News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թեւոսյանը որոշել է անվանափոխել համայնքը: Նոյեմբերի 24–ին ավագանու նիստ է տեղի ունեցել եւ միաձայն որոշում ընդունվել: Հիմք ընդունելով Նոր Քղի միության խնդրանք–գրությունը եւ բնակիչների դիմումները՝ ավագանին որոշել է Նոր Գեղի համայնքը անվանափոխել Նոր Քղի:

Նոր անվանումը համայնքի ղեկավարին չի զարմացնում: Այն նոր չէ: Նա «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ անվանումը պատմական նշանակություն ունի: Արեւմտյան Հայաստանի էրզրում նահանգի Քղի համայնքի բնակիչները ցեղասպանությունից հետո եկել են այստեղ եւ բնակավայրը նմանեցրել իրենց գյուղին: Բնակիչները գյուղին Քղի էլ անվանել են՝ թեեւ պաշտոնապես Բազմավան է կոչվել: 1964 թվականին համայնքը Նոր Քղիի փոխարեն, սակայն, Նոր Գեղի է անվանակոչվել:

Քղիի բնակիչների մեծ մասն այստեղից Կանադա են գնացել: Նրանց կապը, սակայն, մինչեւ այսօր պահպանվել է: Ստեղծվել է Նոր Քղի միությունը, որն այս համայնքին աչքաթող չի անում:

Նրանց միջոցներով թիվ մեկ դպրոցը վերանորոգվել է: Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող կոթող են կառուցել: Այս տարիներին համայնքին բազմաթիվ օգնություններ են հատկացրել: Թեւոսյանի խոսքով՝ մի քանի տարի առաջ բարեկամական կապն ընդհատվել էր: Վերջերս նորից են համայնք եկել եւ վերականգնել հարաբերությունները:

«Եկան ու խոստացան, որ մսուր–մանկապարտեզում վերանորոգումներ կլինեն, բայց խնդրեցին, որ գյուղը Նոր Քղի կոչվի: Մենք էլ քննարկեցինք, բնակիչներից 150 հոգի դիմում գրեց: Ավագանին քվեարկեց եւ խնդրանքին ընդառաջեց»,– ասաց Թեւոսյանը:

Միության անդամները համայնքի անվանափոխության հարցով նաեւ Սփյուռքի նախարարությանն են դիմել: Վերջինս էլ գրություն է ուղարկել մարզպետարան: Համայնքում էլ խնդրանքը քննարկման են դրել:

«Մեր գյուղին շատ են օգնել: Հիմա մեզ ինչ է խանգարում՝ Նոր Գեղի, թե՞ Նոր Քղի»,– ասաց նա:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ