սպառվել են, խռովարարները որոշել են զինվորների վրա հարձակվել եւ նրանց պաշարներին տիրանալ: Սակայն զինվորները ռազմական լավ պատրաստվածություն ունեին եւ վերջին շրջանում լավ էին սնվել, այնպես որ՝ կարողացել են դիմակայել թուլացած խռովարարներին: Կղզին պաշարելու ժամանակ նավ է մոտեցել, որը պետք է տեղափոխեր ողջ մնացածներին: Զինվորներին հաջողվել է առաջինը նավ հասնել եւ տեղի ունեցածի մասին պատմել: Անձնակազմի օգնությամբ նրանք հաղթել են Կոռնելիսզոնի մարդկանց: Նավի խորտակման վայրը հայտնաբերվել է միայն 1963 թվականին, մերձակա տարածքները մինչ օրս հետազոտվում են

«Գտածոն ավելի շուտ մանրակրկիտ եւ հարգանքով իրականացված հուղարկավորություն է, քան զոհերի մարմիններից հապշտապ ազատվելու փորձ,- նշել է հետազոտական խմբի ղեկավար Ալիստեր Պատերսոնը: - Հնարավոր է՝ այս մարդիկ զոհվել են նավի խորտակումից հետո, բայց մինչեւ զանգվածային սպանությունների սկիզբը»:

Իզոտոպային անլիզը նաեւ ցույց է տվել, որ նրանք բոլորը ծագումով Հոլանդիայից էին, սակայն ակներեւորեն այստեղ են եկել Իստինդյան ընկերության նավերում հայտնվելու համար: Աճյունների հետագա հետազոտությունը թույլ կտա ավելի շատ բան իմանալ կղզում տեղի ունեցածի մասին: Գիտնականները ծրագրել են ավելի մանրակրկիտ տեղեկություններ հրապարակել հաջորդ տարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ