News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 10-ին Ստեփանակերտում ամփոփվել են 20-րդ դարասկզբի ականավոր իրավապաշտպան, գրող եւ հրապարակախոս Զաբել Եսայանի ժառանգությանը նվիրված եւ «Ինչու են մարդու իրավունքները կարեւոր» խորագիրը կրող աշակերտական շարադրությունների երկրորդ մրցույթի արդյունքները:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը ներկա էին  ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան, մրցութային հանձնաժողովի նախագահ Արման Թաթոյանը, ԱՀ կրթության եւ գիտության նախարար Նարինե Աղաբալյանը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարի տեղակալ Գայանե Գրիգորյանը, մրցութային հանձնաժողովի անդամներ, հատուկ մրցանակներ սահմանած կառույցների ներկայացուցիչներ եւ այլոք: Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ եւ ԱՀ մարդու իրավունքների պաշտպանները, Զաբել Եսայանի թոռը՝ ԵՊՀ դոցենտ Ալեքսանդր Եսայանը: Տեսաուղերձով ներկաներին ողջունեցին մրցույթի համակազմակերպիչ Ջուդիթ Սարյանը եւ մրցութային հանձնաժողովի անդամ, ԱՄՆ Հայ իրավաբանական միության խորհրդի անդամ Կարո Ղազարյանը:

Մրցույթի արդյունքներով առաջին մրցանակային տեղը զբաղեցրել է Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Մարատ Հայրապետյանը, երկրորդ մրցանակային տեղը` Շուշիի Խ.Աբովյանի անվան միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Լինա Միրզոյանը, իսկ երրորդ մրցանակային տեղը՝ Ասկերանի շրջանի Պատարա գյուղի միջնակարգ դպրոցի

11-րդ դասարանի աշակերտուհի Սիրուն Գաբրիելյանը: Առաջին մրցանակային տեղը զբաղեցրած մասնակիցը պարգեւատրվել է iPod պլանշետով, երկրորդ մրցանակային տեղը զբաղեցրած մասնակիցը՝ iPod պլանշետով, իսկ երրորդ տեղը զբաղեցրածը՝ TSD ընկերության տրամադրած ArmPhone բջջայինով:

Եզրափակչի մյուս 9 մասնակիցների համար հատուկ մրցանակներ են սահմանել Հայաստանի եւ Արցախի օմբուդսմանները, ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարարությունը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարությունը, Արցախի առաջին մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը,  Երեւանի ավագանու կրթության, մշակույթի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը, «Դասավանդիր Հայաստան» հիմնադրամը, Հայկական հետազոտությունների ասոցիացիան (ԱՄՆ): Եզրափակչի մասնակիցները ստացել են նաեւ գրքեր ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի, ԵՊՀ ռեկտորի, ինչպես նաեւ «Անտարես» հոլդինգի կողմից:

Մրցույթի բոլոր մասնակիցները ստացել են Թումո ստեղծարար  կենտրոնի հայտարարած մրցույթում հաղթող դիզայնով շապիկներ, ինչպես նաեւ հուշանվերներ՝   Զ. Եսայանի ընտանիքի կողմից:

Հարկ է ընդգծել, որ այս տարի մրցույթի երկրորդ փուլ անցած 12 մասնակիցներից 10-ը Արցախի շրջանների դպրոցականներ են:

Միջոցառմանը ներկաները հնարավորություն ունեցան ունկնդրելու Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի սաների կատարումները:

Եզրափակիչ խոսքում Ռ.Մելիքյանը գոհունակությամբ ընդգծել է, որ մրցույթի աշխարհագրությունը մեծանում է, իսկ աշխատանքների որակը` բարձրանում: «Ուրախալի է, որ եզրափակիչ փուլ անցած 12 մասնակիցներից 10-ը ներկայացնում են Արցախի շրջանների դպրոցները», - նշել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը: Նա նաեւ խոստացել է, որ 2018թ. գարնանը մրցույթի եզրափակիչ փուլ անցած աշակերտների համար կազմակերպվելու է կարճատեւ ուսումնական այց Երեւան:

Տպել
Ամենաշատ