News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կառուցողական դիրքորոշում ցուցաբերելուց եւ պետական մարմինների հետ քննարկումներում որեւէ արդյունքի չհասնելուց հետո «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությանը որոշել է դադարեցնել քննարկումները իշխանությունների հետ եւ պայքարը շարունակել այն կետից, որտեղ դադարել է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Facebook-ի իր էջում ուղիղ եթերի միջոցով հայտարարել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:

«Մեկ ամիս տեւած քննարկումները ոչ մի արդյունք չտվեցին: Եթե նախապես նշվում էր, որ օրենքի 5-րդ կետը օգտագործվում է որպես ճանապարհ արժանի ուսանողներին հնարավորություն տալ իրենց կրթության անընդհատության սկզբունքը պահպանել եւ շարունակել իրենց կրթությունը, այժմ այդ բոլոր խոսքերը զրոյի հավասարվեցին: Եթե 5-րդ կետում նշվում է, որ նշանակալի ուսանողներին տրվելու է տարկետում, ոչ ԿԳՆ-ն, ոչ ՊՆ-ն չգիտեին, թե ինչպիսի չափանիշների միջոցով կարելի է հասկանալ, թե նշանակալի նվաճումը որն է: Մենք այդ չափանիշներին դեմ ենք, քանի որ կարծում ենք՝ դա հնարավորություն չի ստեղծելու արժանի ուսանողներին շարունակելու իրենց կրթությունը»,-ասաց Դավիթ Պետրոսյանը:

Նրա խոսքով, իշխանությունների հետ հանդիպումները ցույց տվեցին, որ բանակցությունները գնում են ոչ թե կառուցողական ճանապարհով, այլ գնում են ուղղակի գնալու համար:

«Նախաձեռնության անդամների պահանջը հետեւյալն է՝ տարկետման ինստիտուտը պետք է պահպանվի այնպես, ինչպես կար նախկինում: Մենք ընդունում են, որ տարկետման ներկայիս ինստիտուտը վերափոխման, վերաարժեվորման կարիք ունի, բայց դա պետք է արվի ոչ թե վերացման ձեւով, այլ կրթության եւ գիտության ոլորտում անհրաժեշտ փոփոխություններով՝ կոռուպցիոն ռիսկերը վերացնելով կամ նվազեցնելով: Պետք է խստացվեն ընթացակարգերը: Սա պետք է մտածեն համապատասխան պաշտոնյաները, որոնք ի պաշտոնե պետք է այդ գործառույթն իրականացնեն: Մենք սպասելու ենք պատասխանի: Տարկետման ինստիտուտը պետք է վերարժեւորվի, տեղերը պետք է վերանայվեն: Երբ կլինի կոնկրետ, թե ինչպես է այդ ամենն արվելու, այդ ժամանակ մենք մեր կարծիքը կհայտնենք»,-ընդգծեց Դավիթ Պետրոսյանը՝ հավելելով, որ իրենց պայքարը դադարել է հացադուլի ժամանակ, հիմա պայքարը սկսում են այնտեղից, որտեղից դադարեցվել է, այսինքն հացադուլ են սկսում:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Այս նախագծով առաջարկվում է սահմանափակել տարկետման իրավունքը, ինչին ուսանողները դեմ են: Նրանք հացադուլ ու դասդուլ էին հայտարարել, սակայն նոյեմբերի 15-ին՝ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ու փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո որոշել էին դադարեցնել պայքարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ