News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի կենտրոնում դեկտեմբերի 17-ին առնվազն 40 հազար մարդ բողոքի ցույցի է դուրս եկել  Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ: Այս մասին հաղորդում է The Straits Times-ը՝ վկայակոչելով Ջակարտայի ոստիկանության ներկայացուցիչ Արգո Յուվանոյին։

Նրա խոսքով՝ «իրավիճակը հանգիստ է եւ կայուն»: Միեւնույն ժամանակ, Յուվանոն նշել է, որ ցույցի մասնակիցները շարունակում են մնալ «Մոնաս» անկախության հուշարձանի մոտ, որի մոտակայքում է գտնվում  ամերիկյան դիվանագիտական առաքելությունը:

Թրամփի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ Թել-Ավիվից  ԱՄՆ դեսպանատունը այնտեղ տեղափոխելու նախապատրաստման մասին որոշումից հետո Ինդոնեզիայի քաղաքներում  հակաամերիկյան ցույցերի ալիքներ են բռնկվել։

Այսպես, դեկտեմբերի 15-ին Ջակարտայում հավաքվել էր մի քանի հազար մարդ, որոնք վառել են ԱՄՆ դրոշը եւ պահանջել երկրի նախագահ Ջոկո Վիդոդոյից երկրից վտարել Ամերիկայի դեսպանին։

Երուսաղեմի կարգավիճակի հարցը պաղեստինա-իսրայելական հակամարտության հիմնական խնդիրներից է: 1967 թ. պատերազմի ժամանակ իսրայելցիները գրավել են քաղաքի արեւելյան մասը: Նրանք պնդում են, որ Երուսաղեմն Իսրայելի «միակ եւ անբաժանելի» մայրաքաղաքն է: Պաղեստինցիները ցանկանում են քաղաքի արեւելյան հատվածն իրենց պետության մայրաքաղաք դարձնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ