Գյումրեցի երիտասարդներ Գագիկ Մխիթարյանն ու Արսեն Վարդանյանը որոշել են վերականգնել իրենց մանկության ֆռռիկ (հոլ) եւ տեյմորտակ խաղերը եւ դրանք նորովի մատուցել նոր սերնդին: Նախաձեռնությունը կարծես թե ստացվել է եւ ավելին` հաջողակ ստարտափ է դարձել:
«Ամեն ինչ սկսվեց անցած տարի ֆռռիկից: Արսենից ֆռռիկ ուզեցի, ասեցի` գտիր, բեր, խաղամ: Արսենը երկար փնտրելուց հետո 2 հատ գտել էր շուկայում: Խաղալուց հետո երկար մտածեցինք` ինչ անենք, որ այդ խաղը նորից վերականգնվի եւ երեխաները հիմա էլ կարողանան խաղալ եւ գրեթե մեկ տարի մտածելուց հետո այս տարի գարնանը ստեղծեցինք «Իմ ֆռռիկը» ապրանքանիշը»,-NEWS.am-ի հետ զրույցում պատմեց նախաձեռնության համահեղինակ Գագիկ Մխիթարյանը` հավելելով, որ ֆռռիկի դիզայնը յուօրինակ դարձնելու նպատակով հայկական զարդանախշերով են նկարազարդում:
Գագիկ Մխիթարյանի կարծիքով խաղերի բերած հաջողությունը ավելին էր, քան իրենք սպասում էին եւ իրենց արտադրանքը 30-ից ավելի երկրներ է արտահանվում. «Ոչ միայն Հայաստանի մարզեր ենք արտահանում, այլ նաեւ ԱՄՆ, Ֆրանսիա, Շվեդիա, Իսրայել եւ այլ երկրներ: Բավականին լուրջ պատվերներ ենք ստանում նաեւ օտարերկացիներից ինչը մեզ համար շատ զարմանալի է, որ իրենք էլ են հետաքրքրվում մեր արտադրանքով»:
Նշենք, որ Տեյմորտակ եւ Իմ ֆռռիկը խաղերը պատրաստվում են փայտից եւ բացառապես ձեռքի աշխատանք են:
Խաղերի համահիմնադիր Գագիկ Մխիթարյանը պատմեց, որ Տեյմորտակ խաղը նույնպես շատ հին է. «Տեյմորտակը նախկին սովետական 15 խաղն է եղել, մենք իրեն 2-րդ կյանք ենք տվել: Իր մեջ 15 քար է, սակայն 16 վանդակ ունի եւ պետք է թվերը համապատասխանաբար դասավորել, մի խոսքով` տրամաբանական խաղ է»:
Գագիկ Մխիթարյանը նշեց, որ իրենք շարունակելու են վերականգնել հայկական հին խաղերը, նաեւ ընդլայնել իրենց բիզնեսը:
«Նշանակությունը շատ մեծ է այս խաղերի արտադրման, քանի որ վերականգնում ենք մեր ավանդական հին խաղերը, աշխատատեղեր ենք ստեղծում: Դեռ բացասական արձագանք չենք լսել, միայն դրականն ենք լսել, կարծում եմ` սա ամենակարեւորն է մեզ համար»: