News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Խորհրդարանական մեծամասնությունը ՀՀ Սահմանադրությունը սարքեց ջնջոց՝ խախտելով բոլոր օրենքները եւ կայացնելով անօրինական որոշումներ: Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խորհրդարանում, անդրադառնալով նախօրեին առաջին ընթերցման ժամանակ մեծ աղմուկով ընդունված «Դատական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ անելու մասին օրենքի նախագծին  ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Բավական չէ՝ Կառավարությունը, Ազգային ժողովին համարելով իրեն կցված ֆայլ, հսկայական նախագծեր է բերում եւ պարտադրում պատգամավորներին, որ պրոֆեսիոնալ կարիք հայտնեն, երեկ էլ մենք ականատես եղանք՝ ինչպես Ազգային ժողովի եւ Կառավարության մտքի տիտանները, կախված պահի նպատակահարմարությունից, որոշում էին՝ սահմանադրական է օրենքը, թե ոչ: Այս զոռբայությունը եւ մայր օրենքը պոլի շոր սարքելը «Ծառուկյան» խմբակցության համար անընդունելի է: Որպես բողոքի նշան՝ մենք լքում ենք նիստերի դահլիճը»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին Դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է մեծ աղմուկով: Ի սկզբանե Արա Բաբլոյանը հայտարարել էր, որ քվեարկության է դրվում սահմանադրական օրենք, որի ընդունվելու համար անհրաժեշտ է 63 ձայն, սակայն, նախագիծն ընդունվեց 61 կողմ ձայնով: ԱԺ նախագահը նշել էր, որ պատգամավոր Մախմուդյանի կոճակը չի աշխատել, «ընդունվեց» նրա բանավոր հայտարարությունը, թե ինքը կողմ է նախագծին: «Ելք» խմբակցության պատգամավորը, սակայն, պահանջել էին կրկին քվեարկության դնել օրինագիծը, ԱԺ նախագահը մերժել էր այն եւ անցել հաջորդ նախագծի քվեարկությանը: Որպես բոյկոտի նշան՝ «Ելք»-ի անդամները լքել էին նիստերի դահլիճը: Ավելի ուշ արդեն արդարադատության նախարարն ու ԱԺ մամուլի ծառայությունը պարզաբանեցին, թե «շփոթմունք» է տեղի ունեցել, սահմանադրական օրենք չի դրվել քվեարկության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ