News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եթե պրակտիկայում օրենքը մեկնաբանվի այն կերպ, որ այն փորձ է ներխուժել ընտանիք, ապա ես կլինեմ այն պատգամավորներից մեկը, որը կնախաձեռնի օրենքի փոփոխություն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի քննարկման ժամանակ նշել է հանձնաժողովի նախագահՀրայր Թովմասյանը:

Այդուհանդերձ, նա հույս հայտնեց, որ նման մեխանիզմներ չեն լինի. «Այս օրենքի կիրառողները եւս հայ մարդիկ են, որոնց համար այս արժեքները բարձրագույն են: Այս օրենքի կիրառման պրակտիկան, հուսով եմ, փոքր կլինի, կսահմանափակվի կանխարգելմամբ»:

Թովմասյանի խոսքին արձագանեք «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պողոսյանը՝ նշելով, որ ստացվում է, որ հանրապետականները եւս մտավախություններ ունեն օրենքի գործնական կիրառման հետ կապված, բայց կողմ են քվեարկել դրան. «Դուք գտնում եք, որ կիրառման հարցերում այս օրենքը հղի է խնդիրներ առաջացնելու հավանականությամբ։ Այդ դեպքում իմաստը ո՞րն է՝ ընդունել, հետո ընկնել դա փոխելով»:

Գեւորգ Պետրոսյանի խոսքով, ինքը օրենքին դեմ չէ, բայց դեմ է օրենքի այն հատվածին, որը երաշխավորում է թաղային ոստիկանների անհարկի միջամտությունը ընտանիքի գործերին. «Օրենքը հո Աստվածաշունչ չէ, որ անվրեպ կիրառվի... Եթե համակարծիք են շատերը, որ կիրառման ընթացքում պետք է հարուցվեն խնդիրներ, դրանք վերացնենք, ոչ թե ընդունենք, հետո ընկնենք դրանք վերացնելով»:

«Ծառուկյան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Նապոլեոն Ազիզյանն էլ ասաց, որ մարդիկ օրենքին դեմ լինելով, ոչ թե բռնությանն են կողմ, այլ հակառակը՝ հենց իրենք են ուզում, որ ընտանիքներում բռնություն չլինի. «Հստակ չէ, թե ինչի է հանգեցնելու այս օրենքը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծն ԱԺ-ում ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Տպել
Ամենաշատ