News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 19
Տեսնել լրահոսը


Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերությանը.

Եվրամիությունն, ըստ էության, գնաց փոխզիջման Հայաստանի հետ եւ ստորագրեց հենց այն կառուցվածքով եւ փիլիսոփայությամբ, որն առաջարկում էր Հայաստանն ու անձամբ Դուք: Հայաստանի բանաձեւը՝ լինել կամուրջ ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության միջեւ, «եւ՛-եւ՛»-ի քաղաքականությունը որքանո՞վ կաշխատի այն պարագայում, երբ Արեւմուտքի եւ Ռուսաստանի հարաբերությունները գնալով վատթարանում են, կամ եթե վատթարանան: Արդյոք մենք ստիպված չե՞նք լինի հետ կանգնել այն բարեփոխումներից ու պարտավորություններից, որ ստանձնել ենք Եվրամիության հետ փաստաթուղթը ստորագրելուց:

Եվրամիության հետ նոր համաձայնագրի ստորագրումը ճիշտ չէ դիտարկել զիջում, փոխզիջում ձեւակերպումների ներքո: Սա իմ համոզմունքն է: Ես կարծում եմ, որ առողջ տրամաբանությունն, իրոք, հաղթեց, եւ եթե որեւէ կողմ պայմանագիր է ստորագրում, դա նշանակում է, որ կողմերն այդ պայմանագրի մասով հասել են իրենց ցանկացածի գոնե նվազագույնին: Այնպես որ թե ինչ ճանապարհներով ենք հասել պայմանագրի ստորագրմանը, դա զուտ բանակցային պրոցես է: Երբեք մեզ համար երկխոսությունը արեւմտյան եւ արեւելյան ուղղություններով չի դիտարկվել որպես հակադրություն: Մենք մշտապես համոզված ենք եղել, որ պետք է համագործակցել, երկխոսել թե՛ Արեւմուտքի հետ, թե՛ Արեւելքի հետ, թեեւ դժվար է Ռուսաստանն անվանել արեւելք, կոնկրետ Ռուսաստանի հետ: 
Սա շատ լավ առիթ է, որպեսզի ես հակիրճ անդրադառնամ բանակցությունների պատմությանը, որովհետեւ շատ մարդիկ, ովքեր տարբեր կարծիքներ էին հայտնում մինչ համաձայնագրի ստորագրումը ուղղակի, երեւի, իրենց նեղություն չեն տվել մի քիչ հետ գնալ եւ սկսել ակունքներից: Եթե հիշում եք, Եվրամիությունն Արևելյան գործընկերության ծրագիրը հռչակեց 2009 թվականին և 2010 թվականից սկսած մենք բանակցություններ էինք վարում այդ ծրագրի արդյունքներից օգտվելու, համաձայնագիր ստորագրելու համար: Եվ եթե հիշում եք, նույն ժամանակահատվածում, նույնիսկ դրանից ավելի վաղ, ինտեգրացիոն պրոցեսներ էին տեղի ունենում նաեւ ԱՊՀ տարածքում: Երբ մենք բանակցությունների առաջին փուլը սկսում էինք Եվրամիության հետ, մենք անկեղծորեն մեր եվրոպացի գործընկներին ասացինք, որ Ռուսաստանը մեր դաշնակցին է, մեր ժողովրդի անկեղծ բարեկամը եւ մեր տնտեսությունը հազարավոր թելերով կապված է առաջին հերթին ռուսական տնտեսության եւ ԱՊՀ մնացած երկրների տնտեսությունների հետ: Եվ մենք չեն կարող բանակցել մի թեմայի շուրջ, մի համաձայնագրի շուրջ, որը կարող է խոչընդոտել մեր տնտեսական կապերին՝ առաջին հերթին: Մեր եվրոպացի գործընկերները հաճույքով սա լսեցին, ընդունեցին եւ ինչպես իրենք ասեցին, ըմբռնումով մոտեցան, եւ մենք տեւական ժամանակ բանակցում էինք: Բայց եկավ մի պահ, երբ բանակցություններ վարողը սկսեց պայմաններ դնել եւ ասել՝ գիտեք, Եվրասիական տնտեսական միության դրույթները հակասում են մեր պայմանագրի դրույթներին եւ այլն: Այսինքն՝ մեր առջեւ խնդիր դրվեց ընտրություն կատարել՝ երկու, այսպես ասած, տնտեսական շուկաների միջեւ: Մենք ստիպված էինք հիշեցնել, որ դեռեւս 2010 թվականին այսպես էինք պայմանավորվել, եւ եթե դուք համարում եք, որ սա խոչընդոտ է, ապա մենք չենք կարող գնալ մի քայլի, որն իր մեջ շատ մեծ ռիսկեր է պարունակում: Եթե դուք վերհիշեք, մենք այդ ամենն արել ենք թափանցիկ՝ բազմաթիվ անգամ հայտարարելով, որ Արեւելյան գործընկերության այս ծրագիրը, Ասոցացման համաձայնագիրը չի հակասում մյուս ինտեգրացիոն գործընթացներին մասնակցելուն:

Այո՛, բայց այլ բան էր, որ եվրոպացիներն էին սկզբում շատ կատեգորիկ:

Սկզբում՝ ոչ, այլ՝ ընթացքում:

ԵԱՏՄ-ին միանալուց հետո՞:

Ո՛չ: Մինչ միանալը: Ես ասում եմ որոշման դրդապատճառը: Երբ մարդիկ խոսում են, ասում են, իբր, մի գիշերվա մեջ միայնակ որոշում եմ կայացրել, ինձ համար, իհարկե, շատ ծիծաղելի է, որովհետեւ հրապարակային ելույթները գոյություն ունեն, քննարկումները կան եւ այստեղ այլ կարծիք լինել չի կարող:

Մի անգամ Դուք ասել եք, որ եվրոպացի գործընկներին ԵԱՏՄ-ին միանալու Դուք տեղեկացրել եք առնվազն 4 ամիս առաջ: Դա այդպե՞ս է:

Այո՛, իհարկե: Բայց խոսքը միայն դրա մասին չէ, խոսքը նաեւ հրապարակային ելույթների մասին է, որ դժվար չի վեր հանել եւ տեսնել: Բոլոր դեպքերում բանակցությունները շարունակվեցին: Շարունակվեցին նոր սկզբունքների ներքո, եւ դա հիմնականում տեղի ունեցավ 2015թ. Ռիգայի գագաթնաժողովի ընթացքում: Ռիգայի գագաթնաժողովը պատմական գագաթնաժողով է այս առումով եւ այնտեղ որոշում կայացվեց, որ Արեւելյան գործընկերության երկրներին պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերել, որովհետեւ բոլոր պարագաներում բոլորիս մի ընդհանուր բան է միավորում՝ դա հետխորհրդային երկրներ լինելն է, բայց Հայաստանն էապես տարբերվում է եւ՛ Ուկրաինայից, եւ՛ Բելառուսից, եւ՛ Մոլդովայից, այնպես ինչպես Վրաստանը տարբերվում է Ուկրաինայից, Ադրբեջանից եւ այլն: Բանակցությունները շարունակվեցին արդեն այդ ոգով, եւ ես ուրախ եմ, որ, իրոք, համաձայնագիրը հաջողվեց ստորագրել: Ինչպես ասացի, ես դա համարում եմ առողջ տրամաբանության հաղթանակ՝ ցուցաբերված եւ՛ Եվրամիության մեր գործընկների կողմից, եւ՛ մեր կողմից: Խնդիրն այստեղ ուրիշ բանում է. երբ մենք մտածենք հակադրությունների մասին, որ մի օր հակադրություն կարող է լինել, թեեւ ինչ-որ տեղ պարտավոր ենք մտածել, եւ մեր գործողությունները միայն սրանով պայմանավորենք, մենք շատ բանի չենք հասնի: Ի վերջո, Եվրամիությունը հսկայական շուկա ունի, Մաքսային միությունը հսկայական շուկա ունի, եւ մեր նպատակը պետք է լիներ եւ այդպիսին էլ կա, արտահանման խթանումը: Այսինքն՝ մենք շատ ավելի ապրանք պետք է արտադրենք արտահանենք, հիմա էլ դա մեզնից է կախված՝ որքանով կաճի մեր տնտեսությունը, որքանով շատ ապրանքներ կարող ենք արտահանել, եւ այդ ապրանքները կարող են հավասարապես արտահանվել եւ՛ Եվրասիական տնտեսական միության շուկա, եւ՛ Եվրամիության շուկա՝ ուղիղ այնպես ինչպես հիմա է տեղի ունենում: Մեր արտահանումների 28 %-ը բաժին է հասնում Եվրամիության շուկային, դրանից մի քիչ ավելի քիչ՝ Եվրասիական տնտեսական միության շուկային: Իհարկե, կառուցվածքների մեջ տարբերություն կա՝ որտեղ պատրաստի ապրանք, որտեղ հումք եւ այլն, բայց բոլոր դեպքերում ծավալն այդպիսին է: Մենք մշտապես պետք է այս ուղղությամբ գնանք, մենք պետք է համադրենք շահերը եւ ոչ թե փորձենք հակասությունների վրա խաղալ: Նրանք, ովքեր փորձում են հակասությունների վրա խաղալ, մշտապես մեծ, շատ մեծ գլխացավանք են ունենում: Կան այդպիսի օրինակներ:

Պարո՛ն Նախագահ, Դուք բազմիցս ասել եք, որ ինտեգրացիոն միությունները եւ պրոցեսները ժամանակ են պահանջում՝ տնտեսական էֆեկտը զգալու համար: Ընդ որում՝ եւ՛ ԵԱՏՄ-ի, եւ՛ Եվրամիության դեպքում: Եվրամիության դեպքում «առաջին ծիծեռնակը» կարող է դառնալ վիզաների ազատականացումը: Որքան հասկանում եմ պաշտոնական հայտարարություններից՝ վիզաների ազատականացման պայմանավորվածության շուրջ բանակցություններն ավարտվել են, եւ հիմա ժամանակն է բանակցել վիզաների ազատականացման մասին: Կա՞ մոտավոր ժամկետ՝ դա երբ կլինի:

Ուզում եմ, որ բոլորին հասկանալի լինի՝ նոր համաձայնագիրը առանձին գործընթաց է, իսկ մուտքի արտոնագրերի ազատականացումը կամ, ինչպես Դուք եք ասում, վիզաների պահանջի վերացումն այլ գործընթաց է: Իհարկե, դրանք, ամենայն հավանականությամբ, պայմանավորված են իրարով, բայց ստորագրել նոր համաձայնագիր դա չի նշանակում, որ ինքնին սկսվեց մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացը: Այո՛, գագաթաժողովի ժամանակ եղավ կարծիք, որ, երեւի թե, անհրաժեշտ է սկսել երկխոսություն այս առումով: Ես կարծում եմ, որ հաջորդ տարվա միգուցե առաջին կեսին կամ մինչեւ այդ, թեեւ անշնորհակալ գործ է ամբողջ երկրով մեկ որեւէ ժամկետի վերաբերյալ հայտարարություն անելը, բայց կարծում եմ, որ այդ ժամանակահատվածում մենք կսկսենք երկխոսությունը: Այդտեղ եւս բազմաթիվ խնդիրներ կան, դա տեւական պրոցես է: Եթե լավ աշխատենք, կարծում եմ, 2-3 տարիների ընթացքում հնարավոր կլինի հասնել վերջնանպատակին:

-Դուք խոսեցիք արտահանման մասին՝ եւ՛ ԵԱՏՄ, եւ՛ Եվրոպական միություն: Հայտնի է, որ Եվրամիության հետ մեր գործարարները շփվում են GSP+ համակարգի շնորհիվ, բայց շատ քչերն են, ըստ էության, դրանից օգտվում: Ասացեք խնդրեմ, նոր ստորագրված փաստաթղթերով արդյոք նոր հնարավորություններ կբացվե՞ն գործարարների համար:

Նախ՝ չէի ասի, որ շատ քչերն են օգտվում: Մեր արտահանումների 40 տոկոսը հենց այդ համակարգի ներքո է կատարվում: Այո՛, ապրանքատեսակները շատ են, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, 6200 ապրանքատեսակների գծով մենք Եվրամիությունում ունեն արտոնյալ պայմաններ, այսինքն՝ դրանք մաքսազերծվում են կամ 0-ական դրույքաչափով, կամ էապես ցածր դրույքաչափով: Իհարկե, համաձայնագիրն ավելի նպաստավոր պայմաններ է ստեղծում, բայց կարեւորը ապրանք արտադրելն է: Մենք պետք է կարողանանք շատ ու որակյալ մրցունակ ապրանք արտադրել, մրցունակ ապրանք արտադրել եւ այն ժամանակ արտահանողների համար որեւէ խոչընդոտ չի լինի: Այսօր էլ խոչընդոտ չկա, ով արտադրում է մրցունակ, որակյալ ապրանք, նա հանգիստ այդ ապրանքը վաճառում է ինչպես Եվրամիության շուկայում, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շուկայում, այլ շուկաներում եւս: Այնպես, որ այդ համակարգը մեզ համար շատ օգտակար համակարգ է, նաեւ այդ համակարգն է, որ մեզ հնարավորություն է տալիս այդպիսի ծավալ՝ այսինքն` առեւտրաշրջանառության 1/3-ը ունենալ Եվրամիության պահանջկոտ շուկայում:

Պարո՛ն Նախագահ, Եվրամիության եւ Հայաստանի միջեւ կնքված նոր փաստաթղթում բավականաչափ հավասարակշռված դիրքորոշում եւ ձեւակերպումներ կան ղարաբաղյան հակամարտության հետ կապված: Փորձագետների մի մասը հակված է կարծելու, որ սա շատ կարեւոր ձեռքբերում է հայկական կողմի համար, այն իմաստով, որ սա իրավական փաստաթուղթ է, որը վավերացվելու է Եվրամիության բոլոր երկրներում: Փորձագետների մյուս մասն էլ հակված է կարծելու, որ սա ձեւակերպում է, որը մեզ չի խանգարում, բայց, այսպես ասած, ավելի իներտ ֆոն է ստեղծում: Դուք ի՞նչ կասեք:

Անկեղծորեն ես ծանոթ չեմ երկրորդ խմբի փորձագետների կարծիքին, քանի որ դա շատ տարօրինակ կարծիք է: Դուք ասացիք, որ այս պայմանագիրը պետք է վավերացվի անդամ երկրների խորհրդարանների կողմից, իսկ եթե մեր խորհրդարանը վավերացնում է մի համաձայնագիր արդյոք մեզ համար դա չի՞ դառնում առաջնորդվելու փաստաթուղթ:

Օրենքի ուժ է ստանում:

Բա, եթե օրենքի ուժ է ստանում, դա նշանակում է, որ Լեռանային Ղարաբաղի խնդիրին առնչվելիս այդ երկրները պետք է առաջնորդվեն օրենքի ուժ ստացած այդ փաստաթղթով: Դուք շատ լավ հիշում եք, որ այդ փաստաթուղթը վերահաստատում է Եվրամիության հանձնառությունն օժանդակել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ իր գործառույթն իրականացնելու: Փաստաթղթում հաստատորեն նշվում են այն երեք սկզբունքները, որ բոլորի կողմից ընդունված ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը մեզ՝ նկատի ունեմ կողմերին, առաջարկել է: Այսինքն՝ երեք սկզբունքներն այնտեղ առկա են, ձեւաչափն առկա է, Եվրամիության հանձնառությունը կա: Ներողություն, ուրիշ էլ ի՞նչ պետք է լիներ այդտեղ, որպեսզի մարդիկ կասկած չհայտնեին այս փաստաթղթի օգտակարության եւ շատ կարեւորության մասին: Ես կարծում եմ, որ սա այս փաստաթղթի կարեւորագույն հատվածներից մեկն է:

Հակամարտության մասին վերջին, այսպես ասած, լուրը վերաբերում էր Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, բայց, ըստ էության, հանդիպումը չէր կարող քննարկել բանակցությունների սեղանին դրված փաստաթուղթը, այլ ընդամենը միտված էր համաձայնեցնելու նախագահների օրակարգները, ընդհանուր հանդիպումները: Ասացեք խնդրեմ, արդյոք ճի՞շտ է պնդումը, որ, ըստ էության, ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաստաթղթի շուրջ կամ կարգավորման կետերի շուրջ արդեն գոնե 2 տարի չի խոսվում:

Կոնկրետ կետերի շուրջ, այո՛, չենք խոսում: Բայց Դուք եթե տեսնեք, թե այս երկու տարիներին ինչ է տեղի ունեցել, ապա այդ պրոցեսը պետք է բնական համարել: Վերջին երկու տարվա ընթացքում մենք հանդիպումներ ենք ունեցել Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում, ունեցել ենք պայմանավորվածություններ, եւ հիմա, այսպես ասած, պրոցեսը գնում է երկու ուղղությունով: Առաջին ուղղությունն այն է, որ պետք է լարվածությունը թուլացնել, պետք է հետաքննության մեխանիզմներ ստեղծել, որը կբերի փոխվստահության որոշակի մթնոլորտի, եւ որից հետո հնարավոր կլինի ավելի խորանալ փաստաթղթի դրույթների շուրջ: Ես մի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ հնարավոր չէ մի ձեռքով բանակցել, մյուս ձեռքով՝ կրակել: Բանակցությունները կրակոցներ չեն սիրում: Եվ այդպիսի պայմաններում հնարավոր չէ գալ ինչ-որ մի համաձայնության: Կրակոցները միշտ խանգարում են, մարդկային զոհերը միշտ ցավալի են եւ շատ նյարդային մթնոլորտ են մտցնում բանակցային պրոցեսում: Հանդարտ մթնոլորտում պետք է կշռադատել յուրաքանչյուր բառը, յուրաքանչյուր դրույթը, որպեսզի հնարավոր լինի գալ համաձայնության:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր տարածաշրջանում: Նա եղավ եւ՛ Հայաստանում, եւ՛ Ադրբեջանում եւ, ըստ պաշտոնական հաղորդագրության, բանակցությունների օրակարգի գլխավոր հարցը հենց ղարաբաղյան հակամարտությունն էր: Ի՞նչ էր առաջարկում Լավրովը:

Որեւէ հայեցակարգային առաջարկություն չկար, ընդհանրապես նոր առաջարկություն չկար: Հայ-ռուսական հարաբերությունների օրակարգն այնքան հարուստ է, որ բարձրաստիճան պաշտոնյաների այցերի ընթացքում մենք լոկ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չեն քննարկում: Ղարաբաղի մասով, նորից եմ ասում, ինչ-որ կար Լավրովն ասուլիսի ընթացքում ներկայացրեց: Ռուսաստանի արտգործնախարարը համոզված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո է հնարավոր կարգավորել այս կոնֆլիկտը եւ առաջարկված սկզբունքները միակն են, որ հնարավորություն են տալիս լուծելու կոնֆլիկտը:

Հասկանալի է, որ հիմա բանակցությունների փուլում կողմերն ավելի կարծրացած են իրենց դիրքորոշումներում: Դուք կարծում եք կացնի՞ այս ուլիտիմատային փուլը, եւ եթե անցնի որտեղից պետք է շարունակել: Ո՞րն է կարգավորման Ձեր տեսլականը:

Իմ տեսլականը հետեւյալն է. շփման գծում պետք է հանդարտություն տիրի: Զոհերը պետք է բացառվեն: Այս մարդաորսը, որը կա այսօր, պետք է բացառվի: Դա կստեղծի որոշակի մթնոլորտ, որոշակի փոխվստահություն: Որտեղի՞ց է գալիս փոխվստահությունը, փոխվստահությունը գալիս է այնտեղից, երբ սկսում ես կատարել նախօրերին ձեռք բերված պայմանավորվածությունները: Եթե պայմանավորվածությունները չես կատարում մեկ անգամ, անվստահության որդը սկսում է կրծել: Հաջորդ-հաջորդ-հաջորդ եւ այսպես գոյանում է անվստահության մթնոլորտ: Սա պետք է վերացնել, որից հետո հանդարտ մթնոլորտում բանակցությունները շարունակվեն:

Վստահ եմ, հետեւել եք խորհրդարանական քննարկումներին, որտեղ խորհրդարանական որոշ ընդդիմադիրներ առաջարկում էին դադարեցնել Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին՝ բերելով քաղաքական, տնտեսական փաստարկներ: Ինչպե՞ս եք վերաբերում այդ պահանջին: Հասկանալի է, որ Ձեր կուսակիցները արտահայտել են իրենց դիրքորոշումը քվեարկությամբ, բայց Դուք անձամբ որքանո՞վ եք ռացիոնալ հատիկ տեսնում այդ բանավեճի մեջ:

Բացարձակապես ռացիոնալություն չեմ տեսնում: Ես այստեղ տեսնում եմ ուղղակի որոշակի շահերին ծառայելու ցանկություն կամ որոշակի համոզվածություն, որը գալիս է նյութին մինչեւ վերջ չտիրապետելուց, բայց եթե իրոք նրանք համոզված են՝ կարող են լուրջ փաստարկներ բերել, ես որեւէ լուրջ փաստարկ չեմ լսել:

Օրինակ՝ հունվարի մեկից 900 ապրանք կարող է թանկանալ:

Դրանք էական ազդեցություն չեն կարող ունենալ:

Այսինքն՝ գների թռիչքաձեւ ազդեցություն...

Դրանք էական ազդեցություն չեն կարող ունենալ ո՛չ թռիչքային գնաճերի առումով, եւ ոչ էլ տնտեսությանը խոչընդոտելու առումով: Ես դա ենթադրաբար չեմ ասում: Երբ մենք 2015 թվականից սկսեցինք արդեն լիարժեք անդամակցել այդ կառույցին, մի քանի հազար ապրանքատեսակների գծով փոխվեցին դրույքաչափերը եւ ի՞նչ, մեր երկրում եղա՞վ թռիչքաձեւ գնաճ, իհարկե՝ չեղավ, ուրեմն հիմա էլ ազդեցությունը մեծ չէ եւ այդ ազդեցությունը նաեւ փոխհատուցվում է այլ ապրանքատեսակների մասով՝ ավելի էժան գներով, եւ, կարծում եմ, այստեղ հավասարակշռված մոտեցում ունենք եւ այդ մոտեցումը բերում է նրան, որ օրինակ 2016 թվականին մեր երկրում, ընդհակառակը, գնանկում տեղի ունեցավ: Սա էլ փաստ է, որ չեն կարող ժխտել եւ այսօր էլ մենք շոշափելի գնաճ չունենք: Այո՛, որոշ ապրանքատեսակների գներ բարձրացել են՝ կապված միջազգային շուկաներում այդ ապրանքատեսակների թանկացումների հետ, բայց ընդհանուր գնաճը կառավարելի է: Եվ հաշվի առնենք այն հանգամանքը, որ, թեեւ, բոլորն ասում են՝ աշխատավարձերը չեն բարձրացնում եւ այլն, աշխատավարձի բարձրացման տեմպը հենց այսօր, այսօրվա դրությամբ մի քիչ ավելի բարձր է, քան գնաճը: Սա, կարծում եմ, շատ կարեւոր հանգամանք է, նույնը՝ 2016 թվականին էր:

Ռեգիոնալ զարգացումներից թերեւս ամենամտահոգիչներից մեկը Իրանի եւ Արեւմուտքի հարաբերություններն են: Հայտնի է, որ Միացյալ Նահանգների նախագահը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ կասկածի տակ է դնում Իրանի միջուկային, ատոմային ծրագիրը: Ասացեք խնդրեմ, ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը այս զարգացումներին եւ արդյոք դա չի վտանգի հայ-իրանական ծրագրերը, որոնք այս տարի բավականաչափ ակտիվացան եւ առաջիկայում սպասվում են նոր զարգացումներ նույնպես:

Մենք մեր դիրքորոշումը մշտապես արտահայտել ենք, արտահայտել ենք հրապարակավ, արտահայտել ենք մեր հանդիպումների ժամանակ եւ մենք համարում ենք, որ բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը բխում է, եթե դիտարկենք մեր տեսանկյունից, առաջին հերթին մեր շահերից, բխում են նաեւ կողմերի շահերից, ուստի, իհարկե, ցանկալի է, որպեսզի այդ համաձայնագիրը պահպանվի եւ ցանկալի է, որպեսզի այդ համաձայնագրի դրույթներն իրականացվեն: Ի վերջո, կարծում եմ մենք պետք է մտածենք հետեւյալ կերպ. որքանով բարեկեցիկ ապրի իրանցի ժողովուրդը, այնքանով դա օգտակար է Հայաստանին: Օգտակար է, քանի որ կաշխուժանա առեւտուրը, կաշխուժանան տուրիստական հոսքերը, կաշխուժանան մեր շփումները: Ի վերջո, ցանկացած հանրություն բաղկացած է անհատներից, սուբյեկտներից եւ որքանով բարեկեցիկ լինեն այդ անհատները, այդ սուբյեկտները, այդքանով նաեւ բարեկեցիկ կլինի ամբողջ հանրությունը: Իրանը մեզ բարեկամ երկիր է, Իրանի հետ մենք շփվելու հազարամյակների փորձ ունենք, եւ այսօրվա առեւտրաշրջանառության ծավալները մեզ չեն բավարարում, այսօրվա տնտեսական համագործակցության մակարդակը մեզ չի բավարարում, այստեղ հսկայական ներուժ կա եւ այդ հսկայական ներուժի իրացման համար անհրաժեշտ է Իրանում կայունություն, խաղաղություն եւ այդ դեպքում, իրոք, այդ կայունության եւ խաղաղության պտուղները կարող ենք քաղել նաեւ մենք:

2018 թվականի գլխավոր իրադարձություններից մեկը, իհարկե, Ֆրանկաֆոնիայի 17-րդ համաժողովն է Հայաստանում: Ասացեք խնդրեմ, որքանո՞վ է դա կարեւոր Հայաստանի համար:

Չափազանց կարեւոր է, ընդհանրապես 2018 թվականը հարուստ է լինելու մեծ միջոցառումներով: Ինչպես նշեցիք, Ֆրանկաֆոնիայի գագաթաժողովը հոկտեմբերի 11-12-ին, գրեթե նույն ժամանակահատվածում մենք տոնելու ենք Երեւանի 2800-ամյակը, իսկ մայիսին տոնելու ենք Առաջին Հանրապետության 100-րդ տարեդարձը: Սրանք խոշոր միջոցառումներ են, որոնց մասնակցելու են բազմաթիվ հյուրեր: Կոնկրետ Ֆրանկաֆոնիայի գագաթաժողովը երբեւէ Հայաստանում անցկացված ամենախոշոր միջոցառումն է արտասահմանյան պատվիրակությունների եւ, հատկապես, պետությունների ղեկավարների մասնակցության տեսակետից: Մենք այդպիսի փորձ չունենք: Դա պահանջում է քրտնաջան աշխատանք, պահանջում է ճշգրիտ հաշվարկներ, պահանջում է կատարողական մեծ կարգապահություն: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի պատվով դուրս գանք, դա հնարավորություն է եւ մարտահրավեր: Մարտահրավեր այն առումով, որ պետք է կարողանանք, իրոք, բարձր մակարդակով անցկացնել, իսկ հնարավորություն այն տեսակետից, որ եթե մեկ անգամ կարողանում ենք անցկացնել այդպիսի մեծ ֆորում, ապա հաջորդներն իրենց շատ սպասել չեն տա:

Դուք վերջերս Արցախում էիք, որտեղ այցելել եք զորամասեր, հետեւել եք զորավարժություններին, կուզենայի Ձեր կարծիքն իմանալ շփման գծում կատարված աշխատանքների մասին այն մասով, որ, օրինակ, կարելի է ասել, որ հենց այդ կատարված աշխատանքների շնորհիվ դիվերսիաները նվազել են, գրեթե զրոյացել, որովհետեւ եթե երկու-երեք տարի առաջ դիվերսիաները մեծ խնդիր էին, հիմա դրանք արդեն վերացել են: Ի՞նչ խնդիր է հիմա դրված պաշտպանության բանակի առաջ:

Ես ամբողջովին կիսում եմ այն կարծիքը, որ դիվերսիաների հնարավորության մինիմալիզացումը, իհարկե, կապված է այն սարքավորումների տեղադրման հետ, որ հիմա ունենք շփման գծում: Եթե հիշում եք, տեւական ժամանակ առաջ, ես նկատի ունեմ սարքավորումներ տեղադրելուց հետո, երկու-երեք փորձ եղան, այդ փորձերը ձախողվեցին մեծ կորուստներով, եւ սա, կարծեմ, եղավ արդյունքը, որ հիմա, իրոք, դիվերսիաներ անցկացնելու հնարավորությունը նվազել է: Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա հենց անվանման մեջ է մեր խնդիրը՝ Պաշտպանական բանակ, այսինքն՝ մեր արեւելյան սահմանների եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների պաշտպանությունն արդյունավետ իրականացնել: Չեմ ուզում մանրամասների մեջ խորանալ, բայց հավատացած եղեք, որ մենք ունենք կոնկրետ ծրագրեր, որ կբացառեն այլ գործողություններ եւս: Երբ մենք ասում էինք՝ ծրագիր ունենք եւ դիվերսիաները կբացառվեն, շատերը կասկած էին հայտնում: Հիմա ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ տեսանելի ապագայում կբացառվեն այլ գործողություններ եւս: 
Հոկտեմբերի 24-ին Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հայտարարեցիք բանակը բարեփոխելու յոթնամյա ծրագրի մասին: Պարո՛ն Նախագահ, բանակը բարեփոխվել է միշտ, եւ բանակը բարեփոխվել է սկսած այն ժամանակվանից, երբ պաշտպանության նախարար էր եւ՛ Վազգեն Մանուկյանը, եւ Վազգեն Սարգսյանը եւ՛ Դուք: Ես հիշում եմ Ձեր առաջին բարեփոխումներից մեկը, որ ամենամեծ կոռուպցիոն կծիկը հանեց, երբ Ձեր հրամանագրով զինվորները որ օրը զորակոչվում են, այդ օրը զորացրվում էին, այսինքն՝ շատ ավտոմատացվեց եւ բոլորը գիտեին, երբ են տուն գնալու: Ուզում եմ ասել՝ բանակը միշտ բարեփոխել է, ինչի՞ համար էր անհրաժեշտ որեւէ ժամկետ ֆիքսել:

Դուք ճիշտ եք, բանակը մշտապես բարեփոխվել է, համալրվել է նոր սպառազինությամբ, տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, բայց մենք մի քանի ամիս հետո ապրելու ենք մի երկրում, որտեղ ամբողջովին փոխվում է կառավարման համակարգը եւ այդ կառավարման համակարգին համահունչ նախ փոփոխություններ պետք է տեղի ունենան զինված ուժերում, որպեսզի այդ անցումը լինի շատ հարթ: Սա մեկ, որը շատ կարեւոր է: Երկրորդ՝ միշտ չէ, որ մենք հնարավորություն ենք ունեցել բարեփոխումների երկարաժամկետ ծրագրեր հաստատել: Միշտ էլ զինված ուժերն իր աշխատանքը պլանավորել է մեկ տարով, երկու տարով, երեք տարով, երբ կառավարությունը սկսեց միջնաժամկետ ծրագրեր քննարկել, բայց հիմա մենք նախ մի կողմից հնարավորություն ունենք ավելի երկարաժամկետ պլանավորելու մեր բարեփոխումները, մյուս կողմից դա ուղղակի անհրաժեշտ է: Մենք պետք է տեսնենք, թե յոթ տարի հետո ինչ ունակություններ ենք ունենալու, եւ ելնենք ոչ թե նրանից, թե ինչ միջոցներ կարող ենք ներդնել, այլ թե ինչ միջոցներ են անհրաժեշտ: Փիլիսոփայությունն է մի քիչ փոխվում:

Անսովոր էր նաեւ գիտեք ինչը, որ սովորաբար երկարաժամկետ ծրագրեր չեն հայտարարվում, այսինքն՝ մեր ընդունված ամենահայտնի արտահայտությունը՝ «տեսնենք գլխներիս վաղը ինչ է գալիս», հետեւաբար յոթ տարին բավականաչափ է:

Բայց մենք գնալով որպես պետություն հասունանում ենք, մենք հասունանում ենք նաեւ որպես զինված ուժեր: Ակնհայտ է, որ բանակը շատ տեւական ժամանակ բավարարվել է նրանով, ինչը որ հատկացրել ենք բանակին: Ես կարծում եմ, որ մեզ մի փուլ պետք է, որպեսզի մի քիչ ավելին անենք բանակի համար եւ դրա հնարավորությունները կան:

«Global Military» ինդեքսը Հայաստանը համարում է Եվրոպայի ամենառազմականացված երկիրը եւ աշխարհի երրորդը, դա Ձեզ չի մտահոգում, որ մենք դառնում ենք բանակ-պետություն:

Ո՛չ, իհարկե չի մտահոգում: Նախ, իհարկե, դա մեր թերությունն է՝ իշխանությունների թերությունն է, որ այդպիսի տեղեկություններ հայտնվելուն պես մենք բացատրական աշխատանքներ չենք կատարում: Գիտեք, այդպիսի ռեյտինգները, այդպիսի չափորոշիչները, դրանք միշտ յուրահատուկ են, եւ առաջին հայացքից ստեղծվող տպավորությանը ոչ համապատասխանող: Ի՞նչ նկատի ունեմ: Դուք ասում եք, որ ռազմականացված պետություն, առաջին տպավորությունը, կարծում եմ, այն է՝ փողոցում տանկ կա, եւ նույնիսկ եթե տանկ չկա, ապա պետությունն ընդհանրապես ռազմականացված է, քաղաքացիական իրավունքները սահմանափակված են եւ այլն: Փառք Աստծո, որեւէ մեկը դա չի կարող ասել: Այդ ռեյտինգը որոշվել է մի քանի չափորոշիչներով, օրինակ՝ բնակչության մեկ շնչին ընկնող ծանր տեխնիկայի թվով, դա արդեն մի քիչ այլ բան է, քան ռազմականացվածը գոնե մեր պատկերացումներով: Իհարկե, նորմալ պայմաններում որեւէ մեկի մտքով չէր անցնի, որ երեք միլիոն ժողովուրդը ունենար այսպիսի զինված ուժեր, բայց արդյոք մենք կամավոր ենք այդ ճանապարհն ընդունել, մենք պարտադրված ենք դա անել: Մի կողմից մեզ մեղադրում են, որ իբր թե մենք ավելի թույլ ենք ռազմականապես, քան Ադրբեջանը, մյուս կողմից ասում են ռազմականացված եք՝ հիմա ինչպե՞ս հասկանանք, ո՞րն է այն ոսկե միջինը:

Այսինքն՝ մենք ադեկվատ ենք մեր կարիքներին:

Մենք պարտադրված ենք, մենք ուղղակի պարտադրված ենք ունենալ այն նվազագույնը, որը հնարավորություն կտա լուծել մեր անվտանգության խնդիրները: Ուղղակի պարտադրված ենք: 2016 թվականի ապրիլն էլ ցույց տվեց, որ մենք մեզ ավելորդություններ թույլ չենք տվել եւ մենք ավելորդ բաներ չունենք:

Պարո՛ն Նախագահ, Ձեր ղեկավարությամբ արդեն երկրորդ անգամ է ներկայացվում տարկետումը հանելու օրինագիծ: Ի տարբերություն առաջին փորձի, որի ժամանակ Դուք պաշտպանության նախարար էիք, այս անգամ օրինագիծն ընդունվեց: Նախ առաջինը՝ ի՞նչ է փոխվել այս տարիների ընթացքում եւ արդյոք տարկետման հանումը Ձեր համար ունի սկզբունքային նշանակություն:

Գիտեք, նախ ժամանակներն են փոխվում, փոխվում են նաեւ մեր գործողությունների փիլիսոփայությունը եւ օրենքների տրամաբանությունը, սա մեկ, եւ երկրորդ, պետք է ասեմ, որ տարկետումը չի հանվել՝ փոխվել է տարկետման փիլիսոփայությունը, փոխվել է տարկետման տրամաբանությունը եւ այնպես չէ, որ 180 աստիճանով: Իսկ ո՞վ է ասել, որ եթե մենք ունենանք շատ մի հանճարեղ զորակոչիկ անպայման այդ հանճարեղ զորակոչիկին մենք տանելու ենք բանակ: Այդպիսի բան չկա: Կառավարությունն իր որոշումներով դա կարող է անել, բայց կառավարությունը համոզված պետք է լինի, որ այդ զորակոչիկը հանճարեղ է, այլ չի մտածում հանճարեղ դառնալու համար, որովհետեւ մտածողներ, ցանկացողներ որպես այդպիսին շատ-շատերն են, եւ ասել, գիտեք, ես ցանկություն ունեմ դառնալ հանճարեղ գիտնական կամ հանճարեղ արվեստագետ դրա համար թողեք, որ ես չմասնակցեմ հայրենիքի պաշտպանությանը, ինձ համար մի քիչ ընդունելի չէ: Երկրորդ՝ մեր բոլոր սովորողներին, ինչպես հայտնի է ծրագրերից մեկով առաջարկվում է տարկետման իրավունք՝ պայմանով, որ ավարտելուց հետո ծառայեն հայկական բանակում որպես սպաներ: Եվ այսպես կարելի է շարունակել: Իհարկե, ընդդիմադիրները, ովքեր չեն ցանկանում, որ այդպես լինի ներկայացնում են, որ իբրեւ վերացվում է տարկետման իրավունքը. չի՛ վերացվում տարկետման իրավունքը: Մյուս կողմից՝ մշտապես խոսում էին այն մասին, որ սոցիալական անարդարություն կա, որ հարուստների զավակները չեն ծառայում, պետական պաշտոնյաների զավակները չեն ծառայում, իսկ հարց է առաջանում, առաջին հերթին այսօրվա գործող տարկետման իրավունքից ո՞վ է օգտվում՝ սոցիալապես անապահով խա՞վը, ակնհայտ է չէ՞, որ ավելի բարեկեցիկ ընտանիքների երեխաներն ավելի մեծ հնարավորություն ունեն ուսանելու բարձրագույն ուսումնական հաստատություններում: Հիմա դրանով այդ անարդարությունն էլ է վերացվում, սա ազդելու է նաեւ կրթության համակարգի վրա, բուհական համակարգի վրա, բարձրանալու է բուհական համակարգի որակը, ուսուցման որակն է բարձրանալու եւ բուհերում սովորելու են նրանք, ովքեր իրոք ցանկանում են բարձրագույն կրթություն ստանալ եւ ոչ թե նրանք, որ բուհերն օգտագործում են բանակից խուսափելու համար: Արդեն շրջանառության մեջ է դրված բարձրագույն կրթության մասին նոր օրենքը, ես կարծում եմ՝ այնտեղ եւս էական փոփոխություններ կան: Մենք տեսանելի ապագայում հինգ-տասը տարվա կտրվածքով պետք է բեկումնային փոփոխություն ունենանք բարձրագույն կրթության համակարգում:

Պարո՛ն Նախագահ, «Զինապարտության մասին» օրենքը շատ քննարկվեց եւ փիլիսոփայությունը հասկանալի է եւ Դուք Ձեր խոսքում նշեցիք նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների երեխաների բանակում չծառայելու հարցը: Ըստ էության բոլոր նրանք, ովքեր կողմ էին ավելի առողջ բանավեճի, հենց առաջինը դա էին ասում, որ մենք կողմ ենք մեր երկրի, հայրենիքի պաշտպանությանը, եթե օրենքը գործի բոլորի համար: Այս փուլում կամ գուցե որոշ փուլից հետո ինչու՞ դա չդարձնել օրինակ պարտադիր, որ պետական բարձր պաշտոններ ստանալու ժամանակ բանակում ծառայելը լինի պարտադիր: Եթե պարտավորությունը բաշխվում է հավասարապես բոլորի վրա, ապա հնարավորությունները նույնպես:

Նախ պետք է ասեմ, որ ես չգիտեմ հիմա գործող օրենքով դեպք, երբ որ օրենքի դրույթների խախտմամբ է, որ ինչ-որ մարդկանց երեխաներ խուսափում են դրանից, այսինքն՝ օգտվում են դրանից: Երբ որ այդ հնարավորությունը սահմանափակում ենք, նշանակում է՝ մենք հավասարություն ենք սահմանում, գոնե ցանկանում ենք այդպես անել: Ինչ վերաբերվում է Ձեր ասածին, ապա ես կատեգորիկ դրան դեմ եմ, ինչի՞ համար՝ երկու պատճառով. նախ, նրանք, ովքեր բանակում չեն ծառայել եւ չեն ծառայել օրենքի շրջանակներում, ապա նրանք ինչո՞վ են մեղավոր, ո՞րն է նրանց մեղքը, եթե ասում ենք մենք օրենքի երկիր ենք ուզում դառնալ, եթե խոսում ենք օրենքի գերակայության մասին, ապա մարդու մոտ հարց կառաջանա չէ՞, դուք ինձ հնարավորություն եք տվել օգտվելու, ես օգտվել եմ այդ հնարավորությունից, ինչու՞ եք հիմա սահմանափակում իմ իրավունքները: Սա մեկ: Երկրորդ՝ բոլոր հասարակություններում էլ, այդ թվում մեր հասարակությունում կան մարդիկ, ովքեր չեն ծառայում ելնելով առողջական վիճակից կամ ընտանեկան դրությունից: Իսկ ո՞վ է ասել, որ օրինակ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող, նույնիսկ առաջին կարգի հաշմանդամություն ունեցող մարդիկ չեն կարող պետական ապարատում լավ ծառայել: Այսինքն՝ մենք ոչ թե պետք է փորձենք սահմանափակել ուրիշների իրավունքը, այլ պետք է խրախուսենք այն մարդկանց, ովքեր հավելյալ ջանք են ներդրել հայրենիքի պաշտպանության գործում:

Դուք բազմիցս Ձեր ելույթներում խոսում եք կրթության անհրաժեշտության մասին, եւ մի քանի անգամ շեշտել եք, որ բանակից մինչեւ արդյունաբերություն պետք է կառուցել գիտելիքահեն իրականություն: Մինչդեռ 2018 թվականն այն տարին է, երբ որ գիտության եւ կրթության ֆինանսավորումը կրճատվում է:

Չի կրճատվում: Հատկապես, եթե հաշվի առնեք նաեւ գիտությանն ուղղված այն մասը, որ կա պաշտպանության նախարարության բյուջեում, այլ նախարարությունների բյուջեներում, սա էլ մենք անպայման պետք է հաշվի առնենք: Նաեւ պետք է հաշվի առնենք, որ արդեն Հայաստանում գործում են մի քանի հիմնադրամներ, որոնք պատրաստ են կրթաթոշակներ տրամադրելու կամ տրամադրելու գրանտներ գիտությամբ զբաղվողների համար: Սա էլ հանգամանք է: Չմոռանանք, որ արդեն Եվրամիությունն ունի բազմաթիվ հիմնադրամներ, որոնք հաճույքով ֆինանսավորում են գիտության կոնկրետ ուղղություններ: Ֆինանսավորումը միայն սոցիալական խնդիր չպետք է լուծի, ֆինանսավորումը նաեւ արդյունք է ենթադրում եւ հենց իմ ասած հիմնադրամներն արդյունք են հետապնդում, դա չի նշանակում, որ յուրաքանչյուր թեմա անպայման պետք է դառնա հաստոց, ինքնաթիռ, համակարգիչ եւ այլն: Բայց գոնե հինգից մեկը, տասից մեկը պետք է այդպիսին լինի, հակառակ պարագայում որտեղից պետք է լինեն այն միջոցները, որ տրվում են նրան:

Հիմա մի քիչ խոսենք իրավապահների աշխատանքից։ Համաշխարհային տնտեսական ֆորումի կազմած Կազմակերպված հանցավորության գլոբալ ինդեքսում Հայաստանը 62-րդ, մինչդեռ հարեւան Վրաստանը 38-րդ-ն է, իսկ Ադրբեջանը՝ 43-րդը։ Դրան գումարած տարվա ընթացքում եղել են աղմկահարույց սպանություններ հենց Երեւանի կենտրոնում։ Ես գիտեմ, որ Դուք մի քանի ծրագրային ելույթներ եք ունեցել եւ իրավապահ մարմիններում՝ քննչականում, եւ ոստիկանությունում։ Ձեզ ընդհանուր առմամբ գոհացնո՞ւմ է մեր իրավապահ մարմինների աշխատանքը՝ հաշվի առնելով, որ մենք միշտ Հայաստանը որպես զբոսաշրջային այցեքարտ, մենք միշտ ասում ենք, որ Հայաստանը ամենաապահով եւ անվտանգ երկրներից մեկն է։

Նախ պետք է ասեմ, որ ցանկացած գերատեսչության աշխատանք, նույնիսկ եթե բավարար է, կատարելագործման կարիք ունի։ Սա ոչ միայն իմ մոտեցումն է, սա նորմալ տրամաբանական մոտեցում է, նույն հարթության վրա չի կարելի գտնվել, մշտապես պետք է ունենալ առաջընթաց։ Երկրորդը, ինչ ուզում եմ ասեմ, նույն է, ինչ քիչ առաջ ասացի, մենք զգուշավորությամբ պետք է մոտենանք տարբեր ինդեքսների, տարբեր ռեյտինգների եւ պիտի ասեմ, որ այդ նույն զեկույցում նույն զբոսաշրջության, ճանապարհորդության մասով Հայաստանը շատ-շատ առաջ է Ձեր նշած երկրներից։ Ցանկացած երկրում, ցավոք սրտի, այդ թվում նաեւ Եվրոպայում, Միացյալ Նահանգներում, իհարկե, հանցագործություններ տեղի են ունենում, տեղի են ունենում սպանություններ։ Ցավոք սրտի եմ ես սա ասում, նույնն էլ Հայաստանում։ Խնդիրն այն է, թե որքանով է կարողանում տվյալ համակարգը՝ իրավապահ համակարգը, բացահայտել այդ հանցագործությունները եւ որ ամենակարեւորն է՝ կանխարգելել։ Այս առումով, կարծում եմ, մեր երկրում մեծ աշխատանք է կատարվում եւ եթե պարզ թվերը վերցնելու լինենք, օրինակ՝ սպանությունները մեզ մոտ տարեցտարի կրճատվում են։ Օրինակ՝ այս տարի դիտավորյալ սպանությունները, թվեր չասեմ, որպեսզի շահարկումների առարկա չդառնա, որովհետեւ տարին չի լրացել, բայց մոտավորապես 15-20 տոկոսի սահմաններում կրճատում է տեղի ունեցել, եւ տեղի ունեցած բոլոր աղմկահարույց սպանություններն էլ, գրեթե բոլորը, բացահայտվել են, կատարողները ձերբակալվել են։ Տա՛ Աստված, որ մի օր գանք հասնենք մի իրավիճակի, որ մեր երկրում սպանություններ չլինեն, բայց որեւէ երկիր հանցագործություններից ապահովագրված չէ։
Ինչ վերաբերում է Երեւանի հանդարտությանը կամ անվտանգությանը, այստեղ, կարծում եմ, ամենաճիշտ մոտեցումը, մեր սեփական զգացողությունն է եւ մեր հյուրերի կարծիքը։ Լավ կլինի, երեկոյան դուրս գաք, փառք Աստծո, թեեւ դեկտեմբերի կեսերն է, Երեւանում զբոսաշրջիկների պակաս չկա, հարցնեք, ինչպես է ինքը զգում Երեւանում եւ կարող է արդյոք գիշերը 1-ին, 2-ին, 3-ին մենակ առանց ուղեկցողի, ենթադրենք, ռեստորանից հասնել հյուրանոց եւ այլն։ Այս առումով, կարծում եմ, մեր վիճակը բավարար է, թեեւ մենք իրավունք չունենք հանգստանալ այս ձեռքբերումներով: Մենք, իրոք, պետք է լինենք շատ անվտանգ երկիր՝ անվտանգ երկիր ներսում, եւ անվտանգ՝ մեր սահմաններում։

Պարո՛ն Նախագահ, այս տարի Դուք եւս մեկ ծրագրային ելույթ ունեցաք խորհրդարանում եւ էլի անսովոր ժամկետ նշեցիք, Ձեր ելույթում Դուք խոսեցիք 2040թ մասին եւ որպես 2040 թվականի չափանիշ ասացիք, որ պետք է Հայաստանի բնակչությունը դառնա 4 միլիոն։ Դուք մի անգամ, Ձեր առաջին ժամկետի ավարտին ասացիք, որ երկրի իշխանությունը եւ առաջնորդները պետք է դնեն բարձր նշաձողեր դրան հասնելու համար, նույնիսկ եթե գիտեն, որ դրան չհասնեն, բայց պետք է լինի այդ նշաձողը։ 4 միլիոնը դա գործողությունների արդյունքում ակնկալվող արդյունք է եւ արդյո՞ք այդ ճանապարհը իրատեսական է, թե՞ Ձեր նշած նշաձողերից է, այսինքն՝ պետք է ձգտենք, տեսնենք, ոնց կլինի։

Դա մեզ համար նորմալ զարգանալու թիվն է, բայց ես համարում եմ, որ իրատեսական է։ Կոնկրետ հիմա գործողությունների ծրագիր չկա, թե ամեն տարի մենք ինչ պետք է անենք, որովհետեւ, ելույթից հետո ստեղծվել է աշխատանքային խումբ, եւ այդ աշխատանքային խումբը դրանով է զբաղված։ Ես կարծում եմ, որ մեր առաջիկա խնդիրը այս 5 տարիների ընթացքում միգրացիան հասցնել, այսպես ասած, զրոյական մակարդակի՝ գնացողների-եկողների տարբերությունը, որպեսզի դրական լինի Հայաստանի համար, կամ գոնե զրոյական։ Մենք, ակնհայտ է, որ բնական աճով, այսինքն՝ ծնունդ, մահ, ամուսնություն, ամուսնալուծություն, այդ բնական ճանապարհով մենք չենք կարող հասնել տեսանելի ապագայում կամ նույնիսկ հեռու ապագայում 4 միլիոնի։ Ուստի մի կողմից, իհարկե, շատ լուրջ ուշադրություն դարձնելով առողջապահական խնդիրներին, շատ լուրջ ուշադրություն դարձնելով ընտանիքներին, նրանց ամրապնդմանը, սոցիալական վիճակին, երիտասարդների զբաղվածությանը եւ այլն, մենք պիտի կարողանանք այս ժամանակահատվածում նաեւ հնարավորություններ ստեղծել ներգաղթի համար։ Ես սա շատ իրատեսական եմ համարում, որովհետեւ շատ-շատ մարդիկ, ովքեր արտագաղթել են Հայաստանից չեն գտել այն, ինչ փնտրում էին։ Եվ այդ մարդկանց կարելի է վերադարձնել։

Ադրբեջանը վերջերս շահագործման հանձնեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, այժմ բանակցություններ են գնում Ռուսաստանը եւ Իրանը իրար կապելու մասին, այս ընթացքում Հայաստանի ամենամեծ կոմունիկացիոն նախագիծը մնում էր Հյուսիս-հարավ մայրուղին, իր մեկնարկից մինչեւ հիմա, նախ նախագիծը թանկացել է մոտ երկու անգամ, եւ երկրորդ՝ նույնիսկ տրանսպորտի նախարարը այսպես շատ մշուշոտ է խոսում ժամկետների մասին։ Հիմա արդեն խոսվում է այն մասին, որ հարավային հատվածը կարող է վճարովի լինել մեքենաների համար, հյուսիսային հատվածի համար դեռ ամբողջությամբ գումարներ չկան։ Ինչո՞ւ այսպես ստացվեց, պարո՛ն Նախագահ, եւ արդյո՞ք գումարները կհերիքեն այն ավարտելու համար։

Իհարկե կհերիքեն։ Նախ` պետք է ասել հետեւյալը, որ գնահատականը, որը եղավ, եթե չեմ սխալվում 2009, թե 2010 թվականին, դա ճապոնական մի ընկերության գնահատական էր, որը ընդհանրական գնահատական էր, եւ այդ գնահատականը հիմնված չէր տեխնիկատնտեսական հաշվարկների վրա, որովհետեւ դա խոշոր ծրագիր էր եւ ոչ միայն Հայաստանի մակարդակով, ըստ էության, Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր ենթակառուցվածքային ծրագիրն է, եւ այս առումով մենք պետք է գիտակցված մոտեցում ունենանք խնդրին։ Եվ երբ որ արդեն կոնկրետ էսքիզը վեր ես ածում նախագծի, բազմաթիվ խնդիրներ են առաջանում՝ կապված ապառից, չգիտեմ, ուզում եք թունել կառուցել, թե ուզում եք ոլորաններով գնալ, ուզում եք կամուրջ կառուցել, թե նորից շրջանցիկ ճանապարհ եւ այլն, դրա համար նախնական գնահատականը երբեք չի կարող հիմք լինել, սա առաջին հանգամանքը։ Երկրորդ՝ այդ գնահատականում հաշվի առած չէր սեփականաշնորհված հողերի եւ բնակչության տեղափոխման ծախսերը, սրանք էլ հսկայական ծախսեր են։ Որեւէ մեկը կցանկանա, որպեսզի քիչ գումար ծախսելու պատճառով, մենք մարդկանց ասենք այստեղից գնացեք, մենք այստեղով ճանապարհ ենք կառուցում, դա մեր մոտեցումը չի, հատկապես, որ նաեւ Ասիական բանակը պահանջում է, որ մենք այդ ձեռքբերումները կատարենք շուկայական գներով, մի բան էլ դրանից բարձր՝ 10 տոկոս էլ դրանից բարձր։ Այսինքն՝ այս բոլոր կանոններով ենք մենք աշխատում։ Հաջորդ խնդիր էլ կա, երբ որ ծրագիրը սկսում էին, այդպես չէր, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը արդեն շոշափելի երեւում էր։ Հիշո՞ւմ եք, մենք այդ ճգնաժամի պատճառով ստիպված էինք պարտքեր վերցնել, պետական պարտքը ավելացնել, ավելի շատ վարկային միջոցներ, որպեսզի կարողանայինք երկրում կայունություն ապահովել, որպեսզի սոցիալական լարվածություններ չլինեին, մենք երկրում կայունությունը գերադասեցինք այդ ճանապարհի արագ կառուցումից։ Ո՞րն էր ճիշտ, ես կարծում եմ այդպես է։ Ճիշտ այդպես էր, մենք կարող էինք ունենալ, չգիտեմ եւս 150 կմ կառուցված ճանապարհ, բայց սոցիալական խիստ լարվածություն։ Երկարաժամկետ ծրագրերը, իհարկե, կատարման համար պարտադիր են, բայց նրանք ենթական են որոշակի փոփոխությունների՝ ելնելով կոնկրետ երկրի շահերից:

Պարո՛ն Նախագահ, 2018թ կենսաթոշակն ու աշխատավարձը չեն բարձրանա, մինչդեռ պարենամթերքների գները բարձրանում են եւ ավելի կբարձրանան հունվարի 1-ից, դու դրան արդեն անդրադարձաք, ի՞նչ է պլանավորում կառավարությունն անել սոցիալական լարվածությունը մեղմելու համար։

Լավ ապրելու միակ բանաձեւը աշխատելն է, եւ բարեկեցության միակ ճանապարհը տնտեսական աճն է, եւ կարծում եմ՝ այս առումով կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մեր տնտեսական աճը լինի շոշափելի։ Հիմա կասեք՝ ինչո՞ւ կոնկրետ թիվ չեք նշում։ Այո՛, հիմա կոնկրետ թիվ չեմ նշում՝ հաշվի առնելով, որոշակի հանգամանքներ, բայց շոշափելի պետք է լինի։ Մենք ավելի շատ ապրանքներ պետք է արտադրենք, մենք ավելի շատ աշխատատեղեր պետք է ստեղծենք, բայց ամենակարեւոր խնդիրներից մեկը բարձր վճարվող աշխատատեղերի մասին է։ Երբ որ խոսում ենք, ասում ենք 2018թ-ին աշխատավարձ չի բարձրանալու, դա այդպես չի՝ դրույքաչափերը չեն բարձրանալու, բայց մարդիկ ավելի շատ աշխատավարձ են ստանալու, կլինի այնպես, ինչպես արդեն նշեցի, որ 2017թ-ի համար էլ նախատեսված չէր աշխատավարձերի աճ, բայց այս տարվա հոկտեմբերին Հանրապետության միջին աշխատավարձը 4.8 տոկոսով ավելին է, քան 2016թ. հոկտեմբերին, նույնը լինելու է 2018թ-ին։ Այսինքն՝ ոնց ուզենք չուզենք, հընթացս աճ լինելու է, դա շատ մեծ չի լինելու, ուղղակի մենք պետք է ձգտենք նրան, որպեսզի աշխատավարձերի աճը լինի առաջանցիկ, քան թե գնաճը, սա կարեւորը, ոնց որ մենք հիմա այդ շրջանակներում ենք։

Պարո՛ն Նախագահ, ինչո՞ւ չեք ասում թվեր, ընդհանրապես, հարցս վերաբերում է Կարեն Կարապետյանի կառավարությանը, նախորդ բոլոր վարչապետների ժամանակ, Դուք հրապարակային տվել եք այսպես կոչված պլանային տնտեսության ցուցանիշներ եւ եղել է շատ հրապարակային պայմանավորվածություն՝ այս աճը ապահովում եք, Դուք շարունակում եք, եթե ոչ՝ ցտեսություն։ Կարեն Կարապետյանի կառավարության դեպքում չկա որեւէ այպիսի հրապարակային պայմանավորվածություն եւ դժվար է դատել Ձեր վերաբերմունքը ինչպիսին է։ Ինչպե՞ս եք գնահատում կառավարության գործունեությունը եւ արդյո՞ք դա որեւէ քանակական չափման եզրում է։

Նախ պետք է ասեմ, որ Կարեն Կարապետյանի կառավարության առջեւ էլ է շատ կոնկրետ խնդիր դրված եւ խնդիրը բառացիորեն հետեւյալն էր՝ հասնել արդյունավետ կառավարման։ Այո՛, տնտեսական աճի կոնկրետ խնդիրներ չէինք դրել, որովհետեւ դա պայմանավորված էր մեր ինտեգրացիոն պրոցեսներում տեղի ունեցող որոշակի հարցերով եւ այլն։ Բայց ես կարծում եմ, որ Կարեն Կարապետյանը եւ Կարեն Կարապետյանի կառավարությունը իրենք իրենց առջեւ են խնդիր դրել, եւ այդ խնդիրը 5-6 տոկոս տնտեսական աճն է։ Եվ եթե մարդն ինքն իր առջեւ խնդիր է դնում, եթե կառավարությունը իր առջեւ խնդիր է դնում, եւ այդ խնդիրը խորը հակադրության մեջ չի մտնում քո պատկերացումների հետ, պարտադի՞ր է արդյոք հայտարարել դրա մասին։ Ես կարծում եմ, դա էլ, վատ ցուցանիշ չէ։ 5 տոկոսանոց տնտեսական աճը մեզ հնարավորություն կտա օգտվել այդ տնտեսական աճի արդյունքներից, դա տեսանելի կլինի եւ շոշափելի կլինի։

Պարո՛ն Նախագահ, երկիրը պատրաստվում է 2018թ-ին անցնել խորհրդարանական կառավարման, ավելի մեծ թափով, եւ, ըստ էության, առաջանալու են ավելի թափուր պաշտոններ, տեղեր։ Հանրապետական կուսակցությունը, իշխող կուսակցություն է եւ իրեն է վերապահված նոր խորհրդարանական պայմաններում իշխանություն ձեւավորելու հնարավորությունը։ Դուք ունե՞ք արդեն նոր իշխանության գծապատկերը։

Իշխանության գծապատկերը Սահմանադրություն է սահմանել: Եթե նկատի ունենք կոնկրետ պաշտոնատար անձանց, ապա, բանական է, որ ես, իմ գործընկերները մշտապես փնտրտուքի մեջ ենք։ Մի բան կարող եմ ասել, որ սահմանված ժամկետներում կզբաղեցվեն բոլոր պաշտոնները, սրանում կարող եք չկասկածել։ Երբ խոսում եք, որ այս պաշտոնում այս մեկն է լինելու, մյուսում՝ այն մեկը, երեւի ճիշտ է, որ խոսում են, մարդիկ իրավունք ունեն կանխատեսումներ անելու, մարդիկ իրավունք ունեն ակնկալելու ինչ-որ բաներ, բայց որեւէ տեղ որեւէ իշխանություն նախօրոք այդպիսի հայտարարություններ չի անում, եւ դա ճիշտ է։ Դրանք ընտրություններ չեն, որին մասնակցելու ժամկետները սահմանադրորեն ամրագրված են կամ օրենքով ամրագրված են, եւ դու ստիպված ես դա անում՝ կամ որոշակի կանոններից ելնելով կամ որոշակի մտահղացումներից ելնելով: Պետական պաշտոններում նշանակելու հարցը նախօրոք հայտարարելը, կարծում եմ, շատ սխալ մոտեցում է։

Կառավարությունում կան անդամներ, որոնք երկարակյաց են՝ 2008թ-ից աշխատում են, մյուսները հեռացել են։ Ընդհանրապես, ինչպե՞ս եք վերաբերվում հեռացած պաշտոնյաներին: Կարծո՞ւմ եք, որ նրանք հեռացել են, եւ այսպես ասած նրանց ժամանակը անցել է, պետք չէ, որ վերադառնան, թե, այնուամենայնիվ, նորից կարող են վերադառնալ՝ երկրորդ կամ երրորդ անգամ շանս տալ։

Ես շատ խորը հարգանք ունեմ բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր երբեւէ ծառայել են Հայաստանի Հանրապետությանը, բայց իմ ասածը չի նշանակում, որ այդ մարդիկ անփոխարինելի են, կամ այդ մարդիկ մշտապես պետք է լինեն ծառայության մեջ։ Իմ ասածը չի նշանակում, որ ովքեր գնացել են, գնացել են հավերժ, հավիտյան: Տրամաբանությունը հետեւյալն է՝ նախ ցանկացած կառույց, այդ թվում նաեւ պետական կառույցները պետք է թարմացվեն, լճացումն անթույլատրելի է։ Երկրորդ՝ մենք այդ թարմացումը պետք է զուգակցենք փորձի հետ։ Լավ գաղափարները միշտ փայլուն հնարավորություններ են, ես շատ հարգանքով եմ վերաբերվում լավ գաղափարներին, նորարարություններին, բայց նորարարությունները չպիտի լինեն այնպիսիք, որպեսզի հետագայում խոշոր պրոբլեմներ հարուցեն։ Եթե կարճ պատասխանելու լինեմ Ձեր հարցին, ապա հետեւյալն է՝ այստեղ բոլոր դեպքերում անհատական մոտեցում է ցուցաբերվում։ Ես կարող եմ բերել օրինակներ եւ հավերժ գնացածի, եւ հետ վերադարձի, ուղղակի չգիտեմ հարմար է թե չէ։ Օրինակ՝ ես իմ մասով կարող եմ ասել՝ Նախագահի աշխատակազմը ղեկավարում է Արմեն Գեւորգյանը, ով տեւական ժամանակ աշխատում էր պետական կառույցներում, ինչ-որ մի պահ գնաց այլ աշխատանքի, բայց նորից հետ վերադարձավ ու հիմա փայլուն աշխատում է։ Այնպես որ մոտեցումը եղել է եւ մնում է անհատական։

Կարեն Կարապետյանը մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է 2018թ-ին զբաղեցնել վարչապետի պաշտոնը։ Այս ընթացքում, առաջիկայում էլ մամուլը մեծ թափով գրելու է, թե ինչով եք Դուք զբաղվելու: Դուք այդ հարցին միշտ պատասխանում եք՝ ժամանակը կգա եւ ես իմ որոշումը կկայացնեմ։ Ինձ հետաքրքիր է՝ արդյոք դեռ չե՞ք որոշել եւ ի՞նչ գործոններով է պայմանավորված Ձեր որոշումը։

Նախ պիտի ասեմ, որ, իրոք, ժամանակը դեռ չի եկել, երբ որ կգա կհայտարարեմ: Տարբեր գործոններով, տարբեր ՝ անձնականից մինչեւ այլ գործոններ: Կարծում եմ, որ մենք, վերջիվերջո, իրավունք ունենք որոշելու, նկատի ունեմ Հանրապետական կուսակցությունը կոալիցիոն գործընկերոջ հետ միասին, թե ով որտեղ ավելի արդյունավետ կարող է աշխատել։ Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի ցանկությանը, շատ լավ ցանկություն է, առողջ, տրամաբանված, եւ ընդհանրապես ես համարում եմ, որ Կարեն Կարապետյանը՝ որպես վարչապետ, որպես մարդ մեզ համար ընդունելի եւ օգտակար անձնավորություն է։ Նկատի ունեմ ինձ համար անձնապես, նկատի ունեմ կուսակցության համար։ Այնպես որ, պետք չէ այստեղ ինչ-որ բաներ փնտրել, Ձեզ նկատի չունեմ, ես փնտրողներին, նկատի ունեմ։ Կգա ժամանակը, մենք շատ հանգիստ կհայտարարենք մեր որոշումների մասին։

Պարո՛ն Նախագահ, իսկ Դուք անձամբ, զգո՞ւմ եք հոգնածություն, կամ Դուք զգո՞ւմ եք, որ Ձեր մոտ նոր շնչառություն է բացվել, Ձեր ինքնազգացողությունն իշխանության ներսում ինչպիսի՞ն է։

Ինքնազգացողության մասին ես պիտի չասեմ, այլ պիտի ասեն իմ գործընկերները, անաշխատունակության մասին էլ պիտի ասեն իմ գործընկերները, հոգնածության մասին էլ պիտի ասեն իմ գործընկերները։ Ես ինձ նորմալ եմ զգում։

Ինչի՞ համար եմ սա հարցնում, որովհետեւ դատելով վերջին ամիսների ձեր ծրագրերից, Դուք նման չեք պաշտոնյայի, ով ցանկանում է եզրափակել իր կարիերան։ Դուք սկսում եք բանակային բարեփոխումների շրջան առաջիկա 7 տարիների համար, Դուք նախորդ շաբաթ հրապարակեցիք համայնքների զարգացման 10 տարիների նոր ռազմավարությունը, եւ ըստ էության, բավականաչափ սուր ելույթ ունեցաք համայնքապետերի համար։ Դուք առաջիկա 4 տարիներին կոռուպցիայի պայքարի նոր ծրագիր եք մշակել եւ դատաիրավական բարեփոխումների նոր մասշտաբային ծրագիր, որը դեռ նոր է սկսել թափ հավաքել։ Այս իմաստով սա հեռացող, կամ կարիերան եզրափակող մարդու ծրագրեր չեն։

Բոլոր դեպքերում ճիշտ ճանապարհը սա է։ Պետք է մինչեւ վերջին պահը բարեխղճորեն կատարել այն պարտավորությունները, որ դու կամովին ես ստանձնել։ Վերջիվերջո որեւէ մեկը ինձ չի պարտադրել մասնակցել նախագահական ընտրություններին եւ դառնալ Հայաստանի Հանրապետության Նախագահ։ Իսկ եթե ես կամովին եմ ստանձնել, պատրաստ պետք է լինեմ, եւ իրոք պատրաստ եմ մինչեւ վերջին վայրկյանը կատարել իմ պարտականությունները։ Դրանից հետո կտեսնենք, թե ինչ կլինի։ Որքանով կարող եմ օգտակար լինել եւ ինչ ոլորտում կարող եմ օգտակար լինել։ Ես սա ասում եմ անկեղծ:

Ի՞նչ իմաստով, պարո՛ն Նախագահ։

Չեմ սեթեւեթում, չեմ ծանրացնում, չեմ ձեւացնում: Ինչպես կորոշենք բոլորս միասին, այնպես էլ կշարժվենք առաջ։

Դուք կշարունակե՞ք մնալ քաղաքականության մեջ։

Տեսնենք, տեսնենք։

Պարո՛ն Նախագահ, շնորհակալ եմ հարցազրույցի համար: 

Տպել
Ամենաշատ
Partner news