Սարի թաղում 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ավագ սերժանտ Կարեն Հունանյանը հակասական ցուցմունք տվեց:
Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայող Կարեն Հունանյանը պատմեց, որ դեպքի օրն ինքը եղել է Խորենացի փողոցում, երբ ռադիոոկապով հանձնարարել են գնալ Սարի թաղ, որտեղ լարված իրավիճակ է:
«Գնացինք այնտեղ, խառնաշփոթ իրավիճակ էր, մեր հանձնարարությունն էր որպես լրացուցիչ ուժ օգնել մեր ոստիկան ընկերներին եւ հասարակական կարգը խախտողներին բերման ենթարկել: Ես մարդկանց եմ բերման ենթարկել, բայց թե կոնկրետ ում, չեմ հիշում: Մեր ուղղությամբ քարեր էին շպրտում, շշեր, անձամբ ես դա տեսել, բայց ես վնասվածք չեմ ստացել«,- պատմեց վկան:
Պաշտպանական կողմի հարցին՝ ինչու էին Խորենացի փողոցից բերման ենթարկում ցուցարարներին, Կարեն Հունանյանն ուշագրավ պատասխան տվեց. «Գոռում էին… հասարակական կարգն էին խախտում»:
Թե կոնկրետ ինչ խախտում էին անում, վկան չկարողացավ հստակ պատասխանել: Պաշտպանական կողմը հետաքրքրվեց՝ Սարի թաղից քանի մարդ է բերման ենթարկել, Կարեն Հունանյանը նշեց, որ չի հիշում: Վկան նույնիսկ չկարողացավ հստակեցնել՝ մեկ մարդ է բերման ենթարկել, թե մեկից ավելի:
«Ո՞նց կարող է իրավաբանը մեկը երկուսից չտարբերել, զայրույթ առաջացավ մոտս, դրա համար եմ ձայնս բարձրացրել»,- վկային դիմեց գործը նախագահող դատավոր Վարդան Գրիգորյանը:
Նշենք, որ վկան այդպես էլ չկողմնորոշվեց՝ «Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժման անդամ Դավիթ Հովհաննիսյանին տեսել է Սարի թաղում, թե ոչ: Դատավորի հարցին ի պատասխան՝ Կարեն Հունանյանը պատասխանեց, որ Դավիթ Հովհաննիսյանին տեսել է, ավելին՝ քարեր նետելիս: Կարեն Մեժլումյանը հայտարարեց, որ վկային մեղադրող Պետրոս Պետրոսյանը հուշել է:
«Ձեր երեւակայությունը պահեք ձեզ»,- պաշտպանին դիմեց մեղադրողը:
Կարեն Մեժլումյանը հայտարարեց, որ ինքնաբացարկի միջնորդություն ունի դատավորին հայտնելու, սակայն, դատարանը թույլ չտվեց՝ նշելով, որ դա կարող է անել վկայի հարցաքննությունն ավարտելուց հետո:
Կարեն Հունանյանի հարցաքննությունից հետո 15 րոպե ընդմիջում հայտարարվեց:
Ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանը 2016 թվականի հուլիսի 29-ին Երեւանում զանգվածային անկարգություններ է կազմակերպել, ինչպես նաեւ փորձել է միանալ 2016 թվականի հուլիսի 17-¬¬ին Երեւանի Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ Հայաստանի ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները եւ տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ եւ բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել եւ խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով: Անդրիաս Ղուկասյանը կալանքի տակ է: