News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի արտահերթ նիստն այսօր մեկնարկել է վիճաբանությամբ: Իրարանցում է առաջացրել Դատական օրենսգրքում փոփոխությունների եւ լրացումների նախագիծը: «Ելք»-ը հայտարարել է, որ դեմ է քվեարկելու, «Ծառուկյան» խմբակցությունից Գեւորգ Պետրոսյանն էլ կոչ է արել չմասնակցել քվեարկությանը: Բանն այն է, որ այս օրինագծի ընդունման համար անհրաժեշտ էր պատգամավորների 3/5-ի ձայները, այսինքն՝ առնվազն 63 ձայն: Եվ երբ Արա Բաբլոյանը հայտարարել է քվեարկության արդյունքները՝ 63 կողմ, «Ելք»-ի պատգամավորները հակադարձել են. սխալ հաշվարկ է եղել:

Խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ հաշվարկվել է նաեւ Արփինե Հովհաննիսյանի ձայնը, ով նամակով տեղեկացրել է իր դիրքորոշման մասին, իսկ Ռուստամ Մախմուդյանի ձայնը չի հաշվարկվել, քանի որ քվեարկության կոճակը չի աշխատել: Խնդիր է եղել նաեւ «Ծառուկյան» խմբակցությունից Նապոլեոն Ազիզյանի քվեարկության հետ կապված. պատգամավորը նախ «կողմ» է քվեարկել, իսկ հետո որոշել, որ սխալվել է, բայց նրա քվեն արդեն հաշվարկվել էր: Նիկոլ Փաշինյանի փաստարկները չեն համոզել Ազգային ժողովի նախագահին, կրկնակի քվեարկության պահանջն Արա Բաբլոյանը նույնպես մերժել է: Արդյունքում «Ելք»-ի պատգամավորները սկսել են աղմկել ու ձեռքով հարվածել սեղաններին: Խառնաշփոթին փորձել է վերջ դնել փոխխոսնակը: Հունից դուրս եկած Էդուարդ Շարմազանովը կարգուկանոն պահպանելու կոչ է արել:

«Ելք»-ի պատգամավորներն ի վերջո որոշել են լքել նիստերի դահլիճը: Շարմազանովը նրանց «բարի ճանապարհ» է մաղթել ու առաջարկել շարունակել աշխատանքը: Մինչ հեռանալը, սակայն, Փաշինյանը խոսքի իրավունք է խնդրել եւ խորհրդարանի քվեարկությունները «կոմեդիա» կոչել, որին իրենց խմբակցությունը մասնակցել չի ուզում:

Նապոլեոն Ազիզյանը խորհրդարանի միջանցքում լրագրողներին բացատրել է, թե ինչու է «շփոթվել» ու կողմ քվեարկել նախագծին: Ասել է՝ դիմել է Ազգային ժողովի քարտուղարություն եւ խնդրել չեղարկել իր քվեն: Էդուարդ Շարմազանովն էլ հավաստում է, որ քվեարկության ժամանակ նիստերի դահլիճում ո՛չ «Ծառուկյան» խմբակցությունից, ո՛չ անձամբ Նապոլեոն Ազիզյանից առարկություն չի եղել:

Հացադուլ հայտարարած ուսանողներից Յուրա Ավագյանի ինքնազգացությունը երեկ երեկոյան վատացել է: Նրան շտապօգնության մեքենայով հիվանդանոց են տեղափոխել: Մյուս հացադուլավորը՝ Դավիթ Պետրոսյանը, սակայն, նշում է, որ նա վերադարձել է ԵՊՀ եւ շարունակում է հացադուլը: Ուսանողի խոսքով՝ գիշերը լավ են անցկացրել: Հիշեցնենք, որ տարկետման իրավունքի սահմանափակման դեմ հանդես եկող ուսանողները դեկտեմբերի 18-ին հայտարարել էին իշխանության ներկայացուցիչների հետ շուրջ մեկ ամիս տեւած բանակցությունները դադարեցնելու եւ պայքարը վերսկսելու մասին: «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության երկու անդամները հացադուլ են հայտարարել ու փակվել համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում:

Արարատի մարզում այսօր խոշոր վթար է տեղի ունեցել: Երեւան-Երասխ ավտոճանապարհին 53 տրանսպորտային միջոց է բախվել: Խոշոր պատահարի հետեւանքով 6 մարդ տարբեր վնասվածքներով հիվանդանոցներ է տեղափոխվել: Ականատեսների տեղեկացմամբ՝ վթարված մեքենաների շղթան շուրջ 1.5 կմ է ձգվել: Վթարի պատճառը, ըստ վարորդների, սառած ճանապարհն ու մառախուղն է:

Տոներին ընդառաջ թանկացումներն արդեն նկատելի են եւ, փորձագետների կարծիքով, գնաճը շարունակվելու միտում ունի: Ամանորի սեղանը Հայաստանի քաղաքացիներին 12 տոկոսով ավելի կարժենա, քան նախորդ տարի: Փորձագետ Բաբկեն Պիպոյանը հավաստում է, որ տոների մոտենալուն զուգահեռ սպառողական շուկայում իրական գնաճն ավելացել է 20 տոկոսով: Մասնավորապես, մսամթերքը թանկացել է 20 տոկոսով, ալկոհոլային խմիչքները՝ 12-13 տոկոսով: Բաբկեն Պիպոյանի կանխատեսմամբ՝ գնաճ է սպասվում նաեւ գյումթերքի շուկայում:

Դոլարը շարունակում է թուլանալ, իսկ եվրոն թանկացել է եւս մեկ դրամով: Դոլարի փոխարժեքը դեկտեմբերի 20-ին կազմել է 481 դրամ, եվրոյինը՝ 570, ռուբլունը՝ 8 դրամ 21 լումա, ֆունտինը՝ 644 դրամ:

Դեկտեմբերի 21-ի գիշերն ու 22-ի ցերեկը հանրապետության շրջանների մեծ մասում տեղումներ են սպասվում: Օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +1+3, ցերեկը՝ +4+6 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ