News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Դեկտեմբերի 11-ին Արցախում զինծառայող է սպանվել: 1996 թվականին ծնված Նարեկ Ադիբեկյանի ուղղությամբ կրակել է ծառայակիցը: Քրեական գործ է հարուցվել, ծառայակցին սպանելու կասկածանքով պարտադիր ժամկետային զինծառայողը ձերբակալվել է: Սպանված Նարեկ Ադիբեկյանը Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքից էր: Նա զինծառայություն էր անցել նաեւ Ռուսաստանում, վերադարձել Հայաստան եւ բանակ զորակոչվել: Ընկերները պատմում են, որ Նարեկը Հայաստան էր եկել՝ սովորելու, ԵՊՀ Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի ուսանող էր:

Իսկ Հայաստանի սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում զինվոր է վիրավորվել: 19-ամյա շարքային Արթուր Դանիելյանը վիրավորվել է մարտական հերթապահության ժամանակ, ականի պայթյունի հետեւանքով: Զինծառայողը Բերդի հոսպիտալում է, վիճակը կայուն ծանր է:

Կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովում այսօր արտահերթ նիստ էր գումարվել: Պատգամավորները քննարկել են Հարկային օրենսգրքում եւ Շահութահարկի մասին օրենքում փոփոխությունների նախագծերը, ինչպես նաեւ վարկային մեկ համաձայնագիր: Կառավարությունը մտադիր է Ասիական զարգացման բանկից 40 մլն դոլար վերցնել. բյուջետային տարին լինելու է դեֆիցիտով, այս վարկով էլ փակելու են եկամուտների եւ ծախսերի տարբերությունը:

Մի շարք պատգամավորներ դժգոհել են օրենքների հանդեպ կառավարության վերաբերմունքից: Էդմոն Մարուքյանը հռետորական հարց է հնչեցրել. ո՞նց է լինում, որ գործադիրը միայն տարվա վերջին օրերին է հիշում կարեւոր նախագծերը խորհրդարան բերելու մասին: Արամ Սարգսյանն էլ կատակել է. նույնիսկ Խոսրով Հարությունյանը հաճույք չի ստանում քննարկումներից:

Այսօր Ազգային ժողով էր եկել նաեւ Սեյրան Սարոյանը: Հանրապետական խմբակցության պատգամավորը բացակայում էր երկրից, գնացել էր բուժման: Լրագրողները Սարոյանին նույնպես հարցրել են թանկացումների մասին:

Իրանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Քերման նահանգում 6.2 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով, տարբեր տվյալներով, մեկ մարդ է զոհվել, հաղորդվում է 17 տուժածի մասին: Ավերածությունների մասին հստակ տեղեկություններ դեռեւս չկան: Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ էլ՝ նոյեմբերի 12-ին Իրանի եւ Իրաքի սահմանին տեղի ունեցած 7.3 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով 620 մարդ էր զոհվել:

Ռուսական զորքերը դուրս կբերվեն Սիրիայի տարածքից. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է կարգադրել: Զորքերի դուրսբերման ամբողջական գործընթացը նախատեսում են ավարտել մեկ ամսվա ընթացքում: Դա, սակայն, չի նշանակում, որ Սիրիայում Ռուսաստանն այլեւս ռազմական ներկայություն չի ունենա: Ռուսական զորքերը Սիրիա էին մտել 2015 թվականի սեպտեմբերին, երկրի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով: Ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ ավելի քան երկու տարվա ընթացքում Ռուսաստանի զինուժին հաջողվել է 1.000 բնակավայր ազատագրել 67 հազար քառակուսի կիլոմետր տարածքում, հակառակորդի զինտեխնիկա եւ ահաբեկիչների ոչնչացնել: Բայց այս ընթացքում կորուստներ է ունեցել նաեւ ռուսական կողմը՝ 39 մարդ:

Սիրիայում ռուսական ռազմակայանները կշարունակեն գործել, իսկ եթե ահաբեկիչները նորից գլուխ բարձրացնեն, Մոսկվայի հավաստմամբ, արժանի պատասխան կստանան: Անսպասելի այցով Սիրիա մեկնած եւ «Հմեյմիմ» ավիաբազայում Բաշար Ասադի հետ հանդիպած Վլադիմիր Պուտինն էլ հույս է հայտնել, որ առաջիկայում կհաջողվի Սիրիայում խաղաղություն եւ քաղաքական գործընթաց հաստատել: Իսկ Վաշինգտոնը Պուտինի հրամանին արձագանքել է՝ հայտարարելով, որ Ռուսաստանի զորքերի դուրսբերումը չի անդրադառնա Սիրիայում ԱՄՆ-ի գործողությունների եւ առաջնահերթությունների վրա:

Միխայիլ Սահակաշվիլին ազատության մեջ մնաց. Կիեւի դատարանը մերժեց Վրաստանի նախկին նախագահի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու՝ դատախազության պահանջը: Նրա նկատմամբ քրեական հետապնդումը, սակայն, կշարունակվի. հաջորդ դատական նիստը նշանակված է դեկտեմբերի 14-ին: Ուկրաինայի գլխավոր դատախազությունը պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը: Գլխավոր դատախազը շարունակում է պնդել, որ Սահակաշվիլին Կիեւում բողոքի ակցիաներն անցկացնում է նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ երկրից փախած օլիգարխ Սերգեյ Կուրչենկոյի փողերով:

Սահակաշվիլիին դատարանի առջեւ կանգնեցնելու ցանկություն ունեն նաեւ Վրաստանում. Թբիլիսին նախկին նախագահի արտահանձնման հարցով առայժմ պատասխան չի ստացել Կիեւից: Վրաստանում գործչի դեմ հեռակա կարգով մի քանի քրեական գործ են հարուցել:

Դեկտեմբերի 12-ին դոլարի արժեզրկմանը միացել է նաեւ եվրոն, իսկ ռուբլին թանկացել է: Դոլարի փոխարժեքը կազմել է 484 դրամ, եվրոյինը՝ 570, ռուբլունը՝ 8 դրամ 23 լումա, ֆունտինը՝ 646 դրամ:

Դեկտեմբերի 13-17-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մի շարք շրջաններում 3-4 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -3-5 աստիճան ցուրտ, ցերեկը՝ +5+7 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ