Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» եւ «Ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջացություն» ծրագրերի ղեկավար խորհրդի հերթական նիստը:
Խորհուրդը քննարկել եւ հաստատել է ՀՀ կառավարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի, Գյուղական ֆինանսավորման կառույցի 2018 թվականի բյուջեի եւ պահպանման ծախսերի, 2017-2018 թթ. գնումների պլանը: Զեկուցվել է, որ գալիք տարվա ընթացքում նախատեսվում է Հայաստանի տարբեր մարզերի 16 համայնքներում իրականացնել կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման, ինտենսիվ այգիների, ջերմոցային տնտեսությունների, սառնարային տնտեսությունների, չրանոցների հիմնման, գյուղական ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր:
Հաստատվել է նաեւ «Ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակում «Ֆինանսավորման փաթեթների մշակում եւ դրանց տրամադրման նախնական միջոցառումների իրականացում, ֆերմերների իրազեկում մշակված փաթեթների վերաբերյալ եւ համապատասխան գյուղատնտեսական ու ֆինանսական թեմատիկ ուսուցման իրականացում» մրցույթի համար գնահատող հանձնաժողովի որոշումը: