News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հ2» հեռուստաալիքով հեռարձակվող «Օդից փող» հեռուստախաղի վերաբերյալ բողոքներին մեր նախորդ համարներից մեկում արդեն անդրադարձել էինք: Բողոքները հիմք էին հանդիսացել, որ ՄԻՊ աշխատակազմը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ ներկայացնի: Նշված հեռուստախաղի ընթացքում հաղորդավարը հնչեցնում է հարցեր, որոնց պատասխանելու համար հեռուստադիտողները կարող են զանգահարել էկրանին հայտնվող հեռախոսահամարով: Զանգի մեկ րոպեն արժե 540 դրամ: Գումարը սկսվում է հաշվվել այն պահից, երբ կատարվել է զանգը: Հաղորդավարին միանալ կարող է միայն պատահականության սկզբունքով ընտրված քաղաքացին:

«Ընտանիքի պաշտպանություն» ՀԿ–ն ևս բողոքներ է ստացել, որից հետո դիմել են նախ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով, հետո քաղաքացիներին խորհուրդ տվել դիմել իրավապահ մարմիններին:

«Հեռուստատեսությամբ հեռարձակվող նյութերը պետք է վերահսկվեն, որովհետև նախևառաջ հեռուստատեսությունը քարոզչամիջոց է: Այն մատչելի է յուրաքանչյուր քաղաքացու համար: Հաղորդումները չպետք է պարունակեն խաբկանք, սուտ և պրովոկացիոն նյութեր:

Դիմել եմ հանձնաժողով ու ասել, որ նշված հաղորդումը ակնհայտ խարդախություն է ենթադրում: Մարդկանց մոլորության մեջ են գցում: Անկախ իմ ներկայացրած փաստերից, ասացին, թե ամեն ինչ օրենքի սահմաններում է: Մինչդեռ պարզունակ հարցերով մարդկանց մոլորության մեջ են գցում, ու մարդիկ զանգում են՝ հուսալով, թե կարող են միանալ հաղորդավարին: Բայց իրենք չեն վերցնում: Հազարից մեկին կարող է պատասխանեն ու 10 հազար դրամն իբրև թե մրցանակ ողորմություն տան: Սա կոչվում է խաբեություն, սա քրեորեն պատժելի արարք է»,– ասաց ՀԿ նախագահ Արմեն Եփրեմյանը:

Վերջինս շեշտեց, որ ի թիվս բազմաթիվ բողոքների, իրենց Ստեփանավանից մի կին է դիմել. «Նա ասաց, որ երբ ծառայության մեջ գտնվող տղային է զանգել, խոսելաժամանակի 3000 դրամի շեմը գերազանցելուց հետո Ucom–ն անջատել է հեռախոսը: Այսինքն՝ այլևս հնարավոր չէր լինում զանգեր կատարել: Պատկերն այլ է եղել «Օդից փող» հաղորդմանը զանգահարելու ժամանակ: Կուտակվել են տասնյակ հազարավոր դրամներ, բայց հեռախոսը չի անջատվել: Այսինքն՝ այստեղ հաղորդաշարի և երեք օպերատորների միջև հանցավոր համաձայնություն կա՝ միասին փող են աշխատում»,–նշեց նա՝ հավելելով, որ հարցով ոստիկանություն են դիմել, բայց հայցը չի ընդունվել:

«Ասում են օրենքի սահմաններում է: Տարբեր կառույցների եմ դիմել, բայց գործը քննության չի վերցվել: Հետո դիմեցինք ՀՀ գլխավոր դատախազին, որովհետև այլ ճանապարհ այլևս չկար: ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալից դեկտեմբերի 14–ին պատասխան գրություն ստացա: Ըստ գրության՝ նա իմ դիմումն ուղարկել է Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատախազ Դ. Վեքիլյանին՝ ՀՀ քրեական դատավարության օրենքի 180–181–րդ հոդվածների կարգով ընթացքը լուծելու համար: Այսինքն՝ գործը վարույթ է ընդունվել»,– հայտնեց մեր զրուցակիցը:

Արմեն Եփրեմյանի խոսքով, կան բաներ, որոնք հստակ ուսումնասիրության կարիք ունեն: Պետք է նաև վերծանել, տեսնել, թե մեկ տարվա կտրվածքով բնակչության հաշվին քանի միլիոն դոլար շահույթ են ստացել: Անգամ եթե օրենքը բացեր ունի, որից օգտվում են, այնուամենայնիվ, ծրագիրը պետք է փակվի»,–ընդգծեց Ա. Եփրեմյանը՝ հավելելով, որ Գլխավոր դատախազին ուղղված դիմումը խարդախության հիմքով է ներկայացվել:

«Այն ենթադրում է, որ քրեորեն պատժելի արարք կա, և հանցակազմի մասնակիցները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն: Օգտագործելով մարդկանց հավատը՝ թալանում են: Ցանկացած խաբեություն այսպես է դրսևորվում»,– եզրափակեց ՀԿ նախագահը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ