News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Տարածքային համաչափ զարգացման նախապատրաստական գործընթացը մենք ավարտել ենք՝ 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության, մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունների եւ 2018-2020 թվականների տարածքային զարգացման գործառնական ծրագրերի ընդունմամբ:

Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Ամրագրել ենք հետեւյալ կոնկրետ ցուցանիշները:
Առաջինը, 2025 թվականի դրությամբ, առանձին վերցրած, յուրաքանչյուր մարզում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կգերազանցի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի միջին հանրապետական ցուցանիշի 60 տոկոսը եւ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 70%-ից ցածր կգտնվի մարզերի բնակչության ոչ ավելին, քան 30%-ը. խնդիրը հետեւյալում է, որ այնպես պետք է անենք, որպեսզի եկամուտները բաշխվեն հնարավորինս համաչափ, եւ մարդիկ առանց այդ էլ մեր փոքր ՀՆԱ ունենալու պարագայում չլինեն մեկը հատակին մոտ, մյուսը` գագաթին:
Երկրորդը, 2025 թվականի դրությամբ բոլոր մարզերում միջին մասնագիտական եւ բարձրագույն կրթություն ունեցողների, ոչ գյուղատնտեսական ֆորմալ զբաղվածների եւ ակտիվ ձեռնարկությունների թվաքանակը կաճի առնվազն 10 տոկոսով` համեմատած 2014 թվականի հետ: Ես հասկանում եմ, որ կլինեն թերահավատներ, շատերը կասեն՝ մեր գյուղից գնում են, հատկապես բարձրագույն կրթություն ունեցողները, բայց կան մեխանիզմներ, կան գործիքներ, որոնցով կարելի է իրավիճակը բերել մեզ համար ցանկալի իրավիճակի:
Եվրամիության մասնագետների գնահատմամբ պատրաստվել են որակյալ փաստաթղթեր։ Սակայն, ռազմավարությունները կյանքի կոչելու համար կարեւոր է, որպեսզի համայնքներում հստակորեն վարվեն նվազագույնը երկու ռեգիստր՝ գյուղատնտեսության եւ շինարարության։ Նշված ռեգիստրները ցույց կտան առաջին հերթին համայնքի, հետո՝ մարզի տնտեսական աճի տեմպերը։ Ես այստեղ ուզում եմ մի խնդրի վրա էլ ուշադրություն դարձնել եւ հասկանալ ինքս ինձ համար: Ինչո՞ւ մեր տնտեսությունները միշտ փորձում են իրենց եկամուտները ավելի ցածր ցույց տալ: Ինչու՞ գյուղացիները փորձում են ավելի քիչ բերքատվություն ցույց տալ, ի՞նչն է պատճառը: Միեւնույնն է չի հարկվում, որեւէ մեկը չի գալիս այդ մարդկանց ասում` եթե դու ավելի շատ բերք ես ստացել, չգիտեմ, ինչ-որ բան պիտի անես դրա հետ: Սա վատ երեւույթ է: Վատ երեւույթ է, որովհետեւ խանգարում է պլանավորմանը, որովհետեւ նաեւ այլ շղթայի այլ օղակներ ճիշտ չեն կարողանում կազմակերպել իրենց աշխատանքը: Ի՞նչն է խանգարում: Եթե մարդը հինգ անասուն ունի, ինչու՞ է ասում, որ երեքն ունեմ: Ի՞նչն է պատճառը, ո՞վ է գալու իրենից դա խլի: Բայց նաեւ շատ պարագաներում հակառակն է լինում: Համայնքապետը առանց որեւէ հաշվարկի վերցնում թիվ է գրում, ուղարկում է մարզպետարան: Ասում է` հաշվետվություն տվեք, որ մենք այսքան պտուղ ենք ունեցել կամ այսքան բանջարեղեն ենք ունեցել: Երկուսն էլ շատ վատ երեւույթ են: Նայում ենք, ենթադրենք, շինարարության թվերին, բայց չէ՞ որ մենք պարբերաբար, ես էլ, նախարարներն էլ, վարչապետն էլ շրջում ենք Հանրապետությունով մեկ, այցելում ենք տարբեր բնակավայրեր, ուրախանում ենք, որ տարբեր գյուղերում շինարարություն է ընթանում, մեկ էլ տեսնում ենք` զրո, չկա շինարարություն: Ես կարծում եմ` այստեղ պատճառներից մեկն էլ այն է, որ շատ պարագաներում թղթաբանություն չի արվում: Բայց մեկ է` վաղ թե ուշ մեկը գալու է ասի` լավ, բա ու՞ր է քո շինթույլտվությունը: Ավելի լավ չէ՞, որ այն գլխից ճիշտն անենք եւ այդ հաշվետվությունն էլ տանք, քան երեք տարի, հինգ տարի հետո գան տեսնեն, օրինակ, մի արտադրական ձեռնարկություն գյուղում գործում է, բայց որեւէ տեղ գրանցված չէ:

Այսօր, ցավոք, բազմաթիվ են դեպքերը, երբ համայնքներից տրամադրվում է հիմնականում ոչ լիարժեք տեղեկատվություն, որն էլ դժվարացնում է զարգացման արդյունավետ թիրախային ծրագրերի մշակումը պետական մակարդակում։ Այս խնդիրը պետք է արագ լուծել, իհարկե, կառավարության համապատասխան օղակների ներգրավմամբ։ Պետք է լիարժեքորեն հաշվառվեն նոր այգիները, ջերմոցները, շինարարական օբյեկտները եւ այլն։ Ես մեկ այլ օրինակ էլ եմ ուզում բերել: Մենք արդեն ունենք ընկերություններ, որոնք պայմանագրեր ունեն մեծ առեւտրային ցանցերի հետ: Դրանք շատ կոշտ պայմանագրեր են, ինչպես առեւտրային ցանցերի համար, այնպես էլ արտահանող ընկերությունների: Երբ արտահանող ընկերությունը որոշակի քանակներ է ամրագրում այդ պայմանագրի մեջ` ուզած-չուզած որտեղից ուզում է պիտի ապրանքը մատակարարի, հակառակ պարագայում` պետք է տուգանքներ վճարի: Եվ այստեղ պլանավորումը չափազանց կարեւոր է. եթե փոքր թիվ են գրում, որքան էլ շատ լինի արտադրանքը, չեն կարողանալու ամբողջովին մթերել, տանել, իսկ եթե շատ գրեն արտադրանքը, իրականում քիչ լինի, ուրիշ պրոբլեմի առջեւ են կանգնում:

Մենք բոլորս պիտի գիտակցենք, որ այս շղթայում մեկի պրոբլեմը դառնում է մյուսի պրոբլեմը, այդպես չէ, որ ես արտադրեցի, վերջացավ, գնաց: Կա հաջորդ օրինակը. մթերողները գնում են, որպեսզի մթերեն, մարդիկ սկզբից մի գին են ասում, հետո, երբ տեսնում են մթերվում է, երկրորդ գինն են ասում: Այդ մոտեցումն անհասկանալի է: Արտադրողը պետք է տեսնի, թե ինքը ինչ շահույթ է ակնկալում եւ չնայի, թե Մոսկվայում խանութում այդ ապրանքը ինչ գնով է վաճառվում: Մեզնից ոչ մեկը մինչեւ վերջ չի կարող հասկանալ, թե ինչպիսի ծախսեր են արվում, որ այդ արտադրանքը այդքանով է այնտեղ վաճառվում: Այսինքն, եթե իմ ծիրանն արժե, չգիտեմ, 400 դրամ, եւ դա ինձ համար շահավետ է, ուրեմն, ինձ համար միեւնույնը պետք է լինի, թե այդ ծիրանը Մոսկվայում 10 դոլարով է վաճառվում:
Ուսումնասիրությունների նախնական տվյալները ցույց են տալիս, որ կադաստրի պետական կոմիտեում գրանցված է 20,214 հեկտար պտղատու այգի, մինչդեռ ուղղակի փաստացի հաշվառումը, որ ես վստահ եմ, ստույգ չէ, ցույց է տվել մեկ այլ թիվ՝ գրեթե 25,000 հեկտար։ Այսինքն՝ 5000-ի տարբերություն: Սա էական հանգամանք է: Միայն Արագածոտնում գրեթե 1000 հեկտար չգրանցված է: Լավ, ով է գալու խլի: Ես հասկանում եմ, որ այնտեղ որոշակի թեթեւ ծախսեր են առաջանում, բայց մեկ է` վաղ, թե ուշ մեկը գալու է եւ հարցնի, ուստի հենց սկզբից պետք է ճիշտ վարվել: Հատկապես մեծ այգիներ աճեցնողները այնպես չէ, որ շատ մեծ կարիքների մեջ են: Ակնհայտ է, որ հողօգտագործողները խուսափում են այգիների գրանցումից հողի հարկի ավելի բարձր դրույքաչափի եւ կադաստրային գրանցման վճարների պատճառով։ Բայց ինչպես ասացի՝ այս հանգամանքը շատ բացասական ազդեցություն է ունենում: Ի վերջո նորից եմ կրկնում՝ մեկ է, հիմա չլինի, վեց ամիս հետո լինի, վեց ամիս հետո չէ, մեկ տարի հետո են գալու եւ հարցնեն: 2017 թվականին բազմաթիվ են այդպիսի փաստերը, որ մարդիկ ստիպված են լինում նաեւ զուգահեռ տուգանքներ վճարել:
Համայնքների կարեւորագույն գործառույթներից են նաեւ աղբահանությունն ու սանիտարական մաքրումը, որոնք նույնպես հաճախ ոչ լիարժեք են իրականացվում։ Այս ծառայությունները շուրջ 60 տոկոսի չափով ֆինանսավորվում են համայնքներին տրամադրված դոտացիոն միջոցների հաշվին, իսկ ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից հավաքագրումները հասնում են մոտ 40 տոկոսի։ Ես չմանրամասնեմ այս հարցը: Կարծում եմ՝ կամ քննարկվել է, կամ այս հարցը պետք է շատ խստորեն քննարկել: Եվ պետք չէ, որպեսզի մենք, այսպես ասած, լավություն անենք մարդկանց՝ ի հաշիվ մեր զարգացման: Ես շատ լավ հասկանում եմ, որ համայնքապետները մտածում են, որ վաղը, մյուս օրը ընտրություն է լինելու, չգիտեմ, որոշակի խնդիրներ եւ այլն: Հավատացեք, երբ մենք թուլություն ենք ցուցաբերում եւ, այսպես ասած, երկուսին լավություն ենք անում, չենք ուզում իրեն պարտադրել, որ իր հարկերը վճարի, ամեն ինչից բացի, դա հենց բացասաբար է անդրադառնում ընտրությունների վրա, որովհետեւ մնացածներն էլ տեսնում են, որ անարդարություն կա: Այդ մնացածներն էլ ընդհակառակը՝ դեմ են քվեարկում եւ ոչ թե կողմ:

Ակնհայտ է, որ մեր համայնքները սկսել են աղբահանության սխեմաների կազմումը, աղբավայրերի փակումը, աղբահանման մեքենաների ձեռքբերումը, բայց դեռեւս շատ լուրջ անելիքներ կան։ Աղբահանության եւ սանիտարական մաքրման խնդիրների լուծումը կնպաստի, իհարկե, տարածքներում զբոսաշրջության խթանմանը, բնապահպանական եւ մի շարք այլ խնդիրների լուծմանը՝ բարձրացնելով մատուցվող ծառայությունների որակը: Պետք է կարողանանք նաեւ խոշոր աղբավայրերին կից զարգացնել կանաչ էներգետիկայի ստեղծման ներդրումային ծրագրեր:

Արդեն նշել եմ, որ համայնքները, ծրագրեր իրականացնելու նպատակով, աստիճանաբար պետք է առանձնացնեն գումարներ եւ պետական բյուջեից ստանան «ավելին ավելիի դիմաց» սկզբունքով հավելյալ միջոցներ։ Սա պետք է դառնա համայնքի հիմնական շարժառիթը սեփական եկամուտների ամբողջական հավաքագրումն ապահովելու համար։ Այս նպատակով կառավարությունը պետք է ներդնի ֆինանսական խթանների կիրառման լավագույն մեխանիզմը: Եվ գնալով, անընդունելի է դառնում, երբ մարզպետները, համայնքապետները ասում են` այս տարի մենք 5 տոկոս ավելի շատ հավաքեցինք, քան նախորդ տարի, բայց հասկանալի չէ, թե բազան ինչպիսին է, որովհետեւ մարզ կա, որ շատ ավելին է հավաքում եւ դժվարանում է մեծ աճ տալ: Իսկ մարզ կա, որտեղ բազան շատ ցածր է` 10 տոկոս աճ է տալիս, մենք պիտի ասենք` շնորհակալությու՞ն: Այդ ամբողջ բազան պետք է ուսումնասիրվի: Ուսումնասիրվի եւ չափանիշներ դրվի: Մենք ամեն անգամ ավելացնում ենք պետության կողմից տրվող լրացուցիչ միջոցները, դոտացիաները, բայց պետք է նաեւ դիմացինի կողմից քայլ լինի: Եթե դա չլինի` մեկ է, մենք չենք կարողանալու լուրջ ծրագրեր իրականացնել:

Ամուր տեղական ինքնակառավարումը եւ անկախ դատական իշխանությունը, թերեւս, ամենակարեւոր քննություններն են, որ մենք հանձնում ենք՝ որպես պետականություն կերտող ժողովուրդ: Հենց այդ քննությունները հաջողությամբ հանձնելուց է կախված մեր երկրի ապագան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ