«Յանդեքս»-ն ամփոփել է տարվա արդյունքները եւ հայտնել 2017 թվականին հարցումների տարածվածության կտրուկ աճի մասին, հաղորդում է ՌԲԿ-ն: Վարկանշային ցանկում ներկայացված է 9 խումբ: «Տարվա գլխավոր թեմաներ» բաժնից ռուսներին առավելապես հետաքրքրել է Սանկտ Պետերբուրգում ապրիլի 3-ին տեղի ունեցած ահաբեկչությունը, որի ժամանակ 15 մարդ էր զոհվել:
Հնգյակում է նաեւ «Կապույտ կիտ» մահվան խմբի հետ կապված պատմությունը, Ալեքսեյ Ուչիտելի «Մաթիլդա» ֆիլմի շուրջ առաջացած սկանդալը, «Փշեր» նշանի բացակայության համար տուգանքների սահմանումը եւ Ալեքսեյ Նավալնու հակակոռուպցիոն հիմնադրամի գործունեությունը:
Բոլոր տղամարդկանցից ռուսաստանցիներին առավել շատ հետաքրքրել է երգիչ Դիմա Բիլանը, ով առաջ է անցել եւ՛ հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովից, եւ՛ դերասան Արմեն Ջիգարխանյանից: Քաղաքական գործիչներից առաջին տասնյակում է հայտնվել միայն Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը: Ամենաշատ հարցված կին է դարձել Կիեւում սպանված ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովի այրի Մարիա Մաքսակովան՝ առաջ անցնելով երգչուհի Յուլիա Սամոյլովայից եւ Դիանա Շուրիգինայից: Իսկ ահա իրերից ռուսաստանցիների կողմից առավել շատ հարցվել են iPhoneX, Samsung Galaxy S8 եւ iPhone8 սմարթֆոնները: Դրանք հայտնվել են լավագույն հնգյակում, սակայն չեն կարողացել առաջ անցնել սպիներից (երկրորդ տեղ) եւ կրիպտոարժույթից (առաջին տեղ):
Սպորտային իրադարձություններից Ռուսաստանի բնակչությանը 2017 թվականին առավել շատ հետաքրքրել է հոկեյի աշխարհի առաջնությունը, որն այս տարի անցկացվեց Գերմանիայում եւ Ֆրանսիայում:
Ֆիլմերի անվանակարգում հաղթել է «Այն» ֆիլմը, որին հաջորդում են «Անճոռնի ես-2»-ը եւ «Գալակտիկայի պահապաններ-2»-ը: Ամենահարցված ռուսական սերիալ է ճանաչվել «Մոլոդյոժկան», իսկ արտասահմանյան սերիալ՝ «Գահերի խաղը»: Մեմերի անվանակարգում առաջին երեք տեղերը զբաղեցրել են «էշկերե», «ժդուն» եւ «սա ֆիասկո է, եղբայր» մեմերը: