News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հանրապետության Նախագահի անունից այսօր Նախագահի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Սերժ Սարգսյանը շնորհավորել ու բարեմաղթանքներ է հղել գործարարներին գալիք տոների առթիվ:

Շնորհավորական խոսքում Նախագահն անդրադարձել է անցնող 2017 թվականի տնտեսական տարվա արդյունքներին եւ 2018 թվականից ակնկալիքներին:

«Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք,

Հարգելի՛ գործարարներ,

Ջերմորեն ողջունում եմ ձեզ նախագահական նստավայրում եւ ուրախ եմ, որ այսպիսի հանդիպումները դարձել են բարի ավանդույթ՝ Ամանորի նախաշեմին մենք հավաքվում ենք, միմյանց շնորհավորում եւ մաղթում հաջողություն: Առաջին հերթին ցանկանում եմ, որ 2018 թվականին ձեր ընտանիքներում տիրեն սերը, փոխհասկացվածությունը, հարգանքը, ցանկանում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը 2018 թվականին ավելի շատ երջանկության եւ բավարարվածության զգացողություն ունենա: Դա շատ կարեւոր է մեր երկրի, մեր հասարակության համար, որովհետեւ գաղտնիք չէ, որ ձեր հաջողությունները նշանակում են տնտեսական աճ, նշանակում են նոր աշխատատեղեր, նշանակում է բարեկեցություն: Մաղթում եմ, որ 2018 թվականին շարունակեք այն ձեռքբերումները, որ ունեցել ենք 2017 թվականին, ոչ միայն շարունակեք ձեր գործը, ոչ միայն ընդլայնեք, այլ նաեւ դառնաք նոր գաղափարների, նոր նախաձեռնությունների հեղինակներ: Դրա համար, կարծում եմ, երկու անհրաժեշտ պայման կա. առաջինը՝ ձեր կողմից ցանկություն, աշխատասիրություն, մտածելու երկար ժամանակ եւ երկրորդ՝ փոխվստահություն եւ համագործակցություն կառավարության հետ:

Կարծում եմ, որ 2017 թվականը կարելի է բնութագրել որպես կառավարության տնտեսական ոլորտի մարմինների եւ գործարարների համագործակցության տարի: Այս առումով, բոլորդ էլ պետք է որ ինչ-որ չափով գոհ լինեք, որովհետեւ երբ հունվարի 1-ից նոր ՀՀ Հարկային եւ ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքերը մտնեն ուժի մեջ, ապա բոլորդ տեսնելու եք եւ, հավանաբար արդեն համոզվել եք, որ ձեր գրեթե բոլոր առաջարկությունները, որոնք հնչել են ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ ֆորմալ հանդիպումների ժամանակ, այնտեղ հաշվի են առնվել: Ես վստահ եմ, որ մենք 2018 թվականին ունենալու ենք շատ ավելի լավ արդյունքներ, քան 2017-ին, որովհետեւ 2017-ին արդեն բավականաչափ նախադրյալներ են ստեղծվել, որպեսզի տարին փակենք բավարար տնտեսական աճով: Կանխատեսումներ չանեմ, բայց կարծում եմ տնտեսական աճ 6 տոկոսից ավելին ենք ունենալու: Փառք Աստծո, տնտեսական ակտիվության գործակիցը բավականաչափ մեծ է. արդեն 11 ամիսների ընթացքում մենք ունեցել ենք աննախադեպ՝ 2 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք արտահանման ցուցանիշ, որը մեր ՀՆԱ-ի 20 տոկոսն է: Մենք երբեք այդպիսի ցուցանիշ չենք ունեցել: Մեր առեւտրաշրջանառությունն արդեն 11 ամիսների ընթացքում գերազանցել է 6 միլիարդ դոլարի շեմը՝ արտաքին առեւտրաշրջանառության մասին է խոսքը, բայց որ չափազանց կարեւոր է՝ նաեւ կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել, որովհետեւ 2012-2013 թվականներին մենք ունեցել ենք գրեթե 6 միլիարդանոց արտաքին առեւտրաշրջանառություն, որտեղ, օրինակ, պատրաստի սննդի արտահանումը այդ ցուցանիշում եղել է 12-13 տոկոս, իսկ հիմա գրեթե հասնում է մեկ քառորդի: Սա շատ լավ եւ կարեւոր ցուցանիշ է: Ակնհայտ է, որ այսպիսի ցուցանիշները դրական են ազդում ֆինանսական, մակրոտնտեսական կայունության վրա:

Տեսնում եք, որ առաջին անգամն է տեւական ժամանակահատվածում, երբ դեկտեմբեր ամսին մեր հարազատ հայկական դրամը որեւէ ճնշումներ չի զգում, ընդհակառակը՝ փորձում է բարելավել իր դիրքերը: Այս ամբողջը փոխկապակցված է, եւ կարծում եմ, որ այս փոխկապակցվածության մեջ հիմնական դերակատարությունը ձերն է, այնպես որ՝ բոլորիդ առաջարկում եմ նույն տեմպով կամ ավելի, շարունակեք աշխատանքը՝ հատկապես հաշվի առնելով, որ 2018 թվականի գարնանը մեր նոր Սահմանադրությունը ամբողջապես մտնելու է ուժի մեջ: Բայց ես ակնկալում եմ ձեզնից, որպես մեր հասարակության կարեւոր մաս, որ դուք էլ շատ պարագաներում բարեփոխեք ձեր աշխատանքը: Առաջարկում եմ, որպեսզի 2018 թվականին բոլորս միասին հասնենք նրան, որ ոչ պաշտոնական՝ չփաստաթղթավորված, շրջանառությունը հասցնենք նվազագույնի: Մենք վարչապետի, կառավարության հետ նախնական պայմանավորվել ենք, որ պիտի այնպես անենք, որպեսզի 2018 թվականին ամբողջովին կարգավորենք փաստաթղթաշրջանառությունը: Սա օգտակար է բոլորիս՝ եւ՛ ձեզ, եւ՛ պետության, մեր բանակի ու մեր մանկավարժների, բոլորի համար:

Բոլորիդ կոչ եմ անում առանց սպասելու, առանց որեւէ մեկի դրդման ինքներդ անցնեք այդ ճանապարհը: Մենք էլ մեր կողմից կանենք հնարավորը, որպեսզի համագործակցությունը լինի իրական, այլ ոչ թե՝ որպես ստուգող, կամ, չգիտեմ, պատժող մարմնի եւ բիզնեսով զբաղվող մարդու միջեւ:

Մեկ անգամ եւս բոլորիդ մաղթում եմ առողջություն, հաջողություն եւ կրկնեմ՝ բավարարվածության շատ երկար պահեր: Սա բոլորիս աշխատանքում կարեւոր է:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»,- ասել է Հանրապետության Նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ