Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը պնդում է` Բունդեսթագի բանաձեւի ընդունումից հետո Էրդողանին նամակ է գրել` պոլսահայերի շահերից ելնելով: Այս մասին այսօր` դեկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նա: Ինչ շահեցին պոլսահայերը այս նամակից, արքեպիսկոպոս Աթեշյանը պատասխանեց:

«Ոչ մի բան, ես նայել եմ բոլոր իմ նախկինների գրածները, բոլորն էլ այդ ձեւով գրած են, ես դա արել եմ պոլսահայերի շահի համար: Ես այդ նամակում չեմ գրել, որ ցեղասպանություն չի եղել, ոչ էլ ասել եմ` եղել է: Ցեղասպանության հետ կապված կարծում եմ, որ երկրորդ երկրները մեզ որպես ջոկերի թուղթ պետք է չօգտագործեն, իրենց շահի համար պետք է չօգտագործեն, սա Հայաստանի եւ Թուրքիայի խնդիրն է: Ես Պոլսո համայնքի փոխանորդն եմ եւ այդ համայնքն է ինձ հետաքրքրում: Նախկիններիս նայելով եմ ճանապարհ ելել, չեմ ապստամբել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Բունդեսթագի բանաձեւի ընդունումից հետո նամակ էր գրել Էրդողանին` հայ համայնքի անունից քննադատելով Գերմանիայի որոշումը՝ պնդելով, թե իմպերիալիստները հայկական հարցն ու հայերի վիշտը օգտագործում են իրենց շահերի համար։ Նամակում Աթեշյանը ափսոսանք էր հայտնել Գերմանիայի ընդունած բանաձեւի համար։