News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գիտության եւ համաշխարհային հարցերով Պագուոշյան համաժողովների գլխավոր քարտուղար Պաոլո Կոտա-Ռամուսինոյին եւ շարժման խորհրդի անդամ Ալեքսանդր Նիկիտինին:

Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ քաջատեղյակ է աշխարհում ազդեցիկ գիտնականների, քաղաքական եւ հանրային գործիչների մասնակցությամբ Պագուոշյան շարժման հիմքում ընկած գաղափարներին, նպատակներին եւ այն ջանքերին, որ կառույցը ներդնում է ավելի անվտանգ, ապահով ու զանգվածային ոչնչացման զենքերից զերծ աշխարհ ունենալու գործում: Հայաստանը, ըստ Նախագահ Սարգսյանի, բարձր է գնահատում այն մարդկանց աշխատանքը, ովքեր անմիջականորեն ներգրավված են այս գործընթացում:

Նախագահը նշել է, որ Հայաստանը, բարեխղճորեն կատարելով զանգվածային զենքի չտարածման վերաբերյալ իր միջազգային պարտավորությունները, ներգրավված է այդ գործընթացում եւ ընդգծել է, որ կայունությունն ու խաղաղությունը Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն են: Այս համատեքստում Հանրապետության Նախագահը շեշտել է, որ Հայաստանն ամեն ինչ անում է, որպեսզի մեր տարածաշրջանը զերծ մնա պատերազմներից, եւ նրա համոզմամբ, դա է պատճառը, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում Հայաստանը մշտապես խոսում է փոխզիջումների մասին՝ համարելով, որ այսպիսի խնդիրները կարող են լուծվել միայն ու միայն բանակցությունների միջոցով:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ շարժման վերաբերյալ Հանրապետության Նախագահի գնահատականի համար՝ Գիտության եւ համաշխարհային հարցերով Պագուոշյան համաժողովների գլխավոր քարտուղար Պաոլո Կոտա-Ռամուսինոն վստահեցրել է, որ շարժումն անում է ամեն հնարավորը տարբեր տարածաշրջաններում ժողովուրդների միջեւ հաղորդակցություն ապահովելու եւ դրան զուգահեռ միջուկային զենքից զերծ աշխարհ ունենալու համար:

Շարժման գլխավոր քարտուղարը Նախագահ Սերժ Սարգսյանից համաձայնություն եւ աջակցություն է խնդրել 2019թ. Հանուն խաղաղության եւ միջազգային անվտանգության Պագուոշյան շարժման համաշխարհային համաժողովը Երեւանում անցկացնելու համար՝ նշելով, որ Խաղաղության Նոբելյան մրցանակակիր շարժումը ներառում է շուրջ 60 երկիր: Պաոլո Կոտա-Ռամուսինոյի համոզմամբ, դա Հայաստանի համար նաեւ լավ հարթակ կարող է դառնալ բազմաթիվ հեղինակավոր գիտնականների ու քաղաքական գործիչների մասնակցությամբ համաժողովում ներկայացնելու երկրի դիրքորոշումն ու մոտեցումները խաղաղության, կայունության, անվտանգության հարցերի եւ այդ համատեքստում նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ:

Սերժ Սարգսյանը ողջունել է Երեւանում համաժողովի անցկացման գաղափարը եւ նշել, որ Հայաստանը պատրաստակամ է աջակցելու միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու եւ անցկացնելու գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ