News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հրազդանցի 5- ամյա Անահիտի 6 ամսվա բուժումը քաղցկեղի դեմ տվել է իր արդյունքը. հիվանդությունը գրեթե նահանջել է: NEWS.am-ի հետ զրույցում Անահիտի մայրը՝ Նարինեն, պատմեց, որ երեխան արդեն լավ է զգում իրեն, սակայն, դեռ վերջնական ապաքինման համար երկար գործընթաց է հարկավոր:

«Երեխայիս մոտ հիվանդությունը հայտնաբերվեց հանկարծակի, մոտ 6 ամիս առաջ՝ հուլիսին, երբ տեսանք, որ որովայնը մեծանում է ու անհապաղ դիմեցինք բժշկի՝ Հրազդանում, հետո Արաբկիրում, ապա Մուրացան ԲԿ-ում, ուր մինչ այսօր բուժվում ենք: Բազմաթիվ հետազոտություններից հետո պարզվեց, որ Անահիտի մոտ քաղցկեղ է, վերջնական ախտորոշումը՝ բերկետ լիմֆոմա է, որը սկիզբ էր առել ավշային հանգույցներից ու հասել էր ձվարաններին, աղիներին ու ստոծանու տակ:

Ըստ բժիշկների, երրորդ կարգի ագրեսիվ վիճակում էին ուռուցքները: Անհապաղ բիոպսիա են արել՝ որոշելու ուռուցքների՝ չարորակ եւ բարորակ լինելը: Ոռուցքներն այնքան շատ էին, որ բժիշկները չէին կարող վիրահատություն անել ու սկսեցին քիմիայի կուրսը»,-պատմեց Նարինեն:

Անահիտի մոր հավաստմամբ, երեխան քիմիայի 6 կուրս պիտի ընդուներ. 5-րդ կուրսից հետո ՀՏ հետազոտություն է կատարվեց, որի ընթացքում պարզվել է, որ կան ուռուցքներ, սակայն, իրականում դրանք չեն եղել:

«ԿՏ-ն ուռուցք ցույց տվեց, որից հետո բժիշկները որոշեցին վիրահատել դրանք հեռացնելու նպատակով: Սակայն հրաշք տեղի ունեցավ, վիրահատության ընթացքում պարզ դարձավ, որ դրանք ուռուցքներ չէին, այլ սպիներ: Դրանցից վերցվեց բիոպսիայի նմուշ, որից հետո էլ պարզ դարձավ, որ ոչ մի ուռուցքային բջիջներ չկան: Կարելի է ասել, որ հիվանդությունը նահանջել է: Այն նահանջել է մեր բժիշկների մեծ ջանքերի շնորհիվ եւ մեր հավատի՝ Անահիտի հավատի: Երբ որ մենք տեսնում էինք, թե Անահիտը ոնց է հավատում, մենք ուղղակի չէինք կարող չհավատալ, ձեռքներս ծալել ու թուլանալ»-նշեց Նարինեն:

Չնայած հիվանդության դժվարին փուլը հաղթահարված է՝ բայց Անահիտին ու նրա ընտանիքին դեռ երկար ճանապարհ է սպասվում հիվանդությանը վերջնականապես հրաժեշտ տալու համար: Արդեն երկու օր է՝ Անահիտը կրկին հիվանդանոցում է եւ ստանում է քիմիայի վերջին՝ վեցերորդ կուրսը, որից հետո հունվարի կեսերին ընտանիքը Անահիտին տեղափոխելու է Մոսկվա. «Վերջնական պատասխանը պիտի ստանանք Մոսկվայի կլինիկաներից մեկում, քանի որ անալիզը, որը պիտի վերջնական պատասխան տա Անահիտի հիվանդության վերաբերյալ, Հայաստանում չի արվում: Դա կոչվում է ՓէՏ ՀՏ հետազոտություն, որը պիտի ուսումնասիրի երեխայի ամբողջ մարմնի բջիջները: Ճիշտ է, Աստծու հրաշքով երեխաս հաղթահարեց քաղցկեղը, բայց վերջնական պատասխան պիտի տա այդ հետազոտությունը եւ մեծ հավատ ունենք, որ այն անդունդը, որում ամիսներ շարունակ գտնվել ենք, պիտի փակվի մեզ համար»,- արցունքն աչքերին ասաց Նարինեն:

Ընտանիքին այս պահին ֆինանսական խնդիրներն են շատ ճնշում: Ճիշտ է, այս ընթացքում Նարինեի ընտանիքի կողքին շատերն են կանգնել նաեւ ֆինանսապես աջակցել, բայց ամեն մի նոր հետազոտություն իր հետ նոր՝ ահռելի ծախսեր է բերում. «Քիմիայի վեցերորդ կուրսն ենք այս պահին ընդունում ու միայն դեղերը գնելու համար եւ հետքիմիայի շրջանը հաղթահարելու համար մոտ հաշվարկով 1 մլն դրամ է ծախսվելու: Հետո Մոսկվայի անալիզների համար միայն մոտ 100 000 ռուբլի է ծախսվելու, դա միայն անալիզները: Մի խոսքով, շատ մեծ դժվարություներ են մեզ սպասվում: Հուսով եմ, կհաղթահարենք»,-ասաց Նարինեն:

Անահիտին օգնելու համար կարող եք զանգահարել այս  հեռախոսահամարով՝ 093030566:

 

Տպել
Ամենաշատ