News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը ներկայացնում է Թուրքիային նվիրված Վանգ Սիուցիոնգի եւ Ջենգ Ցզինֆի հոդվածը, որը հրապարակել է չինական պետական Սինհուա լրատվական գործակալությունը:

Մուսուլմանական Թուրքիան կամուրջ է Եվրոպայի եւ Ասիայի միջեւ: Թուրքիան երկար ժամանակ համարվում էր Եվրոպայի ծայրամասը, մինչեւ Օսմանյան կայսրության տարածքում 1923-ին չստեղծվեց արեւմտյան ուղղվածությամբ հանրապետությունը:

Եվրամիության անդամակցության խոստումներից հիասթափված Թուրքիան այսօր դարձյալ սկսել է սերտ կապեր հաստատել Մերձավոր Արեւելքի երկրների հետ` Արեւմուտքին ստիպելով կասկածել թուրքական ինքնության հարցում:

Թուրքիայի ղեկավարությունը եւ փորձագետներն ասում են, թե Թուրքիայի որդեգրած քաղաքականությունը ոչ թե Արեւմուտքից Արեւելք անցում է, այլ` համընդգրկուն արտաքինքաղաքական մոտեցում է, որը պատասխան է փոփոխվող տարածաշրջանային միջավայրին:

Foreign Policy-ի պարբերականում հրապարակած հոդվածում Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն մայիսին գրեց, որ Թուրքիայի ուղղվածությունն ու Արեւմուտքի հետ ռազմավարական միությունը գերազանց զուգակցվում են Իրաքի, Իրանի, Կովկասի, մերձավորարեւելյան խաղաղ գործընթացի եւ Աֆղանստանի հարցերում ունեցած ներգրավվածության հետ:

Նրանք, ովքեր Արեւմուտքում համարում են, որ Թուրքիան հեռանում է իրենցից` ունեն այդպես կարծելու հիմքեր: Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի ավանդական դաշնակից Թուրքիան կողմ չարտահայտվեց Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելուն եւ քննադատեց Իսրայելի քաղաքականությունը Պաղեստինում: Թուրքիան հաջողություն չունենալով Եվրամիությանն անդամակցելու գործընթացում` մերձենում է Ռուսաստանի հետ ատոմային էլեկտրակայանների շինարարության եւ գազամուղի հարցում: Թուրքիան, վիզայի վերացման եւ բիզնես նախագծերի պայմանագրեր ստորագրելով,  շարունակում է սերտ կապեր փնտրել Սիրիայի հետ, որը երկար ժամանակ մրցակից էր:

Դավութօղլուն հայտարարում է, որ Թուրքիան չի ցանկանում պատժամիջոցներ, մեկուսացում, առեւտրային արգելքներ տարածաշրջանում եւ ուզում է իր տնտեսությունը կապել հարեւան բոլոր երկրների հետ: Թուրքիան քաղաքական կայունություն ու անվտանգություն է փնտրում:

Դավութօղլուն արտագործնախարար է նշանակվել անցած տարի եւ Թուրքիայի «հարեւանների հետ զրո հիմնախնդիր» արտաքինքաղաքական հայեցակարգի գլխավոր ճարտարապետն է: Դրա մեջ են մտնում Հայաստանի հետ արձանագրությունների ստորագրումը, որը պետք է վերջ դներ գրեթե մեկ դար շարունակվող թշնամությանը, Իրաքի հետ փոխվստահության կառուցումը` քրդերի դեմ պայքարում հաջողություն ունենալու նպատակով, Բալկաններում դերակատարության ակտիվացումը, տարածաշրջանային մրցակից Հունաստանի հետ հարաբերությունների բարելավումը:

Ոմանք կարծում են, որ Թուրքիայի արտաքինքաղաքական հաջողության պատճառը Մերձավոր Արեւելքում փոփոխվող սցենարն է: Սիրիան, Իրանը եւ Իրաքն ունեն Թուրքիայի կարիքը, կարծում է Անկարայի Մերձավորարեւելյան տեխնիկական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսոր Սուհա Բոլուկբասին:

Նրա խոսքով, Իրաքում բոլորը` սունիները, շիաները, քրդերն իրենց գոյության համար ունեն Թուրքիայի աջակցության կարիքը: Սիրիան ու Իրանը մեկուսացված են Արեւմուտքի կողմից եւ նրանց պետք է պահեստային ելք, որն էլ հանդիսացավ Թուրքիան:

Թուրքիայի քաղաքական տնտեսական հետազոտական հիմնադրամի փորձագետ Նիլգուն Արիսան Էրալփը նշում է, որ Անկարայի արտաքին քաղաքականությունը ԽՍՀՄ փլուզումից հետո տարածաշրջանում ստեղծված վակուումի եւ Իրաք ու Աֆղանստան ամերիկյան զորքեր մտնելու արդյունքն է: Տարածաշրջանային առաջատարի բացակայության պայմաններում Թուրքիան ամենազարգացած պետությունն էր, որը գերազանցում էր մյուսներին:

Օգտագործելով նոր հնարավորությունները` Թուրքիան խթանեց իր տարածքի հետամնաց հարավ-արեւլքի զարգացումը: Այդ շրջաններից արտահանումը Սիրիա եւ Իրաք աճեց 12,5 տոկոսով` 2009-ին կազմելով 4,5 միլիարդ դոլար: Նույն ժամանակահատվածում երկրի արտահանումը համաշխարհային ճգնաժամի պատճառով նվազեց:

Թուրքիան հայացք է գցում նաեւ Աֆրիկայի եւ Չինաստանի վրա: Վերջին շրջանում Աֆրիկայում բացվել է թուրքական 15 դեսպանատուն, Չինաստանի հետ կնքվել է տնտեսական եւ մշակութային 8 պայմանագրեր:

Հաշվենկատությանը զուգընթաց Թուրքիայի նոր քաղաքականության մեջ զգացնում է նաեւ հզոր գաղափարախոսական եւ կրոնական շերտ, որն օգնում է ընկերներ գտնել Մերձավոր Արեւելքում:

Էրդողանն Իսրայելի դեմ սուր քննադատությամբ հանդես գալու շնորհիվ հերոս է դարձել արաբական փողոցում: Սակայն Էրալփի կարծիքով, Էրդողանն ու իր կուսակցությունը կրոնական գործիքներն օգտագործում են ոչ թե կրոնի ազդեցության մեծացման, այլ քաղաքական եւ տնտեսական շահի համար. Թուրքիայի արտաքին քաղաքականությունն իրատեսական է:

Թուրքիայի նոր արտաքին քաղաքականության արդյունքը եղավ նաեւ Եվրամիության հարցով երկրի հասարակական կարծիքի փոփոխությունը:

Թուրքական Հանրապետությունը ստեղծման օրվանից հավատարմորեն հետեւել է եվրոպական մոդելին: Թուրքիան Սառը պատերազմի ժամանակ Արեւմուտքի դաշնակիցն էր եւ դեռեւս 1987-ին ներկայացրեց եվրոպական համայնքի մաս դառնալու հայտ:

Միայն 1999-ին Թուրքիան դարձավ թեկնածու, վեց տարի էլ անցավ մինչեւ սկսվեցին անդամակցության բանակցությունները: Եվրամիության 35 պահանջներից 13-ը դեռ բաց են: Ամենալուրջ արգելքը Կիպրոսի հիմնախնդիրն է:

Եթե 2004-ին Թուրքիայի բնակչության 70 տոկոսը կողմ էր Եվրամիությանն  անդամակցելուն, ապա այսօր այդ ցուցանիշն ընդամենը 38 տոկոս է:

Ավելի բարդացրին վիճակը Գերմանիան ու Ֆրանսիան, որոնք դեմ դուրս եկան Թուրքիայի անդամակցությանը:

Առայժմ վաղ է խոսել թուրքական արտաքին քաղաքականության առանցքի փոփոխության մասին: Եվրամիությունն առայժմ մնում է առաջնահերթություն Թուրքիայի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ