Հունաստանի պետական եւ մասնավոր ընկերությունների աշխատակիցները 24-ժամյա համընդհանուր գործադուլ են հայտարարել, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Ցուցարարները իրենց դժգոհությունն են արտահայտում միջազգային վարկատուների ճնշման ներքո Հունաստանի կառավարության կողմից կիրառված խնայողության խիստ միջոցառումների կապակցությամբ: Ակնկալվում է, որ գործադուլին կմիանան նաեւ հասարակական տրանսպորտի համակարգի աշխատակիցները: Գործադուլին մասնակցում են նաեւ պետական հիմնարկների, առողջապահական ծառայությունների աշխատակիցները, իսկ հիվանդանոցներում միայն արտակարգ իրավիճակների օգնություն կտրամադրվի: Լրատվամիջոցների աշխատակիցները եւ ուսուցիչները եւս մտադիր են միանալ գործադուլին:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Հունաստանը եւ միջազգային վարկատուները համաձայնության եկան խնայողության նոր միջոցառումների շուրջ: Ըստ այդմ, Հունաստանը պարտավորվում է 2019 թվականին հասնել բյուջետային խնայողության ՀՆԱ-ի 1 տոկոսի չափով կենսաթոշակային ծախսերի կրճատման հաշվին, ինչպես նաեւ 2020 թվականին հասնել ՀՆԱ-ի 1 տոկոս խնայողության եկամտային շեմի նվազեցման հաշվին, որից հետո եւ սկսվում է եկամտահարկի վճարը: