News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 18
Տեսնել լրահոսը

Մենք չենք կարող ասել, թե որն է իրականում Սերժ Սարգսյանի դիրքորոշումը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը` անդրադառնալով այն փաստին, որ նախագահը ժամանակին հայտարարել էր, որ եթե երկիրը անցնի խորհրդարանական համակարգի, ինքը չի հավակնի վարչապետի պաշտոնին, սակայն այժմ չեզոք դիրքորոշում է դրսեւորում:

«Մենք երբեք չենք կարող ասել, թե որն է նախագահի դիրքորոշումը, որովհետեւ նախագահի 10 տարվա կառավարման փորձը ցույց է տալիս, որ բազմիցս տարբեր բաներ հայտարարել է, բայց միշտ հակառակն է ամբողջովին եղել: Այդպես եղավ, երբ նախագահը հայտարարեց, որ նոր ատոմակայան է կառուցելու, սակայն դա այդպես էլ չեղավ, հայտնեց, որ հայ-իրանական երկաթգիծ կկառուցվի, սակայն դա էլ չեղավ։ Ասաց՝ եթե Կառավարությունը 7 տոկոս տնտեսական աճ չապահովվի`  հրաժարական կտա, սակայն Կառավարությունը հրաժարական տվեց ոչ այդ պատճառով, ասաց՝ տեղի կունենա Երեւան-Ստեփանակերտ թռիչքը եւ ինքն էլ կլինի առաջին ուղեւորը, սակայն ոչ մեկը եղավ, ոչ էլ մյուսը: Այսինքն, մի բան որոշել եւ լրիվ ուրիշ բան անել, դա շատ ընդունված ձեւ է գործող նախագահի համար, միշտ մի բան ասում է, ուրիշ բան անում: Սա նշանակում է` այդքան էլ ծանրակշիռ պետք չէ ընդունել գործող նախագահի ցանկացած հայտարարությունը»,-ասաց քաղտեխնոլոգը:

Նրա կարծիքով` թե ով կլինի Հայաստանի վարչապետ նույնիսկ  Հանրապետական կուսակցությունը չի որոշում, այլ դա կախված է աշխարհաքաղաքական կենտրոնների հետ վարվող բանակցային գործընթացից:

«Այսինքն 2018 թվականի ապրիլին, կախված նրանից՝ Արեւմուտքի, ԱՄՆ-ի, թե Ռուսաստանի ազդեցությունը մեծ կլինի, ըստ այդմ էլ վարչապետը կնշանակվի։ Իհարկե, զուտ արարողակարգային ձեւով դա կլինի ըստ ՀՀ Սահմանադրության եւ օրենքների եւ ՀՀԿ-ն կառաջարկի թեկնածուին, իհարկե, նախապես համաձայնեցնելով դրսի ուժերի հետ»,-ասաց Արմեն Բադալյանը:

Նրա խոսքով, թե ով կլինի վարչապետ հաջորդ տարի, կամ միայն ներկայիս նախագահը գիտի, կամ ընդհանրապես ոչ ոք չգիտի:

Նշենք, որ 2018 թվականի ապրիլին ավարտվում է Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետը, որից հետո Հայաստանն ամբողջությամբ անցնում է խորհրդարանական կառավարման։ Խորհրդարանական համարակարգում երկրի թիվ մեկ պաշտոնյան լինելու է երկրի վարչապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news