News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովն այսօր շարունակել է արտահերթ նիստը: Խորհրդարանը 61 կողմ, 37 դեմ ձայնով վավերացրել է Ասիական զարգացման բանկից 40 մլն դոլարի չափով վարկ ստանալու մասին համաձայնագիրը: Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվել է նաեւ Ընտանեկան բռնության մասին աղմկահարույց օրինագիծը:

Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծի քվեարկության ժամանակ էլ պատգամավորներն անընդհատ վարման կարգով խոսքի իրավունք են խնդրել: Խորհրդարանի խոսնակն ի վերջո մոռացել է, թե ինչ նախագիծ էր քվեարկության դրել: Աժիոտաժի պատճառով Արա Բաբլոյանը վերջնականապես շփոթության է մատնվել եւ առանց քվեարկության հաջորդ օրինագծին անցել: Հուշել են՝ չքվեարկեցինք:

Այսօր արդեն սկսել են քննարկել բյուջետային համակարգի եւ պետական պարտքի մասին օրինագծերը: «Ծառուկյան» խմբակցությունը որոշել է դեմ քվեարկել: Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ սրանով կառավարությունը պարզապես հերթական անգամ արտաքին պարտք է ուզում ներգրավել, իսկ արդյունքում երկիրը փակուղում է հայտնվելու: Վաղն արդեն պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկելու եւ քվեարկելու են այսօր առաջին ընթերցմամբ ընդունված չորս նախագծեր: Ազգային ժողովի արտահերթ նիստն այդքանով կավարտվի:

Լեւոն Ալթունյանը հերթական սկանդալային հայտարարությունն է արել: «Ազատության» եթերում առողջապահության նախարարը հայտարարել է, որ Հայաստանում մինչեւ 15 տարեկան աղջիկների 25%-ը սեռական կյանքի փորձ ունի: Զրույցի թեման, ի դեպ, գարդասիլով պատվաստումն է եղել: Այս հայտարարությունն իրարանցում է առաջացրել, իսկ պատգամավորները Լեւոն Ալթունյանից պահանջում են փաստական տվյալներ ներկայացնել: Մեկնաբանության խնդրանքով լրագրողները դիմել են նախարարի կուսակից Գագիկ Մելիքյանին: Հարցազրույցից հատված դիտելուց հետո պատգամավորն այլայլվել է ու հրաժարվել պատասխանել: «Ծառուկյան» խմբակցությունից Գեւորգ Պետրոսյանն էլ նախարարին խորհուրդ է տվել գարդասիլի նախագիծն իրականացնելու համար, իր խոսքով, մերկապարանոց հայտարարություններ չանել: Իրավաբան պատգամավորը Լեւոն Ալթունյանի հայտարարության մեջ նաեւ իրավական խնդիր է տեսնում եւ հիշեցնում, որ անչափահասի հետ սեռական հարաբերությունը քրեական պատասխանատվություն է ենթադրում:

Թանկացումները շարունակվում են, եւ տարեվերջին պատկերը որոշակիորեն ամբողջանում է: Մեկ տարվա ընթացքում ամենաշատը թանկացել է կարագը. անցյալ տարվա նոյեմբերի համեմատ՝ 40.7 տոկոսով: Ընդ որում, միայն նոյեմբերին այն թանկացել է 5.5 տոկոսով: Ամենաշատը թանկացած 10 մթերքների ցանկի երկրորդ տեղում խոզի միսն է, որը թանկացել է 40.3 տոկոսով, երրորդ տեղում՝ կարտոֆիլը 29 տոկոս թանկացմամբ: Զգալի թանկացել են նաեւ ձուկը, գառան, տավարի եւ հորթի միսը, պանիրը, կաթնաշոռն ու մանկական սնունդը: Ընդհանուր առմամբ, «միս» խմբում գներն աճել են 9.6 տոկոսով, «ձուկ եւ ծովամթերք» խմբում՝ 25.1 տոկոսով, «կաթնամթերք, պանիր ու ձու» խմբում՝ 4.3 տոկոս:

Թանկացումների մասին վերջերս խոսում են գրեթե բոլորը, իսկ այդ հարցի շուրջ որոշ պատգամավորների հայտարարություններ լայն արձագանք են գտել: Քննադատության թիրախում էին հայտնվել հատկապես Հանրապետական խմբակցությունից Խոսրով Հարությունյանն ու Հակոբ Հակոբյանը: Այսօր Ազգային ժողովի շենքի դիմաց հերթական արձագանքն արտասովոր ակցիայի տեսքով է եղել:

Հյուսիսային Կորեայի միջուկային հզորությունների թեման շարունակում է արդիական մնալ: Փհենյանն արդեն հայտարարել է, որ շարունակելու է հզորացնել միջուկային ներուժը՝ նաեւ ավելի շատ ու տարբեր զինատեսակներ մշակելով ու արտադրելով:

Մինչ այդ, փորձագետները որոշել են կանխատեսել, թե երբ կարող է միջուկային պատերազմ սկսվել: Ամերիկացի հայտնի միջուկային փորձագետ Ջեյմս Լյուիսը կարծում է, որ այն կմեկնարկի 2019-ի մարտին, ԱՄՆ նախագահի թվիթից: Նա մոդելավորել է միջուկային զենքի կիրառմամբ ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ հնարավոր հակամարտության առաջացման սցենարը: 2019-ի փետրվարին, ըստ փորձագետի, ամերիկա-կորեական ավանդական զորավարժություններ կանցկացվեն, որի ընթացքում քաղաքացիական ինքնաթիռ կոչնչացվի: Դրանից հետո Դոնալդ Թրամփը Twitter-ում կգրի. «Փոքրիկ մարդ-հրթիռը երկար չի դիմանա»: Սա ԿԺԴՀ-ում Կիմ Չեն Ընին ուղղված սպառնալիք եւ միջուկային հարված հասցնելու ազդանշան կդիտարկեն: Փորձագետը նաեւ կարծում է, որ առաջին հրթիռները կարձակվեն Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի ուղղությամբ, որտեղ ամերիկյան ռազմակայաններ կան: Ջեյմս Լյուիսը, սակայն, չի ներկայացրել աշխարհում միջուկային պատերազմի հետեւանքները: Այս ֆոնին Ռուսաստանի արտգործնախարարությունն ԱՄՆ-ին զգուշացրել է, որ Կորեական թերակղզու շրջանում ռազմական ակտիվության աճը հղի է Հյուսիսային Կորեայի շուրջ իրավիճակի հետագա վատթարացմամբ:

Վանաձորում ողբերգական դեպք է տեղի ունեցել. 50-ամյա քաղաքացին գնացքի տակ է ընկել ու տեղում մահացել։ Դեպքը տեղի է ունեցել երկաթգծի՝ Տարոն թաղամասին հարակից հատվածում։ Մեր տեղեկություններով՝ մահացածը Վանաձորի բնակիչ Սամվել Գեւորգյանն է: Գնացքը բախվել է ռելսերի վրայով քայլող տղամարդուն. փրկարարներն ու իրավապահները գտել են նրա մասնատված մարմինը: Նշենք, որ մեկ ամսվա ընթացքում սա երկրորդ նման դեպքն է Վանաձորում: Նոյեմբերի 23-ին էլ գնացքի տակ էր ընկել 26-ամյա վանաձորցի Լեւոն Սուրենյանը: Երիտասարդը հրաշքով ողջ էր մնացել:

Դոլարի ու եվրոյի արժեզրկմանը միացել է նաեւ ռուբլին: Դեկտեմբերի 13-ին դոլարի փոխարժեքը կազմել է արդեն 483 դրամ, եվրոյինը՝ 568, ռուբլունը՝ 8 դրամ 18 լումա, ֆունտինը՝ 645 դրամ:

Դեկտեմբերի 14-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մի շարք շրջաններում 3-4 աստիճանով կնվազի, հետո նույնքան կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -4-6 աստիճան ցուրտ, ցերեկը՝ +6+8 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ