News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ պաշտոնական այցով Վրաստան է ժամանել: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Վրաստանի նախագահի նստավայրում մեկնարկել է Սերժ Սարգսյանի եւ Գեորգի Մարգվելաշվիլիի առանձնազրույցը, որի հաջորդել են ընդլայնված կազմով հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները:

Վրացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում էլ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Վրաստանը ԵՏՄ երկրներում իր արտադրանքի արտահանման եւ վաճառքի նպատակով կարող է օգտագործել Հայաստանի հնարավորություններն ու ազատ առեւտրի գոտիների առկայությունը: NEWS.am-ի թղթակիցը Թբիլիսիից հաղորդում է, որ նախագահը խոսել է նաեւ հայ-իրանական սահմանին բացված ազատ առեւտրի գոտու մասին՝ նշելով, որ այն նույնպես Վրաստանի համար հիանալի հնարավորություն է: Գործընկերներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հարցերի՝ կարծիք հայտնելով, որ երկարաժամկետ հակամարտությունները պետք է լուծվեն միայն համաձայնեցված ձեւաչափերում խաղաղ բանակցությունների միջոցով: Այցի շրջանակում Հայաստանի նախագահը կհանդիպի նաեւ Վրաստանի վարչապետի, խորհրդարանի խոսնակի եւ Վրաց պատրիարք Իլյա 2-րդի հետ: Վաղն արդեն՝ դեկտեմբերի 26-ին Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան: Մոսկվայում նա կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

Պոլիտեխնիկական համալսարանի բակում տեղադրված տոնածառի տակ այսօր կասկածելի տուփ են գտել: Դեպքի վայր մեկնած փրկարարները տարհանել են համալսարանում գտնվողներին: Ավելի ուշ պարզվել է, որ տուփի մեջ 4 հատ տոնական ճայթուկ եւ 3 շիշ խմիչք է: Տուփի վրա գրված է եղել համալսարանի ռեկտորի անունը: Առայժմ տեղեկություններ չկան այն մասին, թե ով է աղմուկ բարձրացրած կատակի հեղինակը:

Մոսկվայում ողբերգական պատահար է տեղի ունեցել. ավտոբուսը մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Այն դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ հայտնվել հետիոտնի համար նախատեսված ստորգետնյա անցման աստիճաններին: Վրաերթի հետեւանքով 5 մարդ է զոհվել, 15 տուժած կա: Ավտոբուսի վարորդը ձերբակալվել է: Առայժմ պատահարի երկու վարկած է դիտարկվում. կա՛մ վարորդը փորձել է խուսափել այլ մեքենայի հետ բախումից, կա՛մ խափանվել են ավտոբուսի արգելակները:

Երեք օր շարունակ վրաց-ռուսական սահմանի Վերին Լարսի անցակետը փակ էր: Արդյունքում հայկական համարանիշերով բազմաթիվ բեռնատար եւ մարդատար մեքենաներ սահմանին խցանման մեջ են հայտնվել: Պատճառը Վրաստանում՝ Կազբեգի անցակետի հատվածում իրականացվող ձնամաքրման աշխատանքներն են. այստեղ ձնահոսքի վտանգ կա: Ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ ռուսական կողմում 282 տրանսպորտային միջոց է կուտակվել, որից 32-ը մարդատար ավտոմեքենա են, եւս 3-ը՝ ավտոբուս:

Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունն էլ տեղեկացնում է, որ Վերին Լարսում մնացած Հայաստանի քաղաքացիներին Ռուսաստանի ԱԻՆ-ը վրաններ է տրամադրել, ինչպես նաեւ դաշտային խոհանոց՝ քաղաքացիներին տաք սնունդ եւ անհրաժեշտ այլ օգնություն ցուցաբերելու համար: Օրվա երկրորդ կեսին արդեն անցակետը բացվել է մարդատար մեքենաների համար:

Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը ստացվել է. ամուսնուն սպանելու մեջ մեղադրվող Ռուզաննա Մկրտչյանը մեղսունակ է ճանաչվել: Համալիր փորձաքննության արդյունքների համաձայն՝ կինը երբեք հոգեկան հիվանդությամբ չի տառապել եւ չի տառապում: Նշենք, որ Մանուկ Սիմոնյանին սպանելու մեջ մեղադրվող 46-ամյա Ռուզաննա Մկրտչյանը կալանավորված է:

Հիշեցնենք, որ պաշտոնյային մահացած էին հայտնաբերել հուլիսին: Ըստ տեղեկությունների՝ կինը պարբերաբար բռնության է ենթարկվել Մանուկ Սիմոնյանի կողմից: Ամուսինների միջեւ հերթական վիճաբանությունը տեղի է ունեցել հուլիսի 22-ին: Դրանից հետո Սիմոնյանը քնել է, իսկ կինը կացնով սպանել է ամուսնուն եւ որդու օգնությամբ մարմինը թաքցրել մարզի Դալարիկ գյուղի մերձակա ձորում: Պաշտոնյայի դին հայտնաբերել են 4 օր անց:

Հայաստանի տարվա լավագույն մարզիկ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության անցկացրած «Տարվա 10 լավագույն մարզիկների» մրցույթի արդյունքներով երկրորդ տեղում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն է, լավագույն եռյակը եզրափակում է հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը: Նշենք, որ տարվա լավագույն մարզիկների տասնյակը կազմվել է SMS քվեարկության եւ մարզական լրագրողների քվեարկության արդյունքում: Ի դեպ՝ լրագրողների քվեարկությամբ առաջին տեղում Արթուր Ալեքսանյանն է եղել, սակայն SMS քվեարկության արդյունքում մեծ առավելությամբ հաղթել է Հենրիխ Մխիթարյանը: Ընդհանուր առմամբ, մարզասերները 29092 հաղորդագրություն են ուղարկել:

Դոլարի անկումը դադարեց, փոքր-ինչ թանկացել է նաեւ եվրոն: Դոլարի փոխարժեքը դեկտեմբերի 25-ին կազմել է 481 դրամ, եվրոյինը՝ 569, ռուբլունը՝ 8 դրամ 29 լումա, ֆունտինը՝ 643 դրամ:

Դեկտեմբերի 26-30-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար 4-5 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -1+1, ցերեկը՝ +8+10 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ