Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփից զանգի էր սպասում մինչ այն, երբ Սպիտակ տան ղեկավարը հայտարարեց Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին որոշումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Թրամփը դեկտեմբերի սկզբին հայտարարել էր Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին եւ հրաման էր ստորագրել Թել Ավիվից ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու մասին: ԱՄՆ նախագահի որոշումը դրական էր ընդունվել Իսրայելում եւ աշխարհի շատ երկրների բացասական արձագանքն առաջացրել, առաջին հերթին՝ Մերձավոր Արեւելքի երկրների եւ Պաղեստինի:
Դեկտեմբերի 21-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեան բանաձեւ էր ընդունել Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ ԱՄՆ որոշումը չընդունելու մասին, հինգշաբթի քվեարկության ընթացքում փաստաթղթի օգտին էր քվեարկել 128 երկիր, 9-ը՝ դեմ, եւ 35-ը ձեռնպահ էր մնացել:
«Մենք ԱՄՆ ղեկավարի հետ այս կամ այն հարցով կապ ենք հաստատում: Սակայն ներկայումս հեռախոսային բանակցություններով դեռեւս չի ընդունվել կոնկրետ որոշում: Ցանկալի կլիներ, որ Թրամփը եւս մեզ զանգահարեր: Մենք սկզբից եւեթ սպասել ենք, որ նա մեզ կզանգահարի՝ նախքան իր որոշման մասին հայտարարելը: Ես կարծում եմ, որ այս սխալը չէր կատարվի, եթե Թրամփը մեզ հետ խորհրդակցեր»,- Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Էրդողանը:
Նրա խոսքով՝ այդ սպասումները պայմանավորված էին այն հանգամանքով, որ Թուրքիան հիմա նախագահում է Իսլամական համագործակցության կազմակերպությունում: