News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Գերմանիայում ընտանեկան բռնության ենթարկվածների 62 տոկոսը ներգաղթյալներ են, նրանց թվում մեծ թիվ են կազմում ռուսներն ու թուրքերը։ Այդ մասին Բեռլինում հայ լրագրողների հետ զրույցում նշել է Բեռլինում հրատարակվող «Դեր Ֆրեյթագ» թերթի գլխավոր խմբագիր Զիմոնե Շմոլլակը։

Նրա խոսքով, Գերմանիայի ոստիկանության վիճակագրության համաձայն, 2015թ. արձանագրվել է ընտանեկան բռնության 127,5 հազար դեպք, իսկ 2016թ.՝ 133 հազար։ Տուժածների 80 տոկոսը կանայք են, 20 տոկոսը՝ տղամարդիկ։ Ընդ որում, բռնություններ գործադրած անձանց 89 տոկոսն է տղամարդ։

Զիմոնե Շմոլլակի խոսքով, նախկինում ընտանեկան բռնությունների թեման ավելի շատ էր լռեցվում, բայց հիմա ավելի շատ են սկսել խոսել նաեւ ԶԼՄ-ներում։  Բռնությունը կարող է վերաբերել նաեւ տղամարդկանց, սակայն կանանց ավելի շատ է առնչվում, նշում է թերթի խմբագիրը։

Խոսելով կանանց նկատմամբ բռնությունների բնույթի մասին՝ Շմոլլակն ասում է, թե գերմանական հասարակությունում էլ միֆեր կան, իբր կինն է ամեն ինչում մեղավոր, իր վարքով, հագուստով, պահվածքով սադրում է։ «Նախապաշարմունքները խորը նստած են հանրության մեջ»,- ասում է նա։

Զիմոնե Շմոլլակը գիրք է գրել ընտանեկան բռնությունների մասին եւ արձանագրել, որ ներգաղթյալ կանայք ավելի հաճախ են ենթարկվում ընտանեկան բռնությունների։ «Բռնության ենթարկվածների 62 տոկոսը ներգաղթյալներ են, նրանց թվում մեծ թիվ են կազմում ռուսներն ու թուրքերը։ Ճգնաժամային բնակարաններում ապրող կանանց 80 տոկոսն է ներգաղթյալ»,- ասել է նա։

Այդուհանդերձ, գերմանացի փորձագետների գնահատմամբ, բռնությունները կապված չեն սոցիալական դրության, ֆինանսների, կրթության հետ, դեպքեր կան, երբ պրոֆեսորի ընտանիքում է եղել բռնության դեպքը։ «Բռնություններ կան հասարակության բոլոր շերտերում։ Դա միշտ կապված է իշխելու ցանկության հետ, նման հարաբերություններում չկա իրավահավասարություն»,- նշել է Զիմոնե Շմոլլակը։

Բեռլինի կանանց խորհրդի ղեկավար Իզաբել Մերկլեն էլ նշում է, թե Բեռլինում ընտանեկան բռնությունների համար ձերբակալվածների 80 տոկոսը տղամարդիկ են։

Բռնարարների նկատմամբ պատիժը մեծ չէ, այն կարող է լինել դրամական տուգանք կամ ազատազրկում մինչեւ մեկ տարի ժամկետով։ Կին իրավաբանների գերմանական միության իրավաբան Աննա Կատրինա Վոլֆի խոսքով, գերմանական հասարակությունում կոչեր են հնչում, որ պատիժը մեղմ է եւ պետք է խստացնել։ Հատկապես բարդ խնդիր է ապացույցների հավաստիությունը։ Դատարան կանչվում են թե բռնության ենթարկվածը, թե բռնություն գործադրելու մեջ մեղադրվողը, երկուսին էլ լսում են դատարանը որոշում է կայացնում։ NEWS.am-ի թղթակցի հարցին, թե հնարավոր է ապացույցներ կեղծվեն, իրավաբանը պատասխանեց, որ պետք է ձայնագրել, հաղորդագրությունները պահպանել՝ դատարան դիմելու համար։

Բեռլինում ընտանեկան հարաբերությունները քննելու համար գործում է Տեմպելհոֆ-Կրոյցբերգի շրջանային դատարանը, որն ամենամեծ նման հաստատությունն է Գերմանիայում։ Այս դատարանում տարեկան շուրջ 20 հազար գործ է քննվում։ Դատավոր Ուլրիկե Նորդհոֆը նշում է, թե ժամանակավոր անօթեւան դառնալու հեռանկարը նվազեցնում է ընտանեկան բռնությունների դեպքերը։ «Սովորաբար դատաքննության ընդհանուր պրոցեսը տեւում է 3 շաբաթ, արտակարգ դեպքերում կարող է անհապաղ որոշում կայացվել, եթե կնոջ կյանքին վտանգ է սպառնում»,- ասում է նա։ Ընտանեկան գործերով դատավորը չի կարող քրեական գործերով վճիռ կայացնել։

Ըստ դատավորի, ոստիկանների պատասխանատվությունն ահռելի է, ամեն բաժանմունքում ընտանիքի գործերով լիազոր կա, որը հատուկ ուսուցում է անցնում։

Գործնականում արտաքսված տղամարդիկ օթեւան են գտնում ըկերների մոտ, շատ դեպքերում էլ կանայք հետ են ընդունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ