News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի հրեական համայնքը նախաձեռնում է Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղում հրեական թանգարան ստեղծել: Թանգարանի ստեղծման ծրագրերի մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը:

13-14-րդ դարերին վերագրվող հրեական հնագույն գերեզմանոցը հայտնաբերվել է 1997 թվականին: Այնտեղ մինչեւ հիմա պեղումներ էին կատարվում՝ Հայաստանի եւ Իսրայելի մասնագետների մասնակցությամբ:

«Կասկածի ենթակա չէ հայ եւ հրեա ժողովուրդների կապը: Մենք աշխարհին ցույց տալու բան ունենք եւ եւս մեկ անգամ ասելու, որ Հայաստանում հրեաները բնակվել ու բնակվում են անվտանգության մեջ»,- ասաց Ռիմա Վարժապետյանը: Համայնքի ղեկավարի խոսքով՝ թանգարանի նախագիծը եւ գծագրերն արդեն պատրաստ են, որոշվել է ապագա ցուցադրությունը:  «Մենք մեծ հույս ունենք, որ սա համաշխարհային տուրիզմի համար հետաքրքիր վայր կդառնա: Ներկայումս հովանավորներ ենք փնտրում նախագծի իրականացման համար եւ հույս ունենք, որ նախագիծը հետաքրքիր կլինի ոչ միայն հրեաների, այլ նաեւ հայերի համար»,- նշեց համայնքի ղեկավարը:

Ծրագրվում է թանգարանում առաջին հերթին ներկայացնել Եղեգիսի պեղումներով հայտնաբերված իրերը: Թանգարանում նաեւ հրեական ատրիբուտիկայի ցուցադրանմուշներ կներկայացվեն: «Վերջերս ես Քեյփթաունում էի: ՀԱՀ-ում հրեական մեծ համայնք կա, միայն Քեյփթաունում մոտ 40 հազար հրեա կա, հրաշալի դպրոցներ եւ այգիներ, ծերանոցներ, հիվանդանոցներ, համայնքային կենտրոններ եւ ապշեցուցիչ թանգարան: Ըստ որում՝ առանձին-առանձին Հրեական թանգարան եւ Հոլոքոստի թանգարան: Այստեղ ամբողջ ՀԱՀ-ից եւ հարեւան երկրներից աշակերտներին բերում են Հոլոքոստի դասի: Ես երազում եմ, որ այդպիսի դասեր, տոլերանտության դասեր, Հոլոքոստի դասեր անցկացվեն մեր հրեական թանգարանում, որտեղ ես շատ կցանկանայի եւ հույս ունեմ, որ կլինի Ցեղասպանության անկյուն: Մեր հուշարձանը (Հոլոքոստի – խմբ.) նույնպես նվիրված է 2 Ցեղասպանություններին: Այնպես, ինչպես Հոլոքոստի հրեական թանգարանում ցուցադրությունը սկսվում է Հայոց ցեղասպանությամբ՝ իրերն իրենց անուններով անվանելով»,- նշեց Ռիմա Վարժապետյանը:

Ըստ մտահղացման՝ թանգարանը պետք է նաեւ գիտական եւ ուսումնական կենտրոն դառնա: «Մեծագույն ափսոսանքով պիտի նշեմ, որ մեզ մոտ հրեական կենտրոն չկա: Այս շենքը (համայնքի գրասենյակը, որտեղ անցկացվում է հարցազրույցը – խմբ.) մենք վարձակալում ենք, աշխատում ենք այստեղ հրեական ոգի բերել: Մենք հույս ունենք, որ թանգարանում գիտաժողովներ, սիմպոզիումներ կանցկացվեն: Շատ մեծ հույս ունենք, որ Մատենադարանը մեզ հնարավորություն կընձեռի ունենալու այնտեղ պահպանվող բազմաթիվ հրեական ձեռագրերի սլայդները: Մենք Հայաստանի արխիվներում վիթխարի աշխատանք ենք կատարել, որտեղ բացել ենք Հայաստանի կյանքում հրեաների մասնակցության մասին փաստերի ահռելի շերտ: Մենք նյութեր ենք հավաքել, եւ ես հույս ունեմ, որ քրտնաջան աշխատանքի արդյունքը կհաջողվի ցուցադրել թանգարանի այցելուներին»,- նշեց Ռիմա Վարժապետյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ