Ֆիզիկական անձինք երրորդ երկրներից մեքենա ներկրելիս արգելքի չեն հանդիպի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը:

«Հայաստանում 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման սկզբունքը սահմանափակումներ չի նախատեսի քաղաքացիների կողմից ապրանքների ներմուծման ժամանակ: Հիմա մամուլում կարծես թե ապատեղեկատվություն է շրջանառվում` կապված երրորդ երկրներից ապրանքների ներմուծման, մասնավորապես, զուգահեռ ներմուծման մասով: Դրանցում ասվում է, որ 2018 թվականից մասնավորապես ֆիզիկական անձինք չեն կարողանա մեքենա ներմուծել երրորդ երկրներից: Ես ուզում եմ նշել, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում օրենսդրության դրույթներին, որը չի վերաբերում ընդհանրապես ֆիզիկական անձանց կողմից կատարվող ներմուծումներին: Բնականաբար, եթե քաղաքացին 2018թ. հունվարի 1-ից Ճապոնիայից որեւէ մակնիշի մեքենա է ներմուծում, ապա նա կարող է ազատ ներմուծել, ինչպես ներկայում»,- ասաց Վախթանգ Միրումյանը:

Նրա խոսքով, 2015-ի հունվարի 1-ին ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ի թիվս այլ բացառությունների Հայաստանը զուգահեռ ներմուծման արգելքի մասով ստացել է երեք տարի անցումային ժամանակահատված, այսինքն հունվարի 1-ից այդ սահմանափակումը վերաբերելու է բիզնես նպատակներով կատարվող ներմուծումներին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հայկական ժամանակ» թերթը գրել է. «2018 թվականի հունվարի 1-ից Հայաստանի համար ուժի մեջ կմտնի ԵՏՄ-ի պայմանագրի «Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության և պաշտպանության մասին» արձանագրության 5-րդ բաժնի 16-րդ կետը, համաձայն որի՝ անդամ պետությունների տարածքներում կիրառվում է ապրանքային նշանի նկատմամբբացառիկ իրավունքի սպառման սկզբունքը:

Սա ենթադրում է, որ առանց ապրանքանշանի տիրոջ համաձայնության, 3-րդ երկրից Հայաստան ցանկացած ապրանքի ներկրումը կարգելվի: Այսինքն, եթե քաղաքացին Ճապոնիայի ավտոշուկայից «Միցուբիշի» տեսակի ավտոմեքենա է գնել եւ տեղափոխում է Հայաստան, որպեսզի վաճառի, ապա սահմանային անցակետում ներմուծումը կարգելվի»: