News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Մենք ակնկալում ենք, որ Լիտվան՝ որպես ՀՀ անկախությունն աշխարհում առաջինը ճանաչած պետություն, հնարավորինս արագ, առանց արհեստական ձգձգումների առաջինը կվավերացնի նաեւ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Լիտվայի Սեյմասի (խորհրդարանի) խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա, Լատվիա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը:

Հայկական պատվիրակության անդամները կարեւորել են միջխորհրդարանական համագործակցության զարգացումը, այս համատեքստում երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի դերն ու նշանակությունը: Դրական է գնահատվել վերջին տարիների երկկողմ քաղաքական երկխոսության մակարդակն ու տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված առաջընթացը: Հայ պատվիրակները կարեւորել են նոյեմբերի 24-ին ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը` նշելով, որ այն նոր էջ կարող է բացել ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսության զարգացման գործում:

«Մենք ակնկալում ենք, որ Լիտվան՝ որպես ՀՀ անկախությունն աշխարհում առաջինը ճանաչած պետություն, հնարավորինս արագ, առանց արհեստական ձգձգումների առաջինը կվավերացնի նաեւ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը»,-ասել է Էդուարդ Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ Լիտվան Մերձբալթյան երկրներից առայժմ միակն է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Նա բարձր է գնահատել լիտվացի խորհրդարանականների քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

Անդրադառնալով մեր երկրում ընթացող բարեփոխումների գործընթացին` ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը նշել է, որ ժողովրդավարության զարգացումը, կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ քաղաքական օրակարգի կարեւորագույն հարցերից են եւ այդ առումով միջազգային բոլոր գնահատականներով Հայաստանն ու Ադրբեջանն անհամատեղելի են:

ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաեւ ԼՂ հիմնախնդրին` վերահաստատելով հայկական կողմի` հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի շրջանակում լուծելու դիրքորոշումը:

«Անթույլատրելի են խնդրի ռազմական լուծման ցանկացած փորձ, ռազմատենչ հռետորաբանություն, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից «սեւ ցուցակների» առկայությունը: Դրանք չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման անհնար է խնդրի լուծումը: Արցախն անկախացել է ԽՍՀՄ-ից նույն իրավական հիմքով, ինչ Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Հայաստանն ու Ադրբեջանը: Արցախի քաղաքացիներն ունեն պետություն կառուցելու նույնքան իրավունք, որքան Լիտվայի, Լատվիայի, Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիները»,-ասել է պարոն Շարմազանովը:

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Լիտվայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ
Partner news