News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


«Ելք» դաշինքը նիստ է արել ու որոշել Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրել պատգամավոր Արտակ Զեյնալյանին: Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Զեյնալյանն ամենահարմար թեկնածուն է նախագահի գործառույթներն իրականացնելու համար:

Բայց «Ելք» խմբակցությունը միայնակ չի կարողանա նախագահի թեկնածու առաջադրել: Սահմանադրության փոփոխությունների համաձայն՝ դրա համար անհրաժեշտ է պատգամավորների առնվազն մեկ քառորդի ստորագրությունը: Դաշնակցության վրա հույս դնել «Ելք»-ը չի կարող. նախ՝ ՀՅԴ-ի խմբակցությունն ամենափոքրաթիվն է խորհրդարանում, բացի այդ՝ այն Հանրապետականի կոալիցիոն գործընկերն է: Արտակ Զեյնալյանի առաջադրման հարցը որոշել են քննարկել «Ծառուկյան» խմբակցության հետ: «Ծառուկյան» խմբակցությունը, սակայն, դեռ չի քննարկել «Ելք»-ի առաջադրած թեկնածուին սատարելու հարցը։

ՀՅԴ-ն նորմալ է համարում նախագահի թեկնածու առաջադրելու՝ «Ելք»-ի ցանկությունը: Դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանը, սակայն, չի կարծում, որ նախաձեռնությունը հաջողություն կունենա: Նշենք, որ 2018 թվականին, գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից եւ ամբողջությամբ խորհրդարանական կառավարման համակարգի անցնելուց հետո, հանրապետության նախագահին ընտրելու է Ազգային ժողովը: Քվեարկությունը տեղի է ունենալու փակ, գաղտնի: Առաջին փուլով ընտրված կհամարվի օրենսդիրների առնվազն 3/4-ի՝ 79 պատգամավորի «կողմ» քվեն ստացած թեկնածուն: Սա նշանակում է, որ եթե ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն որոշեն նախագահի թեկնածու առաջադրել, նույնիսկ «Ծառուկյան» խմբակցության աջակցության պարագայում, փաստորեն, անհավանական կդառնա «Ելք»-ի թեկնածուի ընտրվելը:

Ազգային ժողովն այսօր ընդունեց դեկտեմբերի 12-ից գումարված արտահերթ նիստի օրակարգի մնացած օրինագծերը: Այս նիստի օրակարգում ներառված հարցերը սպառվեցին, բայց պատգամավորները հանգստանալու ժամանակ դեռ չեն ունենա: Կառավարությունը խորհրդարանի եւս մեկ արտահերթ նիստ է նախաձեռնել: Այն կգումարվի հաջորդ երեքշաբթի՝ դեկտեմբերի 19-ին:

Ամանորի տոների ընթացքում ոչ աշխատանքային օրերի թիվը կկրճատվի. Կարեն Կարապետյանը դեռ անցյալ տարի էր հայտարարել, որ դրանք շատ են: Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է կրճատել սուրբծննդյան տոնին նախորդող հանգստյան օրերի թիվը: Որոշումը, սակայն, ուժի մեջ կմտնի 2019 թվականից:

Կարեն Կարապետյանն այսօր հիշեցրել է, որ հաջորդ տարի հանրապետությունում երեք խոշոր իրադարձություն է սպասվում՝ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի, Երեւանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումներ, հոկտեմբերին էլ՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով: Ակնկալվում է, որ Հայաստան մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելելու: Վարչապետն ուզում է, որ հավուր պատշաճի դիմավորենք հյուրերին. հանձնարարել է բարեկարգել Երեւանի եւ մարզկենտրոն քաղաքների մուտքի ու ելքի ճանապարհները եւ շրջակայքը:

Գործադիրը պատրասվում է եւս մեկ վարկ վերցնել, այս անգամ՝ Գերմանական զարգացման բանկից (KfW): 18.5 մլն եվրոն ծախսելու են Կումայրիի ոռոգման թունելի ընդլայնման, ջրատար համակարգի ստեղծման եւ ոռոգման սարքավորումների ձեռքբերման ու տեղադրման համար: Բանկը Հայաստանին նաեւ 5.3 մլն եվրո կտրամադրի, բայց արդեն դրամաշնորհի տեսքով: Այս ծրագիրն ուղղված է կլիմայական ռիսկերից գյուղատնտեսական հատվածի պաշտպանությանը:

Իսկ նիստից հետո լրագրողների հետ զրուցել է առողջապահության նախարարը: Լեւոն Ալթունյանին հարցրել են գարդասիլի թեմայով խոսելիս արած սկանդալային հայտարարության մասին, թե Հայաստանում մինչեւ 15 տարեկան աղջիկների 25%-ը սեռական կյանքի փորձ ունի: Ավելի ուշ, նախարարությունը, իհարկե, շտկել էր անընդհատ թվերը խառնող Ալթունյանի հայտարարությունը, այսօր էլ նախարարն ինքն է հաստատել. 25%-ը վերաբերում էր տղաներին:

Հայաստանն ԱՄՆ քաղաքացու նկատմամբ հետախուզում է հայտարարել, որին կասկածում են հանրապետությունում ահաբեկչական գործողություններ ծրագրելու մեջ: Հետախուզվողն ազգությամբ հայ է: Ազգային անվտանգության ծառայության տեղեկացմամբ՝ Ռ.Ք.-ն 2017 թվականի սեպտեմբերին Facebook-ում «Martin Avagyan» օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջ է գրանցել, որի միջոցով նյութեր է հրապարակել՝ «Մարտիկներ հանուն արդարության» անվանումով խմբավորում ձեւավորելու մասին: Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ էջի միջոցով նաեւ Հայաստանի իրավապահների եւ պաշտոնատար անձանց նկատմամբ բռնություն գործադրելու, պայթյուններ, հրկիզումներ իրականացնելու եւ համընդհանուր վախի մթնոլորտ ձեւավորելու ուղղակի կոչեր են հրապարակվել: Դատարանի որոշմամբ կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու որոշում է կայացվել եւ հետախուզում հայտարարվել: Քանի որ մեղադրյալն ԱՄՆ քաղաքացի է եւ բնակվում է այդ երկրում, Հայաստանի իրավապահները նրա տվյալները փոխանցել են ամերիկացի գործընկերներին: Փորձում են պարզել եւ հայտնաբերել նաեւ Հայաստանում Ռ.Ք.-ի հանցակիցներին:

Վլադիմիր Պուտինն առաջադրվելու է 2018 թվականի մարտին կայանալիք Ռուսաստանի նախագահի ընտրություններում: Կրեմլի ղեկավարն այս մասին հայտարարել է այսօր կայացած ամենամյա ասուլիսում եւ հայտնել, որ ինքնառաջադրվելու է:

Ռուսաստանի գործող նախագահի ասուլիսին, ի դեպ, մասնակցել է նաեւ նախագահի պաշտոնում առաջադրելու մտադրության մասին հայտնած լրագրող Քսենիա Սոբչակը: Նա ռուսական իշխանություններին մեղադրել է ընտրություններին մասնակցության հարցում մրցակցություն չապահովելու մեջ: Որպես օրինակ բերել է Ալեքսեյ Նավալնիին, որին, Սոբչակի խոսքով, թույլ չեն տալիս մասնակցել ընտրություններին: Ի պատասխան՝ Պուտինը Նավալնիին համեմատել է Սահակաշվիլիի հետ: Միխայիլ Սահակաշվիլիի թեման այսքանով չի ավարտվել: Խոսելով Կիեւում Վրաստանի նախկին նախագահի գործունեության մասին՝ Վլադիմիր Պուտինն ասել է, որ դա իր մոտ խղճահարություն է առաջացնում Ուկրաինայի հանդեպ: 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «թեթեւ ձեռքով» Երուսաղեմը շարունակում է կռվախնձոր մնալ Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ: Հիշեցնենք, որ Թրամփը հայտարարել էր Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին եւ կարգադրել ամերիկյան դեսպանությունը տեղափոխել Թել Ավիվից: Այս որոշումը ողջունեց միայն Իսրայելի ղեկավարությունը: Թրամփի հայտարարությունից հետո Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելու կոչեր հնչեցին: Իսլամական պետությունների ղեկավարները որոշել են հետեւել կոչին. Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ գագաթնաժողովի ժամանակ հայտարարվել է «Արեւելյան Երուսաղեմը որպես Պաղեստինի պետության մայրաքաղաք» ճանաչելու մասին: Բացի այդ՝ կազմակերպությունն առաջարկել է «բոլոր երկրներին ճանաչել Պաղեստին պետությունը եւ Արեւելյան Երուսաղեմը՝ որպես նրա օկուպացված մայրաքաղաք»:

Իսրայելին, սակայն, այս հայտարարությունն ամենեւին «չի տպավորել»: Ավելին, երկրի վարչապետը վստահ է, որ աշխարհի պետությունների մեծամասնությունը կհետեւի Թրամփի օրինակին եւ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք կճանաչի: Բենիամին Նեթանյահուն նաեւ նշել է, որ պաղեստինցիներն ավելի մեծ հաջողության կհասնեն՝ ճանաչելով իրականությունը եւ գործելով խաղաղության, այլ ոչ թե ծայրահեղականության օգտին:

Դեկտեմբերի 14-ին դոլարը շարունակել է արժեզրկվել, իսկ եվրոն ու ֆունտը զգալի աճել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 570, ռուբլունը՝ 8 դրամ 24 լումա, ֆունտինը՝ 649 դրամ:

Դեկտեմբերի 15-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -4-6 աստիճան ցուրտ, ցերեկը՝ +6+8 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ