News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Համացանցի նեյտրալությունը վտանգված է եւ դրա բացակայությունը կարող է դեպի վատը փոխել ողջ ինտերնետը։ Այդ մասին հայտնել է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ում «ցանցային չեզոքության» չեղարկմանը։

Նրա խոսքով, Հայաստանում այդ մասին գրեթե ոչ ոք չի խոսում, բայց դա կարող է անդրադառնալ նաեւ մեզ վրա։ «Դա միշտ եղել էր ինտերնետի հիմքում եւ այն դարձրել ազատ հարթակ։ Նեյտրալիտետը ենթադրում է, որ բոլոր կապի պրովայդերները պետք է դեպի բոլոր կայքեր, ծառայություններ հավասար որակ ապահովեն»,- նշել է նա՝ պատկերավոր օրինակ բերելով գյուղը. «Դեպի գյուղապետի տուն բոլոր փողոցներն ասֆալտապատ են, մնացածը՝ տրաքած եւ այլն։ Որովհետեւ ճանապարհային նեյտրալիտետն ապահովված չէ»։

Նրա խոսքով, եթե համացանցում այս սկզբունքը չեղարկվի, ան կդառնա օլիգարխիկ երեւույթ։ «Պրովայդերները սկսկեն համագործակցել տարբեր ծառայությունների հետ, իրար հետ միավորվել, գումար վերցնել, կապը լավը ապահոել, իսկ մրցակիցներին պարզապես խեղդել։ Ցանցը ազատ էր, քանի որ բոլոր էլ հավասար «ասֆալտապատ ճանապարհ» ունեին»,- նշել է փորձագետը։

Նա մեծ սպասելիքներ չունի, որ որոշումը կարող է փոխվել։ «Սա միայն Ամերիկային է ազդում, բայց քանի որ նա մեծ ազդեցություն ունի, մեծ վտանգ կա, որ կհասնի նաեւ Հայաստանին։ Հիմա փորձ է արվում մեծ օլիգարխիկ կառույցների կողմից՝ խախտել համացանցի սկզբունքները։ Հիմա այն կարող է դառնալ հարթակ հարուստների եւ գերհարուստների համար»«- նշել է Սամվել Մարտիրոսյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ԱՄՆ հաղորդակցությունների դաշնային հանձնաժողովը (FCC) չեղարկել է «ցանցային չեզոքության» սկզբունքը, որը համացանցի մատակարարներին պարտավորեցնում էր հավասար վերաբերել ցանկացած թրաֆիկի։ Հանձնաժողովում իրենց  որոշումը անվանել են «Համացանցում ազատության վերականգնմանն» ուղղված գործողություն: Երեք մարդ քվեարկել է այն սկզբունքը վերացնելու օգտին, երկուսը՝ դեմ:

2015 թվականի փետրվարին FCC-ն ամրագրել էր «ցանցային չեզոքության» սկզբունքը: Այս նորարարության օգտին, մասնավորապես, այն ժամանակ կողմ էր արտահայտվում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Հանձնաժողովի ներկայիս ղեկավար Աջիտ Պաին, որը Դոնալդ Թրամփի վարչակազմի աշխատանքի մեկնարկից հետո էր  նշանակվել, 2017 թվականի սկզբից խոսում էր այդ «ռեպրեսիվ» նորմը  վերացնելու մտադրության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ