News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստում Գեւորգ Սաֆարյանի հարցաքննությունն ընթացավ լարված մթնոլորտում: Նրա ցուցմունքն ավելի շատ քաղաքական ելույթ էր հիշեցնում, ինչը հունից հանեց դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին: Իշխանության գործունեությանը մասին Սաֆարյանի գնահատականներից բարկացած դատավորը պարբերաբար ընդհատում էր նրան՝ բղավելով, որ Սաֆարյանը խոսի մեղադրանքի շուրջ եւ հարցերին պատասխանի ըստ էության: 

«Մեզ մեղադրանք է ներկայացվել մեր քաղաքական հայացքների համար, հասկանում եմ, ամեն բան ուզում եք անել, որ չխոսենք քաղաքականության մասին: Խոսեմ իմ կալանավորման զավեշտալի հիմնավորումների մասին. այսպես կոչված դատարանն ու դատախազությունը համարել էին, որ անհրաժեշտութուն չկա իմ նկատմամբ  կալանք կիրառելու, սակայն այն բանից հետո, երբ մենք չընդունեցինք ապօրինի իշխանության ապօրինի ներկայացուցչին՝ Ձեզ, եւ ոտքի չենք կանգնում Ձեր ներս մտնելու ժամանակ, որոշեցիք ինձ կալանավորել։ Սա ցույց է տալիս, որ, այսպես կոչված, դատարանը գտնվում է իշխանությունների ենթակայության տակ: Ինձ ուղղված մեղադրանքը, այսպես կոչված, դատախազության կողմից եւ ընդունված, այսպես կոչված, դատավորի կողմից, կատարվել է իշխանությունների ուղղակի հրամանով, որովհետեւ իրավաբանության հետ որեւէ աղերս ունեցող անձը չի կարող կալանավորել եւ որոշել իր նախկին որոշումը փոխել»,- հայտարարեց Գեւորգ Սաֆարյանը: Դատավորն ընդհատեց նրան ու տեղեկացրեց, որ այդ որոշումը կարող է վիճարկել Վերաքննիչ դատարանում։

«Դատարանը մշտապես ընդհատելու է Ձեզ, եթե շարունակեք Ձեզ այդպես պահել ու ոչ կոռեկտ արտահայտություններ անել, դատարանը դատական սանկցիա կկիրառի»,- զգուշացրեց դատավորը, ինչին ի պատասխան Սաֆարյանը պնդեց, որ դատավորը մոլորության մեջ է, ինքը որեւէ մեկին չի վիրավորել դատարանում։

«Մի խումբ խունտա խաբեությամբ զենքի կիրառմամբ զավթել է ժողովրդի իշխանությունը... այս իշխանությունը եկել է Մարտի 1-ով, որտեղ առնվազն 10 զոհ է եղել, այս խունտայի կատարած քրեական գործունեության արդյունքում քննչական մարմինն ամեն կերպ գործ է սարքել, որ կալանավորի Ժիրայր Սեֆիլյանին»,- ասաց Գեւորգ Սաֆարյանը՝ հորդորելով ռազմագիտության դասագրքերից տեղեկանալ՝ ով է Ժիրայր Սեֆիլյանը: Սաֆարյանին հասցրեց հարցեր ուղղել միայն Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը, որը հետաքրքրվեց՝ տեղյա՞կ է, թե ինչի համար է մեղադրանք առաջադրվել Ժիրայր Սեֆիլյանին;

«Շարունակելով ցուցմունքս՝ նշեմ, թե պարոն Սեֆիլյանին ինչի համար են կալանավորել, հիշենք, թե երբ է մեղադրանք  առաջադրվել: Նրան մեղադրանք  առաջադրվեց այն բանից  հետո, երբ հայտարարեց, որ Հայաստանն ապրիլյան պատերազմի ժամանակ կորցրել է 800 հեկտար տարածք, այսպես կոչված նախագահն էլ ասեց՝ զոհերի գնով չի ուզում հետ բերել կորցրած տարածքը, ով ուզում է կյանքը վտանգել, թող գնա վերադարձնի: Սեֆիլյանն ասեց՝ ես եմ ուզում եւ հազարավորները միացան նրան, ա՛յ սրա համար էլ Սեֆիլյանն այսօր նստած է այսպես կոչված ամբաստանյալի աթոռին։ Իշխանությունները ոչ թե վախենում են, որ մենք շատ ուժեղ ենք, այլ վախենում են այն տեսակից, որն իրենց չի հանդուրժում»,-ասաց Սաֆարյանը: Դատավորը դարձյալ կոչ արեց խոսել ըստ էության ու հարգանք դրսեւորել դատարանի նկատմամբ:

«Նախ եւ առաջ Դուք եք պարտավոր ինձ հարգել, ես պարտավոր չեմ ձեզ հարգել որպես դատավորի եւ որպես անձի, Ձեր սեռի նկատմամբ իմ վերաբերմունքից ելնելով, ավելի կոպիտ չեմ հայտարարությունների մեջ»,- արձագանքեց Գեւորգ Սաֆարյանը: Նրա հարցաքննությունը չավարտվեց, իսկ հաջորդ դատական նիստը նշանակվեց 2018 թվականի հունվարի 12-ին։

Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանն անազատության մեջ է 2015 թվականից: Սկզբում նա դատապարտվեց 2015թ. Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու համար: 2018-ի հունվարին ավարտվում էր պատժի ժամկետը, եւ նա պետք է ազատ արձակվեր, սակայն նախորդ նիստում դատարանը նրան կալանավորեց առաջադրված մյուս մեղադրանքի՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին զանգվածային անկարգություններ կազմակերպելու գործով:

Տպել
Ամենաշատ