News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը վերաքննության կարգով կքննի հայտնի «Օֆշորի» գործը: NEWS.am-ի հետ զրույցում այս գործով 16 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Սուքիասյանի շահերի պաշտպան Յուրիկ Խաչատրյանը նշեց, որ Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել գործը նորից քննելու, քանի որ Առաջին ատյանի դատարանը կոպիտ դատավարական սխալներ է թույլ տվել:

«Առաջին ատյանի դատարանը շատ կոպիտ դատավարական սխալներ է արել եւ Վերաքննիչն հիմա ուզում է շտկել դրանք, քանի որ այս գործը եթե այսպես գնա ՄԻԵԴ, պետությունը վճարելու է դատավորների սխալ կեցվածքի համար: Նորից քննություն է կատարվելու, այն միջնորդությունները, որոնք մենք արել ենք եւ Առաջին ատյանի դատարանը չի բավարարել, հիմա Վերաքննիչը քննության է առնելու»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ «Օֆշորի գործով» տուժող ճանաչված, ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանը պնդում է, որ իրեն պատկանող մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009թ. գրավ է դրել «Ամերիաբանկում», որն այն գնահատել է 33 միլիոն դոլար եւ դրա դիմաց գործարար Աշոտ Սուքիասյանին հատկացրել 10.7 միլիոն դոլար: Վերջինը, պայմանավորվածության համաձայն, այդ գումարը Աֆրիկայում ոսկու եւ ալմաստի արդյունահանման մեջ ներդնելու փոխարեն, փոխանցել է կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների, այդ թվում՝ Wlispera Holdings Limited-ին, իսկ Փայլակ Հայրապետյանը զրկվել է ունեցվածքից:

Կիպրոսի ռեգիստրի պաշտոնական կայքում Wlispera Holdings Limited-ի բաժնետեր նշվում էին Աշոտ Սուքիասյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Սամվել Կճոյանը: Սակայն 2014թ. հունվարին Թբիլիսում ձերբակալված եւ հինգ ամիս անց  հայաստանյան իրավապահներին արտահանձնված Սուքիասյանը պնդում է, որ Տիգրան Սարգսյանը եւ արքեպիսկոպոս Կճոյանը որեւէ կապ չունեն օֆշորային այդ ընկերության հետ, եւ որ նրանց ստորագրություններն անձամբ ինքն է կեղծել:

Գործով միակ մեղադրյալը գործարար Աշոտ Սուքիասյանն էր։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 1-ին կետով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ նա խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք է ձեռք բերել, օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներ, ինչպես նաեւ չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր եւ պարտադիր այլ վճարումներ կատարելուց:

Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հերքում են իրենց առնչությունը օֆշորային գործին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ