News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Օրերս տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ Սերժ Սարգսյանը ուշագրավ հայտարարություն արեց համայնքապետների գործունեության վերաբերյալ։ Խոստովանեց, որ շատ համայնքապետներ չարաշահում են պաշտոնը եւ այն օգտագործում են անհասկանալի եւ անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, որ տարբեր խորամանկություններով, տարբեր ձեւերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, որ անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ: Հայտարարեց, որ շատերի նկատմամբ ներողամիտ է եղել, զգուշացրեց, որ հունվարից իր թվարկած գործերով զբաղվողները ավելի լավ է ուրիշ տեղ աշխատեն։ Թե բյուջեի նկատմամբ անազնիվ վերաբերմունք ցուցաբերող համայնքապետերն ինչու են ներվել եւ ոչ թե պատժվել, եւ այդ հարցում ի՞նչ դերակատարում է ունեցել ընտրություններին կուսակցության օգտին քվե ապահովելու գործոնը, NEWS.am–ը փորձել է պարզել Արարատի նախկին մարզպետ, ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանից։

Պարոն Սարգսյան, որպես նախկին ոստիկանապետ, օրենսդիր մարմնի ներկայացուցիչ՝ ճի՞շտ եք համարում բյուջեի նկատմամբ անազնիվ գտնվող համայնքապետներին ներելը։

Բնականաբար, նախագահի ելույթը լսել եմ, բայց չեմ կարծում, որ մեր երկրի նախագահը, այդ տիպի խախտում անող մեկին պիտի ներեր, խախտումն էլ երկու տեսակ կարող է լինել, թույլ տվեք բաժանել։ Խախտում կարող է լինել համայնքապետի կողմից օրենքը չհասկանալը, եւ իր գործառույթը ոչ պատշաճ իրականացնելու դեպքում արտաքուստ թվա չարաշահում է, բայց իրականում ուղղակի չի հասկացել, ուզել է ինչ–որ մեկին լավություն անել, օգնություն է տվել։ Հիմա եթե անդրադառնամ իմ մարզպետ աշխատած տարիներին, հնարավոր է՝ եթե հարցը հասներ նախագահին, մի օր փորձեի միջնորդել, արադարացնել, ասել, որ լավ է դրսեւորել իրեն համայնքում, իրեն հարգում են, սիրում են, էս մի խախտման համար մարդուն պատժենք, հանձնեք օրգաններին, տանենք–բերենք, հեղինակազրկենք, իր աշխատանքի նկատամամբ տրամադրությունը փոխենք, կարծում եմ՝ ճիշտ չի լինի, բայց որ նախագահը տեսներ՝ նա կանխամտածված մի արաք է արել, ձեռնաքաշություն է արել, համայնքի ունեցվածքին է տիրացել, չեմ կարծում, որ նախագահը կներեր նրան, ես էլ կունենայի նման հնարավարություն նախագահին դիմելու։

Ներելու հարցում նշանակություն ունի՞ այդ համայնքապետը որքան ձայն է հավաքել նույն իշխանության օգտին։

Ես ձայն հավաքելու մասին չասեցի, ես ասեցի, որ բարեխիղճ աշխատող է եղել, լավագույններից մեկն է եղել, պարգեւատրվել է։ Ինչու եմ ես էս օրինակը նշում, որովհետեւ երբ լսեցի նախագահին, ես հիշեցի էդ դեպքը, երբ որ մարզպետ էի, համայնքապետերից մեկը օրենքի խախտմամբ օգնություն էր տրամադրել, հենց տեղում ուղարկեցի, ստուգեցին, որ տեղ է հասել օգնությունը, չի յուրացրել բյուջեի գումարը։ Ասում է՝ չէին կարողանում ապրեին, բյուջեից փող եմ տվել, բաժանել են տասնմեկ հոգու միջեւ։ Հիմա էդ մարդուն, որ դատի տայինք ինչ–որ բան կփոխվե՞ր, մի գուցե գնայինք գումարներն էլ հե՞տ բերեինք, երբ որ կարիքավոր են եղել, իսկ խոսքը 15 հազարական դրամ բաժանելու մասին էր։

Պարոն Սարգսյան, լավ աշխատանք է համարվում նաեւ կուսակցության օգտին շատ ձայն հավաքելը, սա հաշվի առնում են ներման եւ պատժի ընտրության հարցում։

Չեմ կարծում, ստատիստիկան նայեք՝ ինչքան մարդիկ են պատժվել նույն համայնքապետերից, բայց որոնք Ձեր ակնարկած լավ «ընտրությունն» են արել։ Այդպիսի բարձիթողի վերաբերմունք, որ քանի որ ընտրությունը լավ ես անցկացրել, քո ձայներից գոհ ենք, ինչ ուզես՝ կանես, գոնե համայնքապետների շրջանում որեւէ մեկի նկատմամբ չգիտեմ, որ եղել է։ Որեւէ մեկը իրավունք չունի որեւէ պարագայում բյուջեից գումար տուն տանի, ես դա չեմ ընդունում չի կարելի։ Թող ուրիշ տարբերակ մտածի, ինչ որ բանով զբաղվի, երկու կոպեկ աշխատի, ոչ թե էդ խղճուկ բյուջեի գումարներից... Այդ բյուջեն, որ համայնքը նույնսիկ չի կարողանում պահի, նախատեսված է սոցիալական խնդիրների լուծման համար ու պիտի տանես տուն, մեղմ ասած ամենավատ բանն է, դա պատժելի է։

 Ձեր կարծիքով կա՞ մեր երկրում մի գերատեսչություն, որի բյուջեից գումար տուն չեն տանում։

Որ ասեմ՝ չկա, դա անարդար, ամպագոռգոռ պատասխան չի՞ լինի, իհարկե կան, էսքան մարդիկ ձերբակալվում են, ես ոնց կարող եմ դա հերքել...

Ինչո՞ւ գերատեսչության ղեկավարը չի ձերբակալվում։

Ձերբակալվում են այն մարդիկ, որոնց գործունեությունը առաջինն է ի հայտ գալիս, միշտ հաշվի առեք մի բան՝ ինչքան բարձրաստիճան պաշտոնյա, էնքան դրան հասնելը ավելի էտապներ է պահանջում, ներքեւում է դա արվում... Սերժ Սարգսյանը ցանկացած հանդիպման ժամանակ այդ նախազգուշացումը հնչեցնում է, ասում է՝ չանեք, չվերցնեք։

Իսկ ինչո՞ւ ոչինչ չի փոխվում։

Թե որքանով են կարողանում նախագահի խոսքը այսօր 100 տոկսով իրագործել, ես չեմ կարող ասել, հասկանում եմ, որ նախագահին նույնպես նյարդայնացնում է այդ պահը, որ իր ցուցումը վերջնական ավարտ չունի։ Որ խոսում է այդ մասին, ուրեմն ահազանգ կա, որ որոշ պաշտոնյաներ պետական պաշտոնը ստորադասում են անձնական շահին։

Տպել
Ամենաշատ