Քրեական դատավարության օրենսգրքում չեն ներառվել «Ծառուկյան» դաշինքի առաջարկները՝ տեսաձայնագրել ձերբակալված, կալանավորված անձանց հարցաքննությունները։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» քննարկման ժամանակ նշեց Նաիրա Զոհրաբյանը։

«Ինչո՞ւ կառավարությունը կոնվեերային սիստեմով մերժեց «Ծառուկյան» դաշինքի շատ կարևոր առաջարկը, որը բխում էր Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների դեմ հանձնաժողովի առաջարկից՝ տեսաձայնագրել ձերբակալված, կալանավորված անձանց հարցաքննությունները: Դուք ասացիք, որ նոր քրեադատավարական օրենսգիրք է բերվելու ու այնտեղ այն ներառենք, բայց հերթական անգամ կառավարությունն իր խոսքի տերը չեղավ», - ասաց նա՝ դիմելով օրինագիծը ներկայացնող արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանին:

Զոհրաբյանը նշեց, որ համաձայն չէ օրենքում առաջարկվող այն փոփոխության հետ, որ անձը կարող է ցուցմունք չտալ, եթե ողջամտորեն ապացուցվի, որ դա կարող է օգտագործվել իր դեմ. «Ո՞վ է այդ ողջամտորեն ապացուցողը։ Եթե չապացուցվի, ուրեմն անձը պետք է ցուցմունք տա իր մերձավորի դեմ։ Ողջամտորեն բառը սարքել եք մանտրա միայն նրա համար, որ կոնկրետ կալանավորի վերաբերյալ կոնկրետ քաղաքական դրդապատճառներից ելնելով, ոնց ուզեք այդ բառը շահարկեք», - նշեց Զոհրաբյանը։

ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ի պատասխան՝ ասաց. «Մենք ապացույցի ձեռքբերման նոր տեսակների մասին այստեղ չենք խոսում, հետևաբար՝ ես ձեր հարցին այդ առումով չեմ կարող պատասխանել»:

Անդրադառնալով ցուցմունք տալու ողջամտությանը՝ փոխնախարարը նշեց.

«Անձն ինքն է ենթադրելու՝ այդ ցուցմունքը հետագայում իր մերձավորի դեմ օգտագործվելու է, թե ոչ, սակայն սա չի նշանակում, որ դա լինելու է բացարձակ իրավունք։ Եթե վկային կանչեն, ասեն դու էիր այնտեղ նստած, տեսար՝ Պողոսն էր և Պետրոսը, ո՞վ սպանեց Մարտիրոսին, կամ Պողոսն էր, կամ Պետրոսը, այդ դեպքում անձը չի կարող ասել՝ ոչ, ես կարծում եմ՝ սա իմ դեմ է օգտագործվելու, ոչինչ չեմ ասի։ Համաձայնեք, որ սա ողջամիտ չէ ու քրգործերում փակուղի կբերի։ Եթե վարույթ իրականացնող մարմինը կամ դատարանը գտնի, որ այստեղ ողջամտություն չկա, անձը կարող է կրել պատասխանատվություն՝ ցուցմունք չտալու համար», - նկատեց նա։