ՌԴ տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլուկաեւը, որը դեկտեմբերի 15-ին 8 տարվա ազատազրկման է դատապարտվել խիստ ռեժիմի գաղութում, մինչեւ դատարանի որոշումն ուժի մեջ մտնելը, կգտնվի Մոսկվայի քննչական մեկուսարաններից մեկում, ավելի շուտ՝ նրան կուղարկեն «Լեֆորտովո» կամ «Մատրոսկայա տիշինա», հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով լավատեղյակ աղբյուրին:
«Ավելի շուտ կենտրոնական մեկուսարաններից մեկը՝ «Մատրոսկայա տիշինա» կամ «Լեֆերտովո»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ուլյուկաեւն իր հերթին դատավճիռն անարդարացի է որակել:
«Ես դատավճիռն անարդարացի եմ համարում, կշարունակեմ պայքարել»,- ասել է նա:
Կրեմլը չի մեկնաբանել Ուլյուկաեւի խիստ դատավճիռը:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Ալեքսեյ Ուլյուկաեւի դատավճռի ձեւակերպումը, որի համաձայն՝ տնտեսական զարգացման նախկին նախարարի մեղավորության ապացույցը հրաժարականի մասին նախագահական կարգադրությունն է:
«Ես չեմ տեսել, դատարանում նման բան չեմ լսել եւ առավել եւս որեւէ տեքստ չեմ կարդացել, ուստի ձեր հարցին չեմ պատասխանի: Ես պարզապես մտավախություն ունեմ, որ այս դեպքում ինչ-որ բան ենթատեքստից դուրս է»,- նշել է Պեսկովը: