News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովում, այսօր՝դեկտեմբերի 20-ին արտահերթ նիստը սկսվեց վիճաբանությամբ: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը քվեարկության դրեց «Քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից օրինագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարց: Այն ընդունվեց 60 կողմ եւ 34 դեմ ձայներով:

Վարման կարգով ձայն խնդրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը եւ նշեց. «Մեր խմբակցությունը դեմ է քվեարկելու, որովհետեւ այսօրվա իրավակիրառ պրակտիկան թույլ տալիս է բողոքարկել ձերբակալման օրինականությունը, իսկ առաջարկվող նախագիծը սահմանափակում է մտցնելու: Միաժամանակ անձն իր դեմ ցուցմունք տալուց մինչ այժմ ազատվել է որպես ընդհանրապես լռելու իրավունք, իսկ այս օրինագիծը ենթադրում է, որ դատարանը պետք է գնահատի դրա ողջամտությունը»:

Կողմ ձայների մեջ հաշվարկվեց նաեւ Արփինե Հովհաննիսյանի ձայնը, որը ներկա չէր, սակայն նամակով տեղեկացրել էր ԱԺ նախագահին իր դիրքորոշումը:

Այս առնչությամբ Արտակ Զեյնալյանն ասաց. «Արփինե Հովհաննիսյանն այս ընթացքում չի եկել Հայաստան, երբ արտահերթ նիստի օրակարգն է հաստատվել, ինչպե՞ս է տվել իր դրական եզրակացությունը: Հրապարակեք նրա նամակը, դա էլեկտրոնային ստորագրությամբ փաստաթո՞ւղթ է»:

Արա Բաբլոյանը նշեց, որ էլեկտրոնային փոստով կամ գրավոր է ուղարկել. «Դուք կարող եք մոտենալ քարտուղարություն ճշտել, ես պարտավոր չեմ նամակն այստեղ ունենալ»:

Արտակ Զեյնալյանը նկատեց, որ ԱԺ կանոնակարգը նախատեսում է, որ ամեն անգամ քվեարկությունից առաջ պետք է բացվի ծրարը եւ տեղում իմանանք, թե նա ինչպես է քվեարկելու, նախապես ոչ ոք չպետք է դա իմանա, ինչին տեղից արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. ««Ոնց չգիտենք, մեր ֆրակցիայի անդամ է, կարող ա՞ թաքուն ա, արա»:

Տպել
Ամենաշատ