News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

125 տարի առաջ՝ 1892 թվականի հունվարի 3-ին ծնվել է այն մարդը, ով մեզ է նվիրել ֆենտեզի ստեղծագործություններ՝ բացահայտելով էլֆերի, հոբիթների եւ կախարդության աշխարհը:

Այդ հայտնի անգլիացի գրողի լրիվ անունն է Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին: Նրան ճանաչում են ոչ միայն որպես գրող, այլեւ գրականության դոկտոր, բանաստեղծ, բանասեր, լեզվաբան, նկարիչ եւ Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր: Թոլքինին են պատկանում «բարձր ֆենտեզի» ժանրի այնպիսի դասական ստեղծագործություններ, ինչպիսին են՝   «Մատանիների տիրակալը», «Հոբիթը», «Սիլմարիլիոնը»:

Ջոն Թոլքինի մանկությունը եւ ընտանիքը: Ապագա հայտնի գրողի ծննդավայրը Հարավային Աֆրիկան է՝ Բլումֆոնթեյնը, քանի որ Ջոն Թոլքինի ծննդյան պահին (1892 թվականի հունվարի 3-ին) նրա ծնողները ստիպված էին աշխատել հենց Հարավային Աֆրիկայում: Ջոնի ծնվելուց հետո ընդամենը 4 տարի անց մահանում է նրա հայրը, իսկ եւս 8 տարի անց՝ մայրը, որը դիաբետով էր տառապում: Ստիպված էին տղային ուղարկել մորաքրոջ ու մորեղբոր խնամքին, որը Բիրմինգեմում հոգեւորական էր: Ջոն Թոլքինի կենսագրության զարմանալի փաստերից է այն, որ նա 4 տարեկանում կարողանում էր ոչ միայն կարդալ, այլեւ գրել: Թոլքինի ստեղծագործության վրա մեծ ազդեցություն է ունեցել Ջոն Սաֆիլդը, որն ապագա գրողի պապն էր, բացի դրանից՝ հայտնի փորագրող էր: Արդեն այդ ժամանակ 7-ամյա Ջոնը հրապուրվել է հեքիաթային էակներով, որոնք հետագայում կենդանացել են նրա գրքերի էջերում:

Ականավոր ֆանտաստի ծննդյան օրը նրա կյանքից մի քանի փաստ ենք ներկայացնում:

Թոլքինի մայրը եւ հայրը չէին կարողանում համաձայնության գալ որդու երկրորդ անվան հարցում, այդ պատճառով որոշեցին երկուսն էլ տալ: Ըստ որում՝ նրան երբեք ոչ մեկը Ջոն չի կոչել:

Թոլքինը մանկութան տարիներից չափազանց հավատացյալ մարդ էր: Կաթոլիկության հանդեպ կիրքը նրա մեջ մայրն է ներարկել, որն իր հավատի համար մշտապես քննադատության է արժանացել բողոքական ընտանիքի կողմից: Գրողի համառության շնորհիվ կաթոլիկ դարձավ նրա կինը՝ Էդիթը, քրիստոնյա դարձավ նրա ընկերը՝ «Նարնիի քրոնիկան» շարքի հեղինակ Քլայվ Լյուիսը: Ճիշտ է, հետո նա բողոքական դարձավ:

Թոլքինի մեջ լեզվաբանության նկատմամբ սերը երեւան եկավ, երբ տակավին փոքր տղա էր: Նա հատուկ գաղտնի լեզուներ էր հորինում ընկերների հետ շփվելու համար՝ չվախենալով շրջապատին հասկանալի լինելուց: Առաջին աշխարհամարտի ժամանակ այս հմտությունները նրան օգնեցին շրջանցել նամակագրության գրաքննությունը: Կնոջ հետ առանց վկաների նամակագրության համար նա շփումների հատուկ գաղտնագիր ստեղծեց: Թոլքինը մի քանի արհեստական լեզուների հեղինակ է, հենց այդ լեզուներով են խոսում նրա գրքերի հերոսներից շատերը:

Թոլքինի կյանքի ուղեկցուհին քիչ էր մնում այլ մարդու հետ ամուսնանար: Ապագա գրողի խնամակալը դժգոհ էր Էդիթի հետ նրա հարաբերություններից, քանի որ վերջինը բողոքական էր, եւ նա Թոլքինին արգելեց սիրեցյալի հետ շփվել մինչեւ չափահաս դառնալը: Պատանին խոստումը պահեց, բայց տարեդարձի «անհրաժեշտ» օրը տոնելուց հետո առաջին գործն այն եղավ, որ Էդիթին նամակ գրեց՝ սեր խոստովանելով եւ իր ձեռքն ու սիրտն առաջարկելով: Հարկ է ասել, որ նա դա ժամանակին արեց: Եթե մի փոքր էլ ուշանար, ապա նրա ընկերուհին ուրիշի հետ կամուսնանար: Նա մտածում էր թե Ռոնալդն իրեն մոռացել է: Ռոնալդն ու Էդիթը միասին 55 տարի ապրեցին: Ունեցան 4 երեխա՝ Ջոնը, Մայքլը, Քրիսթոֆերը եւ Փրիսցիլան:

«Մատանիների տիրակալը» ծնվել է սովորական մանկական հեքիաթից, որը նա ընթերցում էր իր զավակներին, սակայն էլֆերի եւ գոբլինների աշխարհի մասին ստեղծագործությունների շարքի առաջին հրատարակված գիրքը դարձավ «Հոբիթը»: Նրա ճակատագիրը պատահականությունը որոշեց. ինքը գրողը իր այս ստեղծագործությանը լուրջ չէր վերաբերվում եւ դրանով իր բարեկամներին էր զվարճացնում: Այսպես էլ վեպը գտավ իր հրատարակչին:

Բոլորն են տեսել Պիտեր Ջեքսոնի էկրանավորումը, բայց քչերը գիտեն, որ Միջերկրի մասին սագան փորձել են ադապտացնել նաեւ ԽՍՀՄ-ում: 1985 թվականին Միխայիլ Դանիլովը մարմնավորել է Բիլբոյին, Անատոլի Ռավիկովիչը՝ Թորինին, իսկ Իգոր Դմիտրիեւը՝ Գոլումին՝ «Միսթր Բիլբո Բեգինսի, Հոբիթի հեքիաթային ճանապարհորդությունը» հեռուստաներկայացման մեջ: Դրանից բացի, 1991-ին Նիկոլայ Կարաչենցովը մասնակցել է «Գանձերը լեռան տակ» մուլտֆիլմի նկարահանումներին, որտեղ նա հանդես է եկել Գենդալֆի կերպարում, սական նախագիծն այդպես էլ չի ավարտվել:

Թոլքինը սակավաթիվ ստեղծագործություններում չի անդրադարձել իր մտացածին տիեզերքի կերպարներին: Նրա «Նիգգլի թերթը» բարոյախրատական փիլիսոփայական հեքիաթ է: «Դարբինը Մեծ Վութթոնից» պատմվածքը պատմում է դարբնի որդու մասին, որը գտել էր իր ճակատագիրը փոխած աստղը: «Ջայլս ֆերմերը Հեմից» կատակերգական հեքիաթը պատմում է խաղաղ հողագործի մասին, որը հերոսություններ է կատարում, որոնք արդյունքում նրան թագավորական տիտղոսի են արժանացնում: Իսկ «Ռովերանդոմ» վիպակը գրողը գրել է հատուկ որդու՝ Մայքլի համար, որը կարոտում էր կորած խաղալիքին՝ թավշե շնիկին: Գրքի սյուժեով Ռովեր շնիկին խաղալիք էր դարձրել կախարդը: Կենդանու իր կերպարը վերադարձնելու համար նա ստիպված էր Լուսին ուղեւորվել հրաշագործին գտնելու:

«Մատանիների տիրակալը» ստեղծագործության վրա զգալի ազդեցություն է ունեցել Կլոր սեղանի ասպետների մասին էպոսը: Որպես իմաստուն կախարդ եւ ուսուցիչ Գենդալֆի կերպարը գրեթե ճշգրտությամբ համապատասխանում է Մերլինի դերին, իսկ Արագորնը՝ թագավորական գահի ժանագորդը, որն իր իրավունքը հաստատում է էլֆերից ստացած կախարդական թրով եւ բուժում էր ձեռքերի հպմամբ, շատ մոտ էր Արթուր Փենդրագոն թագավորին: Ոմանք նրա մեջ տեսնում են նաեւ Հիսուս Քրիստոսի նմանակին, որպես ավարտված դինաստիայի ժառանգորդ, ում տեղը գրավել են ժամանակավոր իշխանները, եւ ում հայտնությունը կանխատեսված է մարգարեությամբ:

Թոլքինն ամբողջ կանքում դժգոհել է, որ Անգլիայում լուրջ լեգենդներ կամ առասպելաբանական ստեղծագործություններ չկան (Կալեվալլայի, Ավագ կամ Կրտսեր Էդդիի նման), այսպես է ծնվել «Սիլմարիլիոնը»՝ առասպելների եւ Միջերկրի լեգենդների ժողովածուն:

Համեմատաբար վերջերս բրիտանական քոլեջներից մեկում սկսել են պաշտոնապես էլֆերի լեզուն դասավանդել: Չնայած լեզուն բավականին բարդ է, առարկան արագ մեծ տարածում է գտել ուսումնական հաստատության սաների շրջանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ