News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այն ձեռքը, որը կգնա դեպի պետական բյուջե, պետք է կտրել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտարարեց իշխող  Հանրապետական խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը։

Հիշեցնենք , որ օրեր առաջ Սերժ Սարգսյանը տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ անդրադառնալով համայնքապետների գործունեությանը՝ հայտարարել էր, որ շատ համայնքապետներ չարաշահում են իրենց պաշտոնը եւ այն օգտագործում են անընդունելի եկամուտներ ունենալու համար, անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ։ Ապա խոստովանել, որ  շատ ներողամիտ է եղել համայնքապետների նկատմամբ:

Հարցին՝ ինչո՞ւ է այս դեպքում Սերժ Սարգսյանը ներողամիտ եղել եւ չի «կտրել» դեպի բյուջե գնացող ձեռքը, պատգամավորը արդարացրեց, թե Սերժ Սարգսյանը խոսել է թերացումներից, ոչ թե չարաշահումներից։ «Անբարեխիղճ վերաբերմունքը կարող ենք բաժանել երկու մասի, նորից եմ ասում՝ համայնքապետների վերաբերյալ նախագահի հայտարարությունը ոչ թե չարաշահումներին, այլ թերացումներին էր վերաբերվում։ Ամեն ինչ ունի իր սահմանը, պատժվողները պետք է պատժվեն։ Այնտեղ, որտեղ կան թերացումներ, ինձ թվում է՝ կարելի է մեկ անգամ հնարավորություն տալ։ Չարաշահումներն ուրիշ են,  թերացումներն՝ ուրիշ»։

Այդուհանդերձ նա հավելեց, որ ներողամտությունը լավ բան է, եթե գործը հանցագործության դեռ չի հասել։

Հարցին, թե ընտրություններին հայրենի կուսակցության օգտին շատ ձայն հավաքած  համայնքապետի անազնիվ  վերաբերմունքը թերացումների՞, թե՞ չարաշահումների չափանիշով է գնահատվում, իշխանության ներկայացուցիչը պնդեց, թե ընտրություններից հետո հավաքած քվեի գործոնը մոռացության է մատնվում. «Ընտրությունները ընտրություններ են եւ նմանատիպ ձեւով ներումներ չենք շնորհում։ Աշխատանքը աշխատանք է, ընտրությունները՝ ընտրություններ, եւ որեւէ անգամ չենք նայում՝ որ պաշտոնյան ինչքան օժանդակություն է ցուցաբերել ընտրությունների համար։ Նրանք կուսակցական պարտականություններն են կատարում, այս թվերին հետագայում չենք անդրադառնում»։ 

Նշենք, որ ՀՀԿ խմբակցության  մեկ այլ պատգամավոր՝ Ֆելիքս Ցոլակյանը, որը նախկինում եղել է Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալը,  անդրադառնալով Սերժ  Սարգսյանի  հայտարարությանը՝ մեզ հետ զրույցում պնդել էր, որ չարաշահումը հանցանք չէ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ