«Շատ լավ, առողջ, տրամաբանված ցանկություն է»։ «Արմենիա» հեռուստատեսությանը տված բացառիկ հարցազրույցում այսպես է գնահատել նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետ Կարեն Կարապետյանի՝ որպես վարչապետ պաշտոնավարելու ցանկությունը։

Դիտարկմանը, թե Կարեն Կարապետյանը մի քանի անգամ ասել է, որ պատրաստ է շարունակել զբաղեցնել վարչապետի պաշտոնը, Սերժ Սարգսյանն ասել է. «Ժամանակը դեռ չի եկել։ Երբ կգա, կհայտարարեմ։ Մենք (ՀՀԿ-ն -խմբ.) վերջիվերջո իրավունք ունենք որոշելու, թե ով որտեղ ավելի արդյունավետ կարող է աշխատել։ Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի ցանկությանը, շատ լավ, առողջ, տրամաբանված ցանկություն է։ Կարեն Կարապետյանը որպես վարչապետ մեզ համար շատ ընդունելի անձնավորություն է։ Պետք չէ այստեղ ինչ-որ բաներ փնտրել։ Ես փնտրողներին նկատի ունեմ։ Կգա ժամանակը, կհայտարարենք մեր որոշումների մասին»։

Գնահատելով Կարեն Կարապետյանի կառավարության գործունեությունը՝ Սերժ Սարգսյանը նշել է, թե այդ կառավարության առջեւ էլ շատ կոնկրետ խնդիր էր դրված՝ հասնել արդյունավետ կառավարման։ «Այո, տնտեսական աճի կոնկրետ խնդիրներ չենք դրել, որովհետեւ դրանք պայմանավորված էին ինտեգրացիոն պրոցեսների որոշ խնդիրներով։ Բայց կարծում եմ, որ իրենք իրենց առջեւ են խնդիր դրել, եւ դա 5-6 տոկոս տնտեսական աճն է։ Կարծում եմ՝ դա էլ վատ ցուցանիշ չէ։ Հինգ տոկոսանոց աճը մեզ հնարավորություն կտա օգտվել դրա արդյունքներից, դա տեսանելի եւ շոշափելի կլինի»,- նշել  նախագահը։

Նախագահը նաեւ նշել է, թե լավ ապրելու միակ բանաձեւը աշխատելն է։ «Բարեկեցության միակ ճանապարհը տնտեսական աճն է։ Մեր կառավարությունն այս առումով մեծ ջանքեր է գործադրում»,- ասել է նախագահն ու հավելել. «Մենք ամեն ինչ պիտի անենք, որ մեր տեսական աճը լինի շոշափելի։ Մենք ավելի շատ պիտի արտադրենք, ավելի շատ աշխատատեղ ստեղծենք»։

Նրա խոսքով, ամենակարեւոր խնդիրներից մեկը բարձր վճարվող աշխատատեղերի ստեղծումն է։ «Այնպես չէ, որ 2018 թվականին աշխատավարձերը չեն բարձրանալու։ Դրույքաչափերը չեն բարձրանալու, բայց մարդիկ ավելի շատ են ստանալու։ Այս տարվա հոկտեմբերին միջին աշխատավարձը 4,6 տոկոսով ավելին է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Աճ լինելու է, ոչ շատ մեծ, բայց լինելու է։ Մենք պիտի ձգտենք, որ աշխատավարձի աճը լինի առաջանցիկ, քան գների աճը»,- նշել  նա։