News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մարդկությանն իր քաղաքականությամբ եւ կեցվածքով օգուտ բերող երկիրը՝ «լավ երկիր է», կան երկրներ, որոնք բեռ են մարդկության համար, կան երկրներ, որոնք ցանկում միջին հորիզոնականներն են գրավել: Հայաստանը 163 երկիր ներառող հետազոտության արդյունքում գրավել է 75-րդ տեղը, հաղորդում է «Ազատությունը»:

«Լավ երկիր» (Good Country) տերմինը հեղինակել է East Anglia բրիտանական համալսարանի պատվավոր պրոֆեսոր Սայմոն Անհոլթը, ով անցած երկու տասնամյակների ընթացքում համագործակցել է ավելի քան 50 պետությունների նախագահների ու վարչապետերի հետ, այցելել է բազմաթիվ քաղաքներ, շրջաններ, գավառներ:

Այդ քսան տարիների աշխատանքի արդյունքում ծնվել է «լավ երկրի» ցուցիչ կազմելու գաղափարը: Մարդկության կյանքում առանձին երկրների դերի մասին հինգ գրքերի հեղինակ Անհոլթն իր գործընկերների հետ 2005 թվականից սկսած հաշվարկում է «լավ երկրի» ցուցիչը:

Ընդ որում, ցուցիչը հաշվի չի առնում տվյալ երկրի ներքին քաղաքականությունը, քանի որ վերլուծական կենտրոններն այդ թեմայով ամեն տարի հրապարակում են տասնյակ մանրամասն զեկույցներ:

Ցուցիչը հաշվարկելու համար փորձագետներն օգտագործում են 35 հետազոտությունների տվյալները, դրանց մեծ մասը ՄԱԿ-ն է տրամադրում:

Մասնագետներն այդ տվյալները տեղավորում են ըստ 7 հիմնական բնագավառների՝ գիտություն եւ տեխնոլոգիա, մշակույթ, միջազգային խաղաղություն եւ անվտանգություն, աշխարհակարգ, մոլորակ եւ կլիմա, բարգավաճում եւ հավասարություն, առողջություն եւ բարեկեցություն:

Օրինակ, կրթության եւ տեխնոլոգիայի բնագավառում հաշվի են առնում տվյալ պետությունում սովորող օտարերկրացի ուսանողների, դրսից ստացվող գիտական հանդեսների, արտասահմանյան պարբերականներում այդ երկրի գիտնականների հրապարակած հոդվածների եւ, վերջապես, այդ երկրից Նոբելյան մրցանակակիրների թիվը:

Խաղաղության բնագավառում հաշվի են առնում այդ երկրից միջազգային մանդատով թեժ գոտիներում ծառայող խաղաղապահների թիվը:

Մշակույթի բնագավառում հաշվի են առնում համագործակցությունը UNESCO-ի հետ, այդ երկրից արտահանվող հեղինակային ծրագրերը եւ ծառայությունները, մամուլի ազատության մակարդակը:

Ցուցիչի նպատակն է նախաձեռնել քննարկում, որի թեման առանձին երկրների պիտանելիությունն է համայն աշխարհի տեսակետից: Հաշվի են առնվում բազմաթիվ կարեւոր այլ գործոններ, այդ թվում՝ տվյալ երկրում բարեգործության մշակույթը եւ բնության պաշտպանությունը:

Ահա Հայաստանի տվյալները՝ գիտություն եւ տեխնիկա՝ 56-րդ տեղ, միջազգային խաղաղություն եւ անվտանգություն՝ 136, աշխարհակարգ՝ 104, մոլորակ եւ կլիմա՝ 108, բարգավաճում եւ հավասարություն 48, մշակույթ՝ 103, առողջություն եւ բարեկեցություն՝ 31:

Այդ ամենի արդյունքում Հայաստանն ընդհանուր հաշվով դարձել է մոլորակի 75-րդ «լավ երկիրը»՝ բավական զիջելով Ուկրաինային, Վրաստանին եւ Ռուսաստանին, սակայն առաջ անցնելով Ադրբեջանից, որը 89-րդ տեղում է:

Մոլորալի «ամենալավ» երկրներն են Հոլանդիան, Շվեյցարիան եւ Դանիան: Իսկ 163 երկրներից վերջին երեք տեղերում են Իրաքը, Լիբիան եւ Աֆղանստանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ