News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մենք ավելին ենք, քան պարզապես պատմականորեն բարեկամական ժողովուրդներ. սա իրական եղբայրություն է: Այս մասին, Հունաստանի ԱԳՆ-ում իր ելույթի ժամանակ նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այսպիսի հարգարժան լսարանի հետ հանդիպելու հնարավորության համար եւ ներկայացնել մեր տեսակետները Հայաստան-Հունաստան գործընկերության, տարածաշրջանային խնդիրների, ինչպես նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության որոշ առաջնահերթություններ շուրջ:

Ուրախ եմ վերադառնալ Աթենք՝ քաղաքակրթության բնօրրաններից մեկը, Պլատոնի ակադեմիայի եւ Արիստոտելի լիցեյի հայրենիքը, մի հնագույն քաղաք, որի թողած ժառանգությունը դեռեւս շարունակում է լայնորեն ձեւավորել ժամանակակից Եվրոպայի մշակութային եւ հոգեւոր արժեքները: Հայ ժողովուրդը եւս մաս է կազմել եւ նպաստել է դրան` հույն ժողովրդի հետ միասին մեր հետքը թողնելով համաշխարհային պատմության մեջ:

Մեր ժողովուրդների միջեւ հարաբերությունները գալիս են պատմության խորքից: Հայ ժողովրդի մասին վկայակություններ կան Հերոդոտոսի եւ Պլատոնի աշխատություններում: Քսենոփոն Աթենացին Ք.Ա. հինգերորդ դարում անցել է Հայաստանով եւ այն անվանել «բարգավաճ երկիր»: Հին հունական աշխարհագիրները, ինչպիսիք են Ստրաբոնը եւ Պտղոմեոսը, քաջատեղյակ էին մեր տարածաշրջանի բնիկ ժողովուրդների եւ նրանց պետությունների սահմանների մասին: Լավ կլիներ, եթե նրանք, ովքեր փորձում են վերաշարադրել պատմությունը եւ մշակութային ու տարածքային պահանջներ ներկայացնել, ծանոթանային այդ մեծ գիտնականների աշխատություններին:

Մենք հույն ժողովրդի հետ կիսել ենք նաեւ անցյալի մի քանի ողբերգական էջեր, մենք երկուսս էլ վերապրել ենք ցեղասպանություն եւ մարդկության դեմ հանցագործություն, ուս-ուսի տված պաշտպանել ենք ապրելու մեր իրավունքը եւ միմյանց սատարել դժվարին պահերին: Կասկած չկա, որ մենք ավելին ենք, քան պարզապես պատմականորեն բարեկամական ժողովուրդներ. սա իրական եղբայրություն է:

25 տարի առաջ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին նորանկախ Հայաստանի Հանրապետության եւ Հունաստանի Հանրապետության միջեւ: Կանոնավոր բարձրաստիճան այցերը նոր լիցք են հանղորդել մեր գործընկերությանը եւ ուրվագծել համագործակցության հիմնական ուղղությունները: Այս համատեքստում կցանկանայի ընդգծել 2016թ.-ին Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Հունաստան եւ 2014թ Կարոլոս Պապուլիասի այցը Հայաստան: Մենք հաճախ հանդիպել ենք արտաքին գործերի նախարար եւ իմ լավ ընկեր Նիկոս Կոցիասի հետ միջազգային տարբեր հարթակներում: Վերջերս ես հյուրընկալել եմ նախարար Կոձիասին Հայաստանում եւ այժմ հաճույքով եմ գտնվում Աթենքում՝ շարունակելու համար մեր քննարկումները:

Վերջին քառորդ դարում մենք կարողացել ենք զարգացնել ամուր միջպետական հարաբերություններ եւ երկկողմ կայուն օրակարգ, որն ընդգրկում է ակտիվ քաղաքական երկխոսությունից եւ համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում: Մենք ստեղծել ենք հարուստ իրավապայմանագրային դաշտ, որը կարող է լավ հիմք հանդիսանալ մեր կապերի հետագա ամրապնդման համար: Սերտորեն համագործակցում ենք միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Ուսումնասիրում ենք մեծաթիվ հայկական եւ հունական սփյուռքների միջեւ փոխգործակցության հնարավորությունները` ի շահ մեր ժողովուրդների»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ