News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հերթական սկանդալային հայտարարությունը բուռն քննարկման թեմա է դարձել։ Մեկ շաբաթ առաջ «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդմանը հյուրընկալվելիս՝ հայտարարել է, թե իբրեւ Հայաստանում մինչեւ 15 տարեկան աղջիկների 25 տոկոսը սեռական կյանքի փորձ ունեն։ Այս վիճակագրությամբ պատասխանել է այն հարցին, թե ինչու են պապիլումա վիրուսի դեմ պատվաստում հենց 13 տարեկանում։ «13 տարեկանում պատվաստելու տրամաբանությունը հիմնականում այն է, որ այն պետք է կատարվի մինչեւ առաջին սեռական փորձը, հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանում մինչեւ 25 տոկոս աղջիկներ մինչեւ 15 տարեկան ունեն այդպիսի փորձ։ Որպեսզի մաքսիմալ արդյունք ունենանք, վերցրել ենք այդ տարիքը»,–հայտարարել էր Ալթունյանը՝ չմանրամասնելով՝ ով է նշված հարցումն իրականացրել եւ քանի հոգու շրջանում։

Իր հրապարակած «խիստ հավաստի» հարցման համաձայն՝ ստացվում է, որ Հանրապետությունում ամեն 4–րդ դեռահաս աղջիկ սեռական կյանքով է ապրում։ Առողջապահության համակարգի պատասխանատուի այս վիճակագրությունը ցնցել է ԱԺ պատգամավորիներին։

NEWS.am–ի հետ զրույցում Հանրապետական կուսակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը մինչեւ անձամբ չդիտեց տեսանյութը, չհավատաց, որ առողջապահության նախարարը կարող է այսպիսի անարժանահավատ վիճակագրություն հրապարակել եւ դրա հիման վրա ծրագիր իրականացնել։ «Ես կյանքում չեմ հավատա դրան, ես շատ վատ կզգամ լսել նման վիճակագրություն, չեմ հավատում եւ վերջ։ Ես չգիտեմ՝ թվեր կան–չկան, ով է արել նման հայտարարություն, ինձ համար այդ թվերը անընդունելի են ու ես դրան չեմ հավատում»,–ասաց իշխանության ներկայացուցիչը՝ պահանջելով ապացուցել դա։

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը կասկած հայտնեց, որ այս վիճակագրությունը հնարելով՝ Լեւոն Ալթունյանը նպատակ ունի արդարացնել պապիլումա վիրուսի դեմ պատվաստվելու անհրաժեշտությունը, ինչի դեմ ուժգին պայքար է սկսվել։ «Ես կասկած ունեմ, որ նախագիծը սղացնելու համար փորձում են հանրության մոտ տպավորություն ստեղծել՝ նման տվյալներ հրապարակելով։ Եթե այդպիսի նախագիծ ունի ու ուզում է անցկացնել, ապա թող ուրիշ բան մտածեն, ոչ թե հայ աղջիկների, ապագա մայրերի արժանապատվությունը վիրավորելու գնով։ Թող նախարարը այդ հայատարությամբ հանդերձ շրջի ժողովրդի մեջ եւ տեսնի՝ ինչպես են վերաբերում իր հայտարարությանը, եւ ըստ այդ եթե բարոյականության հետ վերջնահաշվարկ չի արել, թող դատողություն անի, իր հետագա պաշտոնավարումը նպատահակարմա՞ր է, թե ոչ։ Ես պահանջում եմ, որ նախարարը ներկայացնի բավարար ապացույցներ, որ հավաստեն այդ հարցումների արդյունքները իրողության փաստը»,–հայտարարեց պատգամավորը։

Լեւոն Ալթունյանի աղմկահարույց վիճակագրությունը կրքեր բորբոքեց նաեւ ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում եւ հաշված ժամերի ընթացքում պաշտոնապես հանրությանը ներկայացվեց «ծանրակշիռ ապացույցը»։ Պարզվեց՝ նախարարը իգական սեռը արականի հետ է շփոթել կամ 1 տոկոսը՝ 25–ի։ «Նախարարի շփոթմունքն այն էր, որ Հայաստանում 15 տարեկան տղաների 25% ցուցանիշը ներկայացվել է նույն տարիքի աղջիկների 1% ցուցանիշի փոխարեն։ Վերջին օրերին ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի դեմ սկսված անառողջ քննադատական քարոզարշավն արհեստածին է»,–նշված է ԱՆ պարզաբանման մեջ։

Ինչպես տեսնում եք «անառողջ քննադատական քարոզարշավի» միտում տեսնողները համակարգի պատասխանատուի առողջ «շփոթմունքը» նկատել են միայն հանրության շրջանում բարձրացված աղմուկից հետո։ Այս պաշտոնական վրդովմունքից տպավորություն է, որ հանրությունը Լեւոն Ալթունյանի հայտարարություններին պետք է արձագանքեր նրա հաճախակի «շփոթվելու եւ սխալվելու» կանխավարկածից ելնելով։ Հնարավոր է, քանի որ «շփոթմունքի» վիճակագրության առումով Լեւոն Ալթունյանը կառավարությունում արդեն ռեկորդակիր է։

Տպել
Ամենաշատ