News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի Մարց գյուղի ուսուցչուհի Անահիտ Աֆիցերյանն արդեն 1 տարի է՝ զբաղվում է օրգանական թեյերի արտադրությամբ:

NEWS.am-ի հետ զրույցում Անահիտ Աֆիցերյանը պատմում է, որ իրենց գյուղը հարուստ է խոտաբույսերով եւ հենց սա է խթան հանդիսացել, որ ինքը որոշել է դրանցից օրգանական թեյեր պատրաստել:

«Ծրագիր ներկայացրի, դրամաշանորհ ստացա, որով էլ արտադրամաս բացեցինք, մեզ տրամադրեցին չորանոց և փաթեթավորման սարք, սկսեցինք քիչ-քիչ, բայց կարևորը օրգանական, մաքուր արտադրանք ստեղծել»,- ասում է Անահիտ Աֆիցերյանը:

Անահիտի հավաստմամբ, բիզնես սկսելու համար մեծ գումարներ պետք չեն, պետք է լավ ծրագիր, մեծ կամք և համբերություն: Անահիտի թեյերը ստացել են «Սոսե Թի» անվանումը՝ ի պատիվ իր դստեր: Այժմ թեյերն իրացվում են Լոռու մարզի խանութներում, նաև Երևանում: Սպասում են Էկոգլոբի սերտիֆիկատին, որ արտադրությունն ընդլայնեն Հայաստանի սահմաններից դուրս. «Մեր աշխատանքը սկսվում է դաշտերից: Կանայք, որոնք հավաքում են խոտաբույսերն ու ավելուկը, մեզ մոտ վերապատրաստման դասընթացներ են անցել, հումքը հավաքում են հատուկ ձեռնոցներով, լցնում հատուկ պարկերի մեջ, բերում արտադրամաս, որտեղ լվանում ենք, չորացնում, լցնում տոպրակների, տուփերի մեջ: Ես միշտ այն տեսակետն եմ ունեցել, որ սնունդն ու ամեն ինչ օրգանական լինեն, որ նաև առողջ հասարակություն ունենանք»:

Անահիտի կարծիքով, հենց թեյերի օրգանական լինելն է, որ դրանք մի փոքր թանկ արժեն՝ 500-800 դրամ: Տուփերը բուրգի տեսք ունեն, Անահիտի խոսքով, դա իր մասնագիտությունից է թերեւս: Սկսնակ գործարարը հույս ունի, որ 2-3 տարի անց արդեն շահույթ կստանա:

«Հիմա միայն ներդրումներ եմ անում, վերջերս նաև մեկ այլ ծրագիր եմ շահել ERA GRANTS 2017, որով պետք է արտադրամասը կահավորեմ: Լավ գործ դնելու գրավականն այն է, որ մարդ միշտ պետք է առաջ նայի, երբեք չպետք է խուսափի դժվարություններից»,- նշում է նա:

Անահիտ Աֆիցերյանը հավատում է, որ շուտով օրգանական թեյերը շուտով հնարավորություն կունենա արտահանել:

Տպել
Ամենաշատ