Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամները վստահեցնում են, որ նախօրեին «Դատական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ անելու մասին օրենքի նախագիծն ընդունվել է 63 կողմ ձայնով եւ որեւէ խախտում տեղի չի ունեցել:
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խորհրդարանում, անդրադառնալով նախօրեին մեծ աղմուկով ընդունված նախագծին, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց. «Ինձ համար տարօրինակ է, որ գալիս են մեր հարգարժան գործընկերներն ու նույն բանի մասին կարծիք են հայտնում, խմբակցության ղեկավարը նախօրեին իր դիրքորոշումը հայտնել է, մենք էլ այն ի գիտություն ընդունել ենք: Ռուստամ Մախսուդյանի կոճակը որ չի աշխատել, եթե կրկնակի քվեարկություն անեինք, աշխատելո՞ւ էր կոճակը: ԱԺ հանձնաժողովը մեզ տվել է նախագիծը որպես սահմանադրական օրենք, մենք ընդունել ենք ի գիտություն եւ ընդունել ենք 63 կողմ ձայնով»:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ նշեց, որ սահմանադրական օրենք լինել-չլինելու հետ կապված հարցը մասնագիտական է եւ արդարադատության նախարարությունը ԱԺ պետաիրավական հանձնաժողովի հետ կքննարկի այն:
«Ելք»-ի համար օրենքը կարեւոր չէր, ցանկանում են ցույց տալ, որ ԱԺ մեծամասնությունը չի կարողանում իրավիճակին տիրապետել, բայց դա այդպես չէ: Ռուստամ Մախսուդյանի կոճակը չի աշխատել ի սկզբանե, երբ նման դեպքեր էլի են եղել, կոճակը չի աշխատել, մարդիկ ձեռք են բարձրացրել ու իրենց դիրքորոշումը հայտնել, բայց դուք հիմա այն մատի փաթաթան սարքեցիք: Նոր տարուց առաջ ինչքան ցանկանաք տրամադրություններ գցել, ձեզ չի հաջողվի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին Դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվել է մեծ աղմուկով: Ի սկզբանե Արա Բաբլոյանը հայտարարել էր, որ քվեարկության է դրվում սահմանադրական օրենք, որի ընդունվելու համար անհրաժեշտ է 63 ձայն, սակայն, նախագիծն ընդունվեց 61 կողմ ձայնով: ԱԺ նախագահը նշել էր, որ պատգամավոր Մախմուդյանի կոճակը չի աշխատել, «ընդունվեց» նրա բանավոր հայտարարությունը, թե ինքը կողմ է նախագծին: «Ելք» խմբակցության պատգամավորը, սակայն, պահանջել էին կրկին քվեարկության դնել օրինագիծը, ԱԺ նախագահը մերժել էր այն եւ անցել հաջորդ նախագծի քվեարկությանը: Որպես բոյկոտի նշան՝ «Ելք»-ի անդամները լքել էին նիստերի դահլիճը: Ավելի ուշ արդեն արդարադատության նախարարն ու ԱԺ մամուլի ծառայությունը պարզաբանեցին, թե «շփոթմունք» է տեղի ունեցել, սահմանադրական օրենք չի դրվել քվեարկության:




























