News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը պնդում է, որ պատահաբար է ստացվել, որ ինքը Դատական օրենսգրքում փոփոխությունների նախագծին կողմ է քվեարկել, ինչի արդյունքում ՀՀԿ-ին հաջողվեց անցկացնել խնդրահարույց նախագիծը: Այս մասին Ազիզյանը նշել է մեզ հետ զրույցում:

Նկատենք, որ եթե Նապոլեոն Ազիզյանը կողմ չքվեարկեր, նախագիծը կտապալվեր:

«Ձեռքս ուղղակի կպել էր: Ես  ասեցի, որ չէի քվեարկել, ասեցին՝ գնա հայտարարություն արա, որ չես քվեարկել, մինչեւ եկա, արդեն խոսակցությունը ավարտվել էր»,-արդարացավ Նապոլեոն Ազիզյանը:

Նշենք, որ նրա դիմումն այլեւս նշանակություն չունի, Ազիզյանը պետք է անմիջապես քվեարկությունից հետո հայտարարությամբ հանդես գար հենց նիստերի դահլիճում:

«Ոչ մերոնց, ոչ «Ելք»-ի խաղալիքն եմ, ոնց ուզենամ քվեարկեմ, տենց էլ  կանեմ, բայց քվեարկությունից հետո, որ այդ աժիոտաժը տեսա, գնացի քարտուղարություն ասեցի, մինչեւ եկա բանը բանից անցել էր, ի՞նչ ա եղել, դարձրել են եսիմ ինչ»,-վրդովվեց Ազիզյանը:

Նա ասաց, որ մինչեւ քվեարկությունը իրենց ֆրակցիան որոշել էր կողմ քվեարկել այդ օրենքին, դահլիճում են մտափոխվել, այդ պատճառով էլ չի համարում, որ կեղծիքով ՀՀԿ-ն անցկացրեց օրենքը:

«Չեմ համարում, որ կեղծիք է, որովհետեւ մինչեւ էդ «Ծառուկյան» դաշինքը որոշել էր կողմ քվեարկել, «Ելք» դաշինքը ազդեց, շատ ուժեղ մարդիկ են, միանգամից որոշումները փոխեցին»,-ասաց նա:

Ազիզյանը շեշտեց, որ այդուհանդերձ ինքն ընդդիմություն է իր խառնվածքով. «Բայց ես նենց ընդդիմություն չեմ, որ սեւ ակնոց դնեմ լավին՝ վատ ասեմ, վատին՝ լավ: ինչ կա , դա էլ ասում եմ: Առավոտը ֆրակցիայում ասել ենք, որ կողմ ենք քվեարկում այդ նախագծին»,-հայտարարեց Ազիզյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Դատական օրենսգրքի փոփոխությունների նախագիծն ընդունվել է 63 կողմ ձայներով ու մեծ աղմուկով:

Բանն այն է, որ այս օրենքն ընդունելու համար անհրաժեշտ էր պատգամավորների 3/5-ի ձայները՝ այսինքն առնվազն 63 ձայն, սակայն ցուցատախտակը ցույց էր տալիս, որ կողմ է քվեարկել 61 պատգամավոր: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի կոճակը չի աշխատել, եւս մեկ կողմ ձայն Արփինե Հովհաննիսյանի կողմից է, ով ներկա չէ նիստին, սակայն նախապես տեղեկացրել է, որ կողմ է քվեարկելու: Սակայն ընդդիմությունը պնդում էր, որ ըստ ցուցատախտակի, կողմ է քվեարկել նաեւ «Ծառուկյան» խմբակցությունից Նապոլեոն Ազիզյանը, ով իրականում դեմ է եղել:

Ազգային ժողովում քվերակությունից հետո խառնաշփոթ է սկսվել: «Ելք» դաշինքի պատգամավորները պահանջեցին օրենքի նախագիծը նորից դնել քվեարկության, սակայն նրանց պահանջը չկատարվեց: «Ելք»-ի պատգամավորները սկզբում սկսեցին բռունցքներով հարվածել սեղաններին, ապա հայտարարեցին, որ լքում են նիստերի դահլիճը եւ չեն մասնակցելու «կոմեդիա» քվեարկություններին:

Ավելի ուշ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ Արա Բաբլոյանը շփոթել է, «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը սահմանադրական օրենք չէ, ուստի անհրաժեշտ չէր 63 կողմ ձայներ:

Տպել
Ամենաշատ