News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտոր Արամ Սիմոնյանը «ժամանակավրեպ քայլ» է որակում «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների այսօր՝ դեկտեմբերի 18-ին սկսած հացադուլը։

Նա «Ազատությանը» տված հարցազրույցում վստահություն է հայտնել, որ այս հացադուլը որեւէ դրական հետեւանք չի կարող ունենալ խնդիրների արծարծման կամ լուծման համար։

«Մենք չենք խանգարում նրանց, ժամանակավրեպ բան է. այդքան հանդիպումներ եղան, քննարկումներ եղան, բացատրություններ եղան։ Ժամանակավրեպ քայլ է, եւ բացարձակ որեւէ դրական հետեւանք չի կարող ունենալ խնդիրների արծարծման կամ լուծման համար։ Դա իրենց խնդիրն է։ Ուսանող են, իրենց իրավունք է մտնել լսարան, իրավունք ունեն համալսարանում լինել, մենք ոչ մի բան չենք պատրաստվում անել, ուղղակի քննաշրջան է սկսվում՝ ընթացիկ քննություններ եւ ստուգարքներ են, ուղղակի դրանք չխանգարվեն», - ասել է նա:

ԵՊՀ ռեկտորը կարծում է, որ ուսանողությունն այս անգամ անտարբեր կլինի։ «Ես կարծում եմ, որ սխալ ճանապարհ են ընտրել, կամ ինչ մտադրվել են անել, չի բխում ժողովրդի շահերից, գիտության զարգացման շահերից», - ասաց Սիմոնյանը։

ԵՊՀ ռեկտորը կարծիք է հայտնել, որ հացադուլ հայտարարած ուսանողները դրսից հանձնարարություն են ստացել. «Նրանք երեկ չէ առաջին օրն են եկել Լեհաստանից, հայտնի համաժողովից, բնականաբար, երեւի ինչ-որ առաջադրանքներ են ստացել ու առավոտյան եկել, մտել են լսարան ու հացադուլ են անում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ պետական մարմինների հետ քննարկումներում որեւէ արդյունքի չհասնելուց հետո «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությանը որոշել է դադարեցնել քննարկումները իշխանությունների հետ եւ նորից հացադուլ սկսել: Հացադուլ են հայտարարել նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանն ու Յուրա Ավագյանը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանափակել տարկետման իրավունքը, ինչին ուսանողները դեմ են: Նոյեմբերի 15-ին՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ու փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո ուսանողները որոշել էին դադարեցնել պայքարը: Նոյեմբերի 22-ին ԱԺ-ում կառավարության եւ խորհրդարանի հինգ ներկայացուցիչների հետ ավելի քան չորս ժամ տեւած քննարկում-բանավեճից հետո Դավիթ Պետրոսյանը հայտարարել էր՝ «տարկետում լինելու է» սկզբունքն արդեն դառնում է իրականություն:

Նշենք, որ նոր օրենքի համաձայն, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ եւ կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ:

Տպել
Ամենաշատ