News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Երեւանի պետական համալսարանի շենքում այսօր՝ դեկտեմբերի 18-ին, տարկետման իրավունքը սահմանափակելու դեմ պայքարող ուսանողները ակցիա են իրականացրել:

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, ուսանողները մտել են ԵՊՀ դահլիճ, որտեղ ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանի մասնակցությամբ ընթանում էր «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի քննարկումը, եւ թռուցիկներ են փակցրել փոխնախարարի գլխավերեւում:

Թռուցիկները եղել են հետեւյալ բովանդակությամբ. «Տարկետում լինելու ա», «ՊՆ կրթության եւ գիտության գործակալություն»:

Փոխնախարարը եւ քննարկման մասնակիցները անձամբ սկսել են փոկել թռուցիկները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ պետական մարմինների հետ քննարկումներում որեւէ արդյունքի չհասնելուց հետո «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությանը որոշել է դադարեցնել քննարկումները իշխանությունների հետ եւ պայքարը շարունակել այն կետից, որտեղ դադարել է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Facebook-ի իր էջում ուղիղ եթերի միջոցով հայտարարել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Այս նախագծով առաջարկվում է սահմանափակել տարկետման իրավունքը, ինչին ուսանողները դեմ են: Նրանք հացադուլ ու դասդուլ էին հայտարարել, սակայն նոյեմբերի 15-ին՝ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ու փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո որոշել էին դադարեցնել պայքարը:

Տպել
Ամենաշատ